Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ԿԱՎԱՏՆԵՐԻ ՏԱՆԻՔ

Դեկտեմբեր 19,2003 00:00

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ԿԱՎԱՏՆԵՐԻ ՏԱՆԻՔ Ինչպես են վանաձորցի կանանց վաճառում Արաբական Միացյալ Էմիրություններ՝ սեռական շահագործման նպատակով: 34-ամյա Նարինեին հանդիպեցինք Վանաձորի ծայրամասերից մեկում գտնվող իր բնակարանում: Երբ Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձավ, ոչ ոք նրան չընդունեց: Ստիպված՝ վարձեց մի սենյականոց բնակարան ու հիմա երկու անչափահաս որդիների հետ այնտեղ է ապրում: Տանն ընդամենը մանկական մի աթոռ էր ու սեղան: Նստում են գետնին հարմարեցված անկողնու ներքնակին: Բնակարանի ջերմաստիճանը դրսից ցածր է. չեն տաքացնում: Վարձը չվճարելու պատճառով ամիսներ շարունակ տունը հոսանքազրկվել է: Նարինեի ամուսինը սպանվել է Ռուսաստանում: Նա որպես վաճառողուհի՝ աշխատել է Վանաձորի խանութներից մեկում: Բայց աշխատավարձը չի բավարարել ընտանիքի կարիքները հոգալուն: Հետեւել է ընկերուհու՝ Արմենուհու խորհրդին. մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հույս ունենալով աշխատել որեւէ խանութում կամ սրճարանում եւ հարստացած վերադառնալ: «Արմենուհին իմ մանկության ընկերուհին էր: Ես իրեն միշտ վստահել եմ, ինքն ինձ շատ լավություններ է արել: Մտքովս անգամ չէր անցնում, որ ինձ հետ այդպես կվարվի»,- ասում է Նարինեն: Նա չի իմացել, որ ընկերուհին Էմիրություններում զբաղվում է մարմնավաճառությամբ: Արմենուհին ասել է, թե կարուձեւ է անում: 2001թ. գարնանը Արմենուհին Վանաձորից մեկնել է Էմիրություններ, այնուհետեւ հուլիս ամսին իր մոտ տարել նաեւ Նարինեին ու ոմն Օֆելյայի: Օդանավակայանում Նարինեին ճանապարհում էր Արմենուհու եղբայր Արտակ Սիմոնյանը: Արաբական Միացյալ Էմիրություններում Արմենուհին դիմավորել է Նարինեին եւ հենց օդանավակայանում վերցրել անձնագիրը: «Արմենուհին ինձ ասաց, որ պիտի մարմնավաճառությամբ զբաղվեմ, թե չէ կմնամ էնտեղ ու «կփտեմ»: Նա ինձ ասաց, որ 10 000 դոլար պետք է տամ իրեն, որպեսզի ետ ստանամ անձնագիրս: Իսկ Օֆիկին տեղավորեց ինչ-որ սրճարանում»,- պատմում է Նարինեն: Աբու Դաբի քաղաքի Լոնդրի Բիլդինգ կոչվող շենքում Արմենուհին բնակարան էր վարձել: Մոտ 8 ամիս Նարինեն զբաղվել է մարմնավաճառությամբ՝ 1 ժամի համար վճարվելով մինչեւ 200 դոլար: Օրական ընդունել է 6-7 տղամարդ: Նրա հետ շատ դաժան են վարվել, ծեծել են, հարկադրաբար աշխատեցրել անգամ վատառողջ ժամանակ: Որպես կանոն՝ Արմենուհին հաճախորդներից նախապես վերցրել է փողը՝ ասելով, թե վերջում կկիսվեն: Նարինեի պատմելով՝ միայն ինքը չէր նման վիճակում. Էմիրություններում բազմաթիվ հայ աղջիկներ կան, նույնիսկ 16-17 տարեկաններ: Մի օր էլ Նարինեն, պատահմամբ ներքնակի վրա կարեր տեսնելով, քանդել է եւ միջից գտել իր անձնագիրը: Վերցրել է այն ու Արմենուհուց պահանջել աշխատած գումարը, որպեսզի վերադառնա Վանաձոր: Արմենուհին հրաժարվել է որեւէ գումար տալ: Նարինեին օգնել է մի արաբ տղամարդ: Նրա համար տոմս է գնել եւ 2002թ. ապրիլ ամսին ուղարկել Հայաստան: Երեւանի օդանավակայանում նրան դիմավորել են Արտակ Սիմոնյանը, Հովիկ Վարդանյանը (Վանաձորի ոստիկանության աշխատակից) եւ Հովիկի եղբայր Հենոն: Վանաձոր վերադառնալուց մի քանի օր անց ոստիկանության աշխատակիցներ Հովիկն ու Գագիկը Նարինեին տարել են Ռոբերտ Կարապետյանի (մականունը՝ Ռեմբո) մոտ: Վերջինս Վանաձորի ոստիկանության բաժանմունքում օպեր է: «Ռեմբոն բարկացած հարցրեց, թե ինչի չեմ ներկայացել իրեն ու արդյոք չգիտեմ, որ Էմիրաթներից եկած աղջիկներով ինքն է զբաղվում: Հետո էլ սպառնաց, թե ինձ կզրկի մայրական իրավունքներից, եթե դիմում չգրեմ իր թելադրանքով ու 500 դոլար չտամ իրեն: Ես էլ գրեցի այն ամենի մասին, ինչ պատահել էր ինձ հետ Էմիրություններում»,- ասում է Նարինեն: Դիմումի մասին Նարինեն տեղեկացրել է Արտակին՝ Արմենուհու եղբորը, պահանջել, որ քույրը վերադարձնի իր պարտքը՝ 8 750 դոլար: Արտակը Նարինեին է տվել 200 դոլար՝ պայմանով, որ մնացածը հետո կտա: Այնուհետեւ Արտակը խորհրդակցել է Ռոբերտ Կարապետյանի հետ՝ պարզելու իր հետագա անելիքները: Ռ.Կարապետյանն էլ կրկին սպառնացել է Նարինեին, որ Արտակին այլեւս չանհանգստացնի, եւ որ Արմենուհին պարտք չէ: Նարինեի կարծիքով՝ այս պատմության ետեւում նախեւառաջ կանգնած է ոստիկանության աշխատակից Ռոբերտ Կարապետյանը: Նարինեն իր իրավունքները պաշտպանելու խնդրանքով դիմել է նաեւ տարբեր միջազգային կառույցների: Վերջիններս խոստացել են օգնել նրան: «Ես ամեն գնով պիտի պայքարեմ, որ Արմենուհին վերադարձնի իմ աշխատած գումարը՝ 8750 դոլարը: Ինքը շատ մեծ փողերի հետ է խաղում, ու դրանից օգտվում են մեր ոստիկանության աշխատակիցները»,- պնդում է Նարինեն: Այս փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, որով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Կավատ Արմենուհին սովորաբար տարին մի քանի անգամ գալիս էր Հայաստան: Սակայն Նարինեի՝ իրավապահ մարմիններին դիմելուց հետո նա արդեն երրորդ տարին է Հայաստան չի եկել: Հավանաբար, կավատի հայաստանյան գործընկերները զգուշացրել են քրեական գործի մասին: Իրավապահ մարմիններին հայտնի է նրա գտնվելու վայրը, Հայաստանում նրան օժանդակողների, իրավապահ մարմինների այն աշխատակիցների անունները, ովքեր հավաքագրել են եւ սեռական շահագործման նպատակով Արաբական էմիրություններ են ուղարկել Նարինեին ու բազմաթիվ այլ հայ աղջիկների: Բացի Նարինեից, Ա.Սիմոնյանի կավատության զոհ են դարձել վանաձորցի այլ կանայք: Նրանք բոլորն էլ վախենում են որեւէ բան պատմել, հրաժարվում են հանդիպումներից: Օֆելյան, որ Նարինեի հետ մեկնել էր Էմիրություններ, համաձայնեց զրուցել: Սակայն Վանաձորում մեզ հետ խոսեց Օֆելյայի աղջիկը: «Դատախազության քննիչ Արմեն Թամազյանն ասաց, որ դուք լիազորված չեք մեզ հանդիպել: Իմ մայրը Ձեզ որեւէ բան չի պատմի: Փաստաբաններն էլ նույն խորհուրդը մեզ տվեցին»,- ասաց նա: ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել