Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ԹԱՐԳԵ՛Ք ԾԽԵԼԸ

Դեկտեմբեր 24,2003 00:00

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ԹԱՐԳԵ՛Ք ԾԽԵԼԸ Երեկ USAID-ի օժանդակությամբ «Հաղարծին» ՀԿ-ն մի շարք այլ կազմակերպությունների հետ կազմակերպել էր համաժողով՝ «Ծխախոտամոլության բժշկական ու սոցիալական ասպեկտները եւ դրա դեմ պայքարի ուղիները» խորագրով։ Ծխախոտամոլության դեմ պայքարի համար «Հաղարծին» ՀԿ-ն օգոստոսից կազմակերպել է դասընթացներ 6 մարզերի 18 դպրոցների 9-10-րդ դասարաններում, որին մասնակցել է 3000 աշակերտ։ Որպես այս միջոցառման արդյունք, «Հաղարծին» ՀԿ-ի «Պասիվ ծխողների շահերի պաշտպանության» ծրագրի ղեկավար Նարեկ Զեյնալյանը հիշատակեց աշակերտներից մեկի խոստովանությունը. «Երեկ տանը պապայիս չեմ թողել ծխի»։ Իսկ ծխախոտամոլությունը կանխարգելու ամենահզոր խոչընդոտը ՀՀ ԱՆ «Ծխախոտի օգտագործման վերահսկման բաժնի ղեկավար Ալեքսանդր Բազարջյանը համարեց ծխախոտի օրինական արտադրանք լինելը եւ նշեց, որ մեր երկրում կարելի է ծխել որտեղ ուզում ենք եւ ինչքան ուզում ենք։ «Հաղարծին» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտեմ Գրիգորյանը ներկայացրեց, որ ՀՀ տարբեր դպրոցներում անցկացրած սոցհարցումների արդյունքներով պարզվել է, որ արական սեռի դպրոցականների 32%-ը ծխում է, 56%-ը շաբաթական 15 ժամ եւ ավելի գտնվում է ծխողների միջավայրում, իսկ 87%-ը անտարբեր է իր ներկայությամբ ծխելուն։ Ալեքսանդր Բազարջյանի ներկայացրած տվյալներով, Երեւանում ամեն երկրորդ չափահասը ծխում է եւ ընդամենը բնակիչների 15%-ը երբեւէ չի փորձել ծխել։ Կանանց 39,6%-ը մշտական ծխող է, իսկ 53,6%-ը ծխել է որոշակի ժամանակահատվածում։ Ի դեպ, Հայաստանում յուրաքանչյուր տարի ծխախոտի գնման համար, «Հաղարծինի» տվյալներով, ծախսվում է 350 մլն ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ ՀՀ բյուջեն կազմում է շուրջ 550 մլն դոլար եւ ամեն օր Հայաստանում ծխելուց մահանում է 4-6 մարդ։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել