Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ԹԵՐԻ «ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»

Դեկտեմբեր 12,2003 00:00

ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԲԱՅՑ ԹԵՐԻ «ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» Լույս է տեսել Միքայել Իսպիրյանի եւ Վահրամ Առաքելյանի «Մարզական հանրագիտարան» գիրքը, որի 800 օրինակ տպաքանակը ֆինանսավորել է ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Հեղինակները բավականաչափ տեղեկություններ են հաղորդում մարզական տերմինաբանության, կազմակերպությունների, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին մասնակցած հայաստանցի եւ սփյուռքահայ մարզիկների, մարզական ազգային խաղերի, ինչպես նաեւ բնագավառի գործիչների մասին։ Հանրագիտարանը օգտակար կլինի ինչպես մասնագետների, այնպես էլ մարզասեր ընթերցողների համար։ Միանշանակ է, որ 800 օրինակ տպաքանակը չի բավարարի պահանջարկը։ Ուստի «Մարզական հանրագիտարանը» վերահրատարակման կարիք ունի։ Հենց այս նկատառումով էլ հեղինակներին ուզում ենք տեղյակ պահել մեր նկատած մի քանի թերությունների մասին։ Նախ՝ շատ աղքատիկ է ներկայացված Հայաստանի մարզական լրագրությունը, որը հարուստ կենսագրություն եւ ավանդույթներ ունի։ Մասնավորապես «Մարզական Հայաստան» թերթի մասին ընդամենը մեկ տող է գրված, մինչդեռ այն լինելով միակ մասնագիտական թերթը, անգնահատելի ծառայություններ է մատուցել Հայաստանում ֆիզիկական կոլտուրայի, սպորտի պրոպագանդման գործում։ Թերթի հիմնադիրները (նրանց անտեսելը ճիշտ չէ) մեծ ավանդ են ներդրել մարզական լրագրության կայացման գործում, աճեցրել են մի քանի սերունդ։ Հանրագիտարանում ոչ մի խոսք չկա Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի մասին, որը լրագրության ասպարեզում մասնագիտական միակ միությունն է։ Հեղինակները մոռացել են նաեւ մարզական գրականության մի այնպիսի եզակի երեւույթի մասին, ինչպիսին հենց «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» (հետագայում՝ «Մարզական Հայաստան») թերթի հիմնադիրներից Սերգեյ Հակոբյանի 1956 թ. հրատարակած «Ռուս-հայերեն սպորտային համառոտ բառարանն» է, որը մեր իրականության մեջ այս ոլորտի առաջնեկն է։ «Մարզական հանրագիտարանում» նկատելի են նաեւ այլ վրիպումներ ու բացթողումներ։ Դրանցից արժե նշել այն, որ նշված չէ, թե հեղինակները գիրքը կազմելիս ինչ աղբյուրներից են օգտվել։ Սա եւս շատ լուրջ բացթողում է, որն անպայման պետք է վերացնել հաջորդ տպագրության ժամանակ։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել