Լրահոս
Օրվա լրահոսը

Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին հանդես կգա՞

Դեկտեմբեր 04,2003 00:00

Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին հանդես կգա՞ օլիմպիական խաղերում Զառա Ֆիլիպսը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդի թոռնուհին, արքայադուստր Աննայի եւ կապիտան Մարկ Ֆիլիպսի դուստրը, ընդգրկվել է երկրի նժույգավարական եռամարտի հավաքական։ 22-ամյա մարզուհին ազգային ընտրանու կազմում արդեն սկսել է նախապատրաստվել Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։ Ներկայումս նժույգավարման եռամարտի հավաքականը կազմված է 14 հոգուց, սակայն նրանցից միայն հինգին կվստահվի պաշտպանել երկրի մարզական դրոշի պատիվը։ Վերջին շրջանում աղջնակը զգալի առաջընթաց է ունեցել սիրած մարզաձեւում՝ տարբեր մրցումներում գրավելով բարձր տեղեր։ Նա չի թաքցնում, որ երազում է հանդես գալ օլիմպիական խաղերում։ Քչերը գիտեն, որ Զառան շարունակում է արքայական ընտանիքի մարզական ավանդույթները։ Նրա մայրը՝ արքայադուստր Աննան, նույնպես հանդես է եկել Միացյալ Թագավորության եռամարտի ազգային հավաքականում, 1976 թվականին մասնակցել է Մոնրեալի օլիմպիական խաղերին, իսկ ավելի վաղ՝ 1971-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հայրը Մարկ Ֆիլիպսը 1972 թվականին Մյունխենում «ոսկի» նվաճած Բրիտանիայի թիմի անդամ է եղել, 1988-ին մասնակցել է նաեւ Սեուլի օլիմպիական խաղերին։ Հարկ է նշել, որ Զառա Ֆիլիպսը տեղ է գտել նաեւ աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում, որ ամեն տարի հրապարակում է «People» հանդեսը։ Նրա մասին ասում են, որ նա «լավացնում է Վինձորների ընտանիքի տխուր դեմքը»։ Երեք տարի առաջ Զառան դակել է լեզուն (այնտեղ զարդանախշ տեղադրելու նպատակով), իսկ հիմա էլ առանց թաքցնելու հանդիպում է իր բոյ-ֆրենդի հետ, որը նույնպես նժույգավար է: ՔՆԱՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել