Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ գլխիվայր շուռ տվեցին»

Դեկտեմբեր 24,2003 00:00

«Ամեն ինչ գլխիվայր շուռ տվեցին» «Լավարկումը» առայժմ «վատարկում է» դպրոցը Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով կրթական ոլորտի օպտիմալացման (հայեցի տերմինով՝ լավարկման) թեմային, եւ մասնավորապես ուսուցիչների կրճատման գործընթացին, ըստ էության, փաստեց, որ ամեն ինչ, մեղմ ասած, ճիշտ ուղով չի գնացել. «Ես կարծում եմ, որ հենց սկզբից լրիվ գլխիվայր շուռ տվեցին. ֆորմալ չի կարելի կրճատել, բոլորս էլ դպրոցում սովորել ենք, ունեցել ենք ե՛ւ լավ, ե՛ւ վատ ուսուցիչ: Բարեփոխումները պետք են. մենք պետք է յուրաքանչյուր անհատի խնդիր առանձին քննարկենք. ես չեմ ընդունում, երբ ասում են՝ պոլիտեխնիկականն է ավարտել, ուրեմն չպիտի աշխատի, կամ պետք է աշխատի նա, ով մանկավարժականն է ավարտել, բայց բանի պետք չի: Խնդիրներ կան, որ պետք է ավելի խորանալ, ուսումնասիրել, որովհետեւ գործ ունես մարդկային ճակատագրերի հետ: Պետք է շատ ուշադիր լինել: Մեխը պետք է լինի որակը: Ով մանկավարժ չի, որակ չի տալիս, նա պետք է հեռանա»: Տիկին Հակոբյանը չի բացառում նաեւ կրճատումների հարցում նկատելի սուբյեկտիվությունը, որ ցուցաբերում են տնօրենները. «Կան տնօրեններ, որ երեւույթն օգտագործում են իրենց համար ոչ ցանկալի, իրենց առաջ չխոնարհվողներին ազատելու նպատակով»: Սակայն խախտումները շարունակում են իրականացնել նաեւ տնօրենների վերադասները՝ ուսումնական տարվա կեսից կրճատումների գործընթաց հայտարարելով: Այս մասին Հ. Հակոբյանը խիստ մեղմ արտահայտվեց՝ միայն նշելով, որ «իհարկե, ցանկալի չէ տարվա կեսին ուսուցիչ կրճատել, դասաբաշխումն արվում է տարեվերջին»: Հրանուշ Հակոբյանը ստեղծված խառնաշփոթը կապում է նաեւ այն հանգամանքի հետ, որ այս ընթացքում 2 նախարար փոխվեց. «դրա համար մենք պետական ծառայողի եւ քաղծառայողի օրենք ընդունեցինք, որպեսզի ովքեր նստած են այդ հաստատություններում, կայուն մնան եւ որպես մասնագետներ ճիշտ առաջարկվեն քաղաքական ղեկավարությանը, որովհետեւ վերջինս ավելի շուտ է փոխվում, քան չինովնիկական ապարատը»: Անդրադառնալով լավարկմանը՝ հանձնաժողովի նախագահը հիշեցրեց կրճատված ուսուցիչներին տրվող փոխհատուցման մասին. «Կա որոշակի դրամաշնորհ՝ ուսուցիչների նպաստի կամ վերապատրաստման համար: Ես այն կարծիքին եմ, որ ուսուցիչն ինքը պետք է ընտրի՝ ստանա նպա՞ստ, թե՞ գնա վերապատրաստման, որովհետեւ շատ հեռավոր գյուղերում ուսուցչի վերապատրաստումը ոչինչ չի տա, իսկ այդ գումարով գոնե ինչ-որ գործ կարելի է սկսել: Ե՛վ մարզպետարանները, ե՛ւ դրանց վարչությունները, ե՛ւ նախարարության աշխատակիցները պետք է լուրջ աշխատանք տանեն այդ բնագավառում, հոգատարություն է պետք, որպեսզի ցնցումները քիչ լինեն»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031