Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՆ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Դեկտեմբեր 04,2003 00:00

ՕՊԵՐԱՆ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է Դեկտեմբերի վերջին (օրը դեռ ճշտված չէ) Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի առաջ կներկայանա վերանորոգված տեսքով։ Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հավաստմամբ, բացումը կնշանավորվի մեծ գալա համերգով, կլինեն հյուրեր Մոսկվայի Մեծ եւ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններից։ «Շատ ենք ուզում, որ գեղեցիկ գալա համերգ լինի, որովհետեւ սկսում ենք նաեւ մեր թատրոնի հոբելյանական՝ 70-րդ թատերաշրջանը։ Ողջ կոլեկտիվը պատասխանատու վերաբերմունք ունի միջոցառման նկատմամբ»,- ասաց Կ. Հովհաննիսյանը։ Գալա համերգից հետո՝ հունվար ամսից կսկսվեն Օպերային թատրոնի ընթացիկ ներկայացումները, որոնց հերթականությունը դեռեւս ճշտված չէ։ Տնօրենը նշեց, որ «բոլոր ներկայացումների մեխը «Գայանե» բալետն է լինելու», որը 30 տարի առաջ էր բեմադրել Վիլեն Գալստյանը։ Թատրոնի գլխավոր բալետմայստեր Վ. Գալստյանն էլ տեղեկացրեց, որ նոր «Գայանեն» (դարձյալ իր բեմադրությամբ)՝ Մինասի էսքիզներով, նոր հագուստներով ու դեկորներով, համարյա պատրաստ է ու 2004-ի սկզբին կհանձնվի հանդիսատեսի դատին։ «Փետրվարին պատրաստ կլինի նոր «Անուշը»։ Բեմադրիչը Գեղամ Գրիգորյանն է։ Առանձնապես նորամուծություններ չեն լինելու, որովհետեւ «Անուշը» մի ուրիշ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։ Այս օպերայի ձեւավորումը եւս թարմացված է՝ համահունչ ժամանակի պահանջներին»,- ասաց բալետմայստերը։ Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ «Անուշի» հարսանիքի տեսարանում փոքրիկ նորամուծություն կա՝ վրացի կերպարներ։ «Հնարավոր է լինեն Կովկասի ներկայացուցիչներ, որովհետեւ Լոռին մոտ է Թիֆլիսին։ Օրինակ, «Գայանե» բալետում էլ հանճարեղ պար կա՝ «Լեզգինկա», որը հայկական չէ, բայց մենք հայկականացրել ենք։ Գեղամ Գրիգորյանը դեռ պիտի տեսնի ինչպես է ընթանում ներկայացումը, հետո՝ աշխատանքային պրոցեսում կհստակվեն նման բաները։ Ի դեպ, նկարչական ձեւավորումն էլ Գրիշա Սահակյանն է անում»,- պարզաբանեց Վ. Գալստյանը։ Թատրոնի փոխտնօրեն Վրեժ Հակոբյանը փաստեց, որ օպերային արվեստը ծախսատար է, իսկ Օպերային թատրոնի տարեկան բյուջեն չի գերազանցում 154 մլն դրամը։ Սա այն դեպքում, երբ մեկ ներկայացման համար ամենաքիչը կարող է ծախսվել 30-40 հազար դոլար։ Հարցին՝ առաջիկայում հնարավո՞ր է տոմսերի գների բարձրացում, Կ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Տոմսերի գինը կախված է մեր ծախսերից (ջեռուցման, օդափոխիչ, հակահրդեհային, լուսաձայնային եւ այլ համակարգերի գործարկմամբ պայմանավորված)։ Դրանք կանխատեսել կարող էինք, բայց նախօրոք հաշվարկել՝ ոչ։ Պարզվում է, որ միայն շենքի պահպանման ծախսերը ամսական 20 մլն դրամ են կազմում։ Կաշխատենք ամեն ինչ այնպես հաշվարկել, որ ոչ հանդիսատեսը տուժի, ոչ թատրոնը։ Բայց որ տոմսերի գները կավելանան՝ միանշանակ է»։ Հիշեցնենք, որ նախկինում բալետային ներկայացումների տոմսերը 300-800 դրամ էին, օպերային ներկայացումներինը՝ 300-1000, իսկ պրեմիերաների ժամանակ՝ մինչեւ 2000։ Օպերային թատրոնի ղեկավարների համոզմամբ, միայն տոմսերի վաճառքով հնարավոր չէ ապահովել թատրոնի նորմալ կենսագործունեությունը։ Թեկուզ հենց այն պատճառով, որ մեկ զույգ բալետային կոշիկը (պուանտը) արժե 20 դոլար (իսկ թատրոնին յուրաքանչյուր ամիս անհրաժեշտ է 50-60 զույգ, քանի որ դրանք երկու փորձից եւ մեկ ներկայացումից հետո արդեն անօգտագործելի են դառնում), բեմական հագուստը՝ մոտ 200 դոլար։ Այս առիթով Վ. Գալստյանը ընդգծեց, որ աշխարհի լավագույն թատրոնները՝ «Գրանդ օպերան», «Մետրոպոլիտեն օպերան» գոյատեւում են պետական եւ մասնավոր հովանավորչության հաշվին, իսկ Մոսկվայի Մեծ թատրոնի տարեկան բյուջեն օրերս, Վ. Պուտինի հրամանագրով, հասել է մինչեւ 40 մլն դոլարի։ «Վերջերս վերադարձել եմ Բրազիլիայից։ Ընդամենը մի բալետային դպրոց, որ ղեկավարում է Վլադիմիր Վասիլեւը, 11 հովանավոր ունի, այն էլ պետական հիմնարկներ։ Իսկ մեր Օպերային թատրոնը չունի որեւէ հովանավոր։ Ինչպես կարող է մեր տնօրենը թատրոնի խնդիրները հոգալ այս պատերի ներքո»,-ասաց պրն Գալստյանը։ Օպերային թատրոնի ղեկավարությունը կես կատակ-կես լուրջ առաջարկում է, որ Օպերայի շրջակայքի մեկ տասնյակից ավելի սրճարաններից որոշակի գումար ուղղվի իրենց բյուջե, որպեսզի շատ խնդիրներ ավելի հեշտ լուծվեն ու որոշ մտահղացումներ էլ ֆինանսի բացակայության պատճառով ի չիք չդառնան։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031