Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերները տղերքն ինձ կանչում են»

Դեկտեմբեր 10,2003 00:00

«Գիշերները տղերքն ինձ կանչում են» Կիսամութի մեջ լսվում է ջութակի ձայնը։ Գերեզմանատանը ջութակով մի մարդ ուրվականի նման շրջում էր գերեզմանից գերեզման։ Ուրիշ մարդ չկար գերեզմանոցում։ Սառը մի հոսանք անցավ մարմնովս։ Ես եկել էի այստեղ ընկերներիս շիրիմների մոտ մի քիչ կանգնելու։ Չորեքշաբթի էր, եւ աշնան վերջի մշուշոտ ու ցուրտ եղանակ։ Այնտեղ գնալու ժամը ես էի ընտրել։ Միշտ էլ այն համոզմանն եմ եղել, որ գերեզմանոց պետք է մենակ գնալ։ Ուրվականը յուրաքանչյուր գերեզմանաքարի մոտ մի որոշ ժամանակ կանգնում-նվագում է եւ այդպես, առանց նվագը դադարեցնելու, մոտենում է հաջորդին։ Դա տարիներ առաջ էր, հրադադարից էլ առաջ։ Ու արդեն տասը տարուց ավելի է, այդ մարդուն օրվա տարբեր ժամերի կարելի է տեսնել Ստեփանակերտի գերեզմանատանը, որտեղ թաղված են արցախյան պատերազմում զոհված ստեփանակերտցիները։ Նրա անունը Բորիս է։ Ստեփանակերտում բոլորը գիտեն նրան։ Բորիս Բաբայանն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան եւ աշխատում է Ստեփանակերտի երաժշտական դպրոցում։ 1992 թվականից, երբ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում հողաթմբերը սկսեցին ավելանալ, նա գալիս էր այստեղ եւ նվագում ջութակով։ Պատերազմի տարիներին նա միշտ հրետանավորների գումարտակում էր։ Նվագում էր զորանոցում, դիրքերում։ «Երբ նոր զոհ էր լինում, անպայման գալիս էի նվագում։ Ու դա ավանդույթ է դարձել։ Շատերին եմ ճանաչում։ Շատ են ջահել։ Նայեք տարեթվերին՝ 18-19-20 տարեկան տղերք են, կյանքում համարյա ոչինչ չեն տեսել։ Առավոտներն ու երեկոներն եմ գալիս, որ մարդ չլինի, մենակ լինեմ ես։ Որովհետեւ երբեմն արտասվում եմ եւ չեմ ուզում որեւէ մեկը տեսնի իմ լացը»,172 կցկտուր, կարծես ինքն իր համար պատմում է Բորիսը։ Նրան շփոթեցրել էր իմ այնտեղ հայտնվելը, ու հարցերս սկզբից մի տեսակ նյադայնացրին նրան։ Ես խախտել էի նրա անդորրը։ Երբեմն զոհվածների հարազատներն իրենք են կանչում Բորիսին, որ գա եւ նվագի գերեզմանին։ Մարտակերտը գրավելու ժամանակ նա նվագում էր, բոլոր ռացիաները միացված էին, եւ տղերքը գրոհի էին գնում Բորիսի ջութակի նվագի տակ։ Այս մասին ինքը չգիտեր, հետո տղերքն են պատմել։ Տղերքից շատերին նա գիտեր, նրանց մասին Բորիսը կարող է շարունակ պատմություններ անել։ «Մեկ-մեկ հանգստություն է բերում։ Նրանց հարազատների, ընկերների հետ հիշում ենք նրանց։ Տղերք կան, որոնց հետ մոտ էի։ Գիտես, ծնողներ կան, գալիս են, երբեմն տեսնում են, որ նվագում եմ, ասում են՝ ինչ լավ է, ուրեմն մեր տղոցը չեն մոռացել։ Հանգստանում եմ, համ հանգստանում եմ, համ էլ էդ հաշվում եմ իմ պարտքը։ Կարող է, որ ասում են հոգին կա՝ ճիշտ է։ Չեմ իմանում, կարող է, չէ՞, որ լսում են նվագս։ Երբեմն գիշերները կարծես թե կանչում են ինձ՝ ասում են արի, մի բան նվագի։ Ես էլ առավոտ շուտ վեր եմ կենում, գնում այնտեղ ու նվագում եմ։ Էդ նվագը ոչ միայն ինձ Է հանգստացնում, այլ կարծես նրանց էլ է հանգստացնում»,172 շարունակում է Բորիսը։ Ես մթի մեջ կանգնել եմ ընկերներիս գերեզմանների մոտ եւ լսում եմ ջութակի նվագը։ Ինձ թվաց, որ ես ուշացրել եմ այցելությունս ընկերներիս, նրանք արդեն տարվել էին Բորիսի նվագով։ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել