Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է կոշտացնել դիրքորոշումը

Դեկտեմբեր 12,2003 00:00 Share

Պետք է կոշտացնել դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի այդպիսի առաջարկով է հանդես գալիս ՀՀ դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը: Երեկ Արամ Գասպարի Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն երեք տարի է, մերձմոսկովյան մի բնակավայրում հանդիպումներ են ունենում ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները։ Թեման՝ ԼՂՀ հարցի կարգավորումն է։ Հանդիպումները կազմակերպվում են ամերիկյան «Քեսթերինգի» հիմնադրամի կողմից։ Հինգ հանդիպումների արդյունքներն արդեն ամփոփվել են եւ, ըստ բանախոսի, առաջարկներից կազմված այդ դեկլարատիվ բնույթ կրող փաստաթուղթը հավանության է արժանացել Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Ավելին, բանակցային գործընթացը վերսկսելու պարագայում նրանք խոստացել են օգտագործել այդ առաջարկները։ Իսկ դրանք, դատելով Արամ Գասպարիչի ներկայացրած դետալներից, ճիշտ եւ ճիշտ կրկնում են կարապի, խեցգետնի եւ գայլաձկան հանրահայտ պատմությունը։ Յուրաքանչյուրն իր շահն է նկարագրել եւ իրեն հարմար լուծում է ակնկալում։ Ըստ այդմ, հայկական հասարակությունն ի դեմս Ա. Սարգսյանի, հրաժարվում է ազատագրված տարածքները վերադարձնել, Ադրբեջանը ԼՂՀ-ն իր անքակտելի մաս է տեսնում, իսկ ԼՂՀ-ն, բնականաբար, անկախ կարգավիճակ է ուզում։ Արամ Գասպարիչին նաեւ վրդովեցնում է, որ՝ «Ադրբեջանը, որը տանուլ է տվել իր կողմից հրահրված պատերազմում՝ ԼՂՀ-ին եւ Հայաստանին պայմաններ է թելադրում»։ Իր տպավորությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունն ուղղակի խանգարում է ԼՂՀ ղեկավարությանը՝ այս հարցում ճիշտ քաղաքականություն վարել»։ ՀԴԿ նախագահը ողջ «քաղաքական կուրսի» ձեւափոխման անհրաժեշտություն է տեսնում, քանզի՝ «Հայաստանի կողմից առ այսօր հստակ հայտարարված չէ՝ ԼՂՀ տարածքը դա Հայաստանի տարածքն է եւ մենք չենք խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Այսօրվա գործընթացները «կործանում» որակելով՝ Ա. Սարգսյանը տարածքների վերադարձը «կոմպրոմիս» չի դիտարկում։ Պրն Սարգսյանը վստահեցրեց նաեւ, որ ըստ իր համոզման՝ «Ադրբեջանը պարտավոր է խաղաղության պայմանագիր կնքել ԼՂՀ-ի եւ Հայաստանի հետ»։ Ու քանի որ՝ «քաղաքական այս գործընթացները չենք կարողանում բերել տրամաբանական ավարտի, ապա պետք է հիմք ընդունել, որ պատերազմ է եղել» ու կոշտացնելով մեր դիրքորոշումը՝ «պարտավոր ենք աշխարհին ներկայացնել ղարաբաղյան իրավական թղթապանակը»։ Ընդ որում, ըստ Արամ Գասպարիչի, բանակցությունները պետք է վերսկսվեն պատերազմի արդյունքներն ամրագրելուց հետո։ «Կարող են դրանք չընդունել, բայց հաշվի չառնել չեն կարող»,- հույս ունի ԱԺ պատգամավորը: «Մենք համաձայն ենք, մնում է, որ Արամ Գասպարիչը դրանում համոզի Ադրբեջանին»,- մեր խնդրանքով մեկնաբանելով Ա.Սարգսյանի առաջարկը, ասաց «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը։ Նաեւ հավելեց՝ «Դա շատ հայտնի առաջարկ է, որը մարդկանց հայտնի է «2/3 ամուսնություն» անվանումով, երբ փեսան եւ քահանան համաձայն են, բայց հարսնացուն տեղյակ չէ»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել