Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆՔ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ»

Դեկտեմբեր 24,2003 00:00

«ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆՔ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ» Վստահ է «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը – Այս վերջին մրցույթի (իհարկե, դեռ HTB-ի կապուղին էլ կա, բայց այն ակնհայտորեն կտրամադրվի վերահեռարձակողներին) հաղթողը պարզ կդառնա դեկտեմբերի 29-ին, երբ լույս չեն տեսնի թերթերը: Ուստի խնդրում ենք կանխատեսել՝ ինչպիսի՞ն կլինեն մրցույթի արդյունքները: – Ճիշտն ասած, տրամադրված չեմ այս տոնական օրերին խոսել տխուր բաների մասին: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվարկը հենց դրա վրա էլ հիմնված էր, որ այս օրերին բոլորը զբաղված կլինեն ամանորյա նախապատրաստություններով եւ ընդհանրապես մոռացության կմատնեն «Ա1+»-ի խնդիրը: Միանշանա՛կ չենք ստանա կապուղի. եւ ոչ այն պատճառով, որ մենք չենք ցանկանում կամ, ինչպես մամուլի որոշ կարկառուն ներկայացուցիչներ են անընդհատ նշում՝ քանի որ հույսներս կտրել ենք արտասահմանի օգնությունից: Պատճառը միակն է՝ մենք ունենք ղարաբաղցի «պինդ» նախագահ, որին երեւի հավակնությունները թույլ չեն տալիս ետ կանգնել իր ասած խոսքերից: Սակայն բոլոր նախագահներն էլ ժամանակավոր են: Եվ ես չեմ շտապում: «Ա1+»-ը 20 տարի էլ կարող է կապուղի չունենալ, բայց շարունակել զբաղվել իր գործով եւ մնալ արհեստավարժ: Հեռարձակումը մեր գործունեության որոշ տոկոսն է ընդամենը՝ ոչ հիմնական աշխատանքը: – Կարո՞ղ եք երկրորդ կանխատեսումն էլ անել, թե ով կդառնա հաղթողը՝ արդյոք ո՞չ «Երկիր Մեդիան», որը դարձավ այս մրցույթի անակնկալը: – Ինձ ընդհանրապե՛ս չի հետաքրքրում, թե ով կշահի: Միայն ցավալի կլինի, եթե վերջում պարզվի, որ իրոք ինչ-որ կուլիսային խաղեր են եղել «Նոյյան տապանի» հետ: Հավակնությունների խնդիր չէ. ուղղակի իսկապես ցավալի է, եթե ընկեր ես կորցնում: – Ձեզ համար համոզի՞չ են ՀՅԴ ղեկավարների հավաստիացումները, թե «Երկիր Մեդիան» կուսակցական հեռուստախմբագրություն չէ՝ այնտեղ ուղղակի կան որոշ դաշնակցականներ: – Մրցույթների անցկացման 2 տարվա փորձը ցույց տվեց, որ բոլորն էլ այդպես են սկսում՝ մեկն ասում էր, թե կապ չունի Արսենյանի հետ, երկրորդը, թե կապ չունի եկեղեցու հետ, երրորդը հերքում է այս կամ այն գործարարի, պատգամավորի հետ իր առնչությունները: Բայց ի վերջո ամեն ինչ ակնհայտ է դառնում եւ բացահայտվում են բոլոր խաբեությունները: Սակայն բոլորն էլ, ովքեր ցանկություն ունեն աշխատելու եւ զգում են, թե իսկապես կարող են աշխատել՝ իրավունք ունեն ունենալ կապուղի: Տա Աստված, որ բոլորն էլ ստանան: – Այս մրցույթից առաջ արձանագրվեց եվրոպական կառույցների հայաստանյան ներկայացուցիչների վերաբերմունքի փոփոխություն: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինն, ասենք, ասաց, թե երաշխիք չկա, «որ նա, ով կպարտվի դեկտեմբերի 24-ին՝ չի դիմի մեզ եւ չի ասի, որ իրեն հաճախականությունից զրկել են այն պատճառով, որ իր քաղաքական դիրքորոշումներն անընդունելի են իշխանության համար»: – Հիշեցնեմ, որ 56-րդ հաճախականությամբ հեռարձակողը՝ «Արթ-13»-ն արդեն իսկ հրաժարվել է մասնակցել մրցույթին: Ուստի անհեթեթ հայտարարություն է արել ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը. ո՞վ պիտի պարտվի, այս մրցույթի բոլոր մասնակիցներն էլ ունեն նույն կարգավիճակը: Թերեւս, պրն Պրյախինը վատ է տեղեկացված այս ամենի մասին: Նաեւ պետք է հիշեցնեմ, որ «Ա1+»-ը երբե՛ք որեւէ մեկին չի դիմել օգնության խնդրանքով: Ուղղակի ինչպես նախկինում՝ այնպես էլ այժմ, երբ միջազգային կառույցների ներկայացուցիչները հրավիրում են հանդիպման, ես ընդամենը տեղեկացնում եմ գործընթացի մասին: ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի հետ զրույցներն էլ են եղել զուտ տեղեկատվական բնույթի: Նա հետաքրքրվել է, թե ինչ ենք անում, ինչպես է ընթանալու մրցույթը, ես էլ պատասխանել եմ, որ շարունակում ենք աշխատել, իսկ մրցույթում պարտվելու ենք: Եվ դրանով ավարտվել է մեր խոսակցությունը: – Չպահպանվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը դիտարկող խմբի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ այս մրցույթն անցնելու է մոնիտորինգի ռեժիմի ներքո: Ձեր կարծիքով վերահսկողության առկայության պարագայում այն կունենա՞ր զսպող նշանակություն: – Վստահ էի, թե նման մոնիտորինգ չի լինի, քանի որ Գրիգոր Ամալյանը կյանքը կտա, որ հանկարծ մեկ ուրիշը չխառնվի իրենց կեղտոտ գործերին: Մարդը բիզնեսի ոլորտ է ձեռք բերել եւ չի ցանկանա, որ խանգարեն իրեն: Իսկ այժմ եվրոպական կառույցները միայն հաջորդ տարի կանցկացնեն դիտարկում Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ, երբ արդեն ավարտված կլինեն մրցույթները: Ինչ ասեմ… կռվից հետո բռունցքներ թափահարելու տարբերակն է: – Դեկտեմբերի 29-ին կվերսկսվի Տնտեսական դատարանում ընդդեմ ՀՌԱՀ-ի «Ա1+»-ի դատը: Հունվարի 9-ին էլ նշանակված է «Սինեմաքսի» փաթեթի առնչությամբ դատական նիստը: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս առնչությամբ: – Այդ բոլոր գործերով դատավճիռները մեծ ազդեցություն կունենան Եվրոպական դատարանում մեր գործի ընթացքի վրա: Նաեւ ամեն մի մրցույթ է որեւէ նոր խախտում ի հայտ բերում, որի համար անպայման տալու են պատասխան: Այս ամենն, ինչ այժմ է կատարվում՝ դեռ միայն ծաղիկներն են: ՀՌԱՀ նախագահը փորձում էր վիրավորել «Ա1+»-ին եւ անձամբ ինձ՝ մեղադրելով ստախոսության եւ խաբեբայության մեջ՝ դրա պատասխանը կստանա հետո (Ամալյանը կեղծ էր անվանել տվյալներն «Ա1+»-ի ֆիլմադարանի վերաբերյալ.- Ա. Ի.): Իսկ հենց այժմ իմ դիմաց են դրված պաշտոնական գրություններ, որոնցից մեկով հաստատվում է, որ մեզ 01.10.2002-ից մինչեւ 01.10.2004-ը իրավունք է տրված ՀՀ տարածքում հեռարձակել 730 տեսաֆիլմեր: Դրանց մեջ կան նաեւ սերիալներ՝ 840 մասանոց: Մյուս փաստաթղթով հաստատվում է պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը 2001-ի դեկտեմբերի 20-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում, որով հեռարձակման իրավունք էր տրամադրվել շուրջ 900 ժամ ընդհանուր տեւողությամբ տեսանյութերի համար: Այս ամենի մասին առավել որոշակի կխոսենք դատարանում: Գրիգոր Ամալյանը դեռ շա՜տ անակնկալներ թող սպասի մեզնից: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել