Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է հագնվում Ամերիկան

Դեկտեմբեր 12,2003 00:00

Ինչպե՞ս է հագնվում Ամերիկան Ազատ, առանց հասարակական կարծիքի վրա ուշադրություն դարձնելու Հայ երիտասարդները գոնե մի հարցում հետ չեն մնում ամերիկացի իրենց հասակակիցներից: Դրանք ջինսերն են. եւ միայն: Մնացած հարցերում տարբեր ենք: Աղջիկները, որպես կանոն, հագնում են բլուզ՝ տակից երեւացող վերնաշապիկով, կամ մի պարզ սպորտային շապիկ եւ բաց էին թողնում գոտկատեղի հատվածը, որտեղից մի փոքր նշմարվում էր մարմինը: Երիտասարդ տղաները վերնաշապիկի տակից, նույնիսկ երբ կոստյումով են, ի ցույց էին թողնում ներքնաշորը պարանոցի հատվածում՝ մի տեսակ դասականի ու սպորտայինի ներդաշնակ հակադրություն ստեղծելով: Ընդհանրապես մարմնի բարեմասնություններն ի ցույց դնելը կամ մի զգալի հատված մերկացնելը ամերիկացիների ոճը չէ: Բայց, օրինակ, մի օր, երեկոյան, ոչ ուշ ժամի, Վաշինգթոնի փողոցներից մեկում մի սեւամորթ աղջկա հանդիպեցինք, որը բառացիորեն ժանեկազարդ ներքնաշորով էր։ Ու շատ լուրջ դեմքով: Այնքան, որ երբեք չէիր կարծի, թե մարմնավաճառուհի է: Տեղացիներն ասում էին, որ գուցե նա մոտակա ակումբում սթրիփ-պարուհի է եւ միանգամից «աշխատանքային համազգեստով» է որոշել գնալ գործի, մանավանդ որ նրա վրա ուշադրություն դարձնող չկար (բացի մեզ նման «չտեսներից»), «իսկ մարմնավաճառները հեռվից են երեւում, նրանք գուցե այդքան թեթեւ չեն հագնվում, բայց շատ ավելի վուլգար են»,- բացատրեց տեղացին: Ամերիկացի երիտասարդ աղջիկները սովորաբար առօրյա կյանքում զերծ են շպարանքից եւ գերադասում են դեմքի ու մազերի բնական վիճակը, որքան էլ անխնամ տեսք ունենան դրանք: Ընդհանրապես, դժվար է ասել՝ դա լավ է, թե վատ, բայց ողջ Ամերիկան այսօր գերադասում է բնական վիճակը, նույնիսկ հայտնի դերասաններն ու երգչուհիները: Իրենց մազերի բնական վիճակին չեն հարմարվում միայն սեւամորթները, որոնց մազերի գաղտնիքն ինձ համար նորություն էր: Եթե նկատել եք, նրանց ճնշող մեծամասնությունը մանր հյուսած մազերով է: Բայց այդ հյուսիկները, պարզվում է, բնական չեն: Դրանք կեղծամ են, որոնք ամրացվում են կարճ ու խիտ մազերին: Ինչ մնում է նրանց հագուկապին, հատկանշական է, որ, իբրեւ երեկոյան հագուստ, աֆրոամերիկացի տղամարդիկ շատ են սիրում սպիտակ կոստյում: Եվ դա նրանց շատ սազում է. առավել, քան սպիտակամորթ տղամարդուն: Հագուկապի յուրահատուկ ոճ ունեն սեւամորթ երիտասարդները: Նրանք նախընտրում են տարբերվել ստանդարտ ճաշակից եւ նախընտրում են բացառապես սպորտային հագուստ: Նրանց կախ ընկած անդրավարտիքները, թվում է՝ հիմա կընկնեն հագներից: Այդ տղաները սիրում են նաեւ հաստ ոսկե շղթաներ կրել, ընդ որում հագուստի վրայից՝ ի ցույց բոլորի, ինչպես, ասենք, մեզ մոտ՝ «ռաբիս» կոչվածները: Եվ պետք է նշել, որ սեւամորթները հավատարիմ են իրենց ոճին ամեն տեղ: Ի տարբերություն սպիտակների, որոնց ճաշակը կարող է փոխվել քաղաքից քաղաք: Ի դեպ, սեւամորթների հոգեբանությունն էլ է տարբերվում բոլորից, բայց դա այլ թեմա է: Նյու Յորքում կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակում ծայրահեղ ու առաջին հայացքից աննորմալ աններդաշնակությունը: Բայց ամեն ինչ հարաբերական է: Եվ ամենակարեւորը, մարդիկ հագնվում են առանց երկար-բարակ մտածելու, թե ինչն ինչի հետ է սազում եւ մանավանդ, թե հայ զբոսաշրջիկն ինչ կմտածի իր մասին: Նյու Յորքի փողոցներում կարող ես տեսնել միաժամանակ եւ՛ վերարկուով, եւ՛ ամառային զգեստով մարդկանց: Կարող ես տեսնել վերարկուով, բայց ամառային կոշիկներով: Կամ՝ սոլիդ կոստյումը՝ հողաթափերով: Մի խոսքով, նրանք հագնում են այն, ինչ այդ պահին հարմար է իրենց: Իհարկե, այդ նույն մարդը պաշտոնական հանդիպման ժամանակ կամ երեկույթին իր հողաթափերը կփոխարինի համապատասխան կոշիկով, բայց ավելորդ տեղն իրեն չի տանջի բարձրակրունկ կոշիկներով քայլել մի քանի մղոն: Ինչպես հայերն են տանջում իրենց՝ ամեն մանրուք հասարակական կարծիքին համապատասխանեցնելով: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել