Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի «անկախ հանձնաժողով»

Դեկտեմբեր 19,2003 00:00

Եվս մի «անկախ հանձնաժողով» «Եկել եմ ձեզ ասեմ՝ ես մարդ եմ սպանելու»,- դեկտեմբերի 3-ին այցելելով մեզ՝ հայտարարեց Արթիկի բնակիչ, «Աղաց» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը: Ի՞նչն էր հոգեկան այդպիսի վիճակի հասցրել ինժեներ Ս. Սահակյանին: 1998 թ. Ս. Սահակյանը եւ տեխնիկական գիտությունների դոկտոր Ժան Դավիդյանը մշակել են Մանթաշի ջրամբարից սնվող ջրատարների վրա փոքր ՀԷԿ-երի կասկադ կառուցելու ծրագիր: ԱՄՆ-ի «PA Consulting Group» կազմակերպության տնօրեն Մասուդ Քեյանի առաջարկով Ս. Սահակյանը եւ այդ կազմակերպության մասնագետներ Հակոբ Դիքչյանը, Ալբինա Թեւոսյանը, ԱՄՆ-ի քաղաքացի Ֆիլիպ Հուվերը ծրագիրը վերամշակում են ու համապատասխանեցնում միջազգային ստանդարտներին: Նախագիծը որպես ֆինանսավորման արժանի ծրագիր, ուղարկվել է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ, Համաշխարհային բանկ, Եվրամիություն եւ ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալություն: Ծրագրի ֆինանսավորման առաջարկություններ են արել Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ն, հանրապետության եւ արտերկրի գործարարներ: Տարածաշրջանի Հառիճ եւ Սարալանջ համայնքները կայացրել են հողհատկացման որոշումներ, կնքվել են հողի վարձակալության պայմանագրեր, մուծվել են վարձավճարներ: Գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է պայմանագրային հիմունքներով ջրատարները շահագործելու վերաբերյալ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի թույլտվությունը եւ նրա հետ կնքած համաձայնագիրը: Այդ թույլտվությունը ստանալու համար 1999-ից Արթիկի քաղաքապետարանը միջնորդագրերով ու բնութագրերով բազմիզս դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, պետական այլ ատյաններ՝ նշված թույլտվությունը Ս. Սահակյանին տալու համար: Երեք տարվա քաշքշուկից հետո 2002թ. դեկտեմբերի 8-ին, Արթիկի քաղաքապետարանում, նախագահ Քոչարյանի ներկայությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գ. Մարտիրոսյանը առաջարկում է վարձակալման համաձայնությունը տալ մրցութային կարգով: Նշենք, որ մինչ այդ ջրատարների համար նման թույլտվությունն առանց մրցույթի էր տրվում եւ արդեն տրվել էր նմանատիպ մոտավորապես 100 թույլտվություն: «Մրցույթի գաղափարը տվյալ պահին նախագահի ներկայությամբ հարցի լուծումից խուսափելու հարմար պատճառ էր»,- ասում է Ս. Սահակյանը: 2003-ի օգոստոսի 13-ին 4 կողմ եւ 3 դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթող է ճանաչվում Գեւորգ Փայտյանը: Ըստ Սահակյանի, մրցութային հանձնաժողովն առաջինից մինչեւ վերջին նիստը գործել է օրենքի ու օրինականության, հանձնաժողովի աշխատանքային կարգի պահանջների կոպիտ խախտումներով: Նրա ներկայացրած ծրագիրը հանձնաժողովը չի քննարկել: Ս. Սահակյանի բազմաթիվ գրավոր եւ բանավոր դիմումները եւ դիտողությունները հանձնաժողովն անտեսել է ու չի արձանագրել: Մրցույթում հաղթող ճանաչված Գ. Փայտյանը մինչ այդ արդեն երկու անգամ առանց մրցույթի ստացել է նման կառույց իրականացնելու թույլտվություն եւ սեփականատեր է երկու փոքր ՀԷԿ-երի: Իսկ Գ. Մարտիրոսյանի ղեկավարած կառույցը հինգ տարի շարունակ «սղոցել» է Ս. Սահակյանի «նյարդերը»՝ նրան հասցնելով մարդ սպանելու որոշում կայացնելուն: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031