Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏ ՆԱՅԻՐ ԵՎ ՄԻ ԶԱՅՐԱՆԱ

Դեկտեմբեր 24,2003 00:00

ԵՏ ՆԱՅԻՐ ԵՎ ՄԻ ԶԱՅՐԱՆԱ Օրերս ընթերցեցի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի վրդովված մեկնաբանությունները մեր թերթում հրապարակված այն լուրի առնչությամբ, ըստ որի՝ միության շենքը պատրաստվում են վաճառել, որ այն ծառայի իբրեւ դիվանագիտական ներկայացուցչություն: «Բա կարելի՞ է մարդկանց առավոտն այդպես պղտորել, էժան սենսացիաներ սարքել,- բղավել էր պրն Անանյանը:- Լուրի հեղինակը հաստատ հոգեբուժարանի հիվանդ է»: Ակամա անցած տարիների մի պատմություն հիշեցի, երբ Լեւոն Անանյանը «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, Գրողների միության ներկայիս քարտուղար Հովիկ Հովեյանը՝ Ազգային ռադիոյի գրական-գեղարվեստական հաղորդումների գլխավոր խմբագիրը, ես էլ՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրության թղթակիցը: «Գարունն» այդ ժամանակ տպագրել էր Անահիտ Սահինյանի հոդվածը, որում նշվում էր, թե լուրեր կան, որ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը վաճառելու են՝ տեղը լինելու է կազինո: Ամսագրի այդ համարը հասել էր Գերմանիա, եւ մեր ռադիոկայանի ունկնդիրներից մեկի առավոտը հաստատ պղտորվել էր, քանզի լացակումած զանգել էր «Ազատություն» եւ հարցրել, թե այս ինչե՜ր են կատարվում մեր հայրենիքում: Խմբագիրս էլ ինձ հանձնարարեց ճշտել լուրի իսկությունը: Զրուցեցի ֆիլհարմոնիայի տնօրենի՝ Լաերտ Մովսիսյանի հետ, որը կտրականապես ժխտեց հրապարակումը: Հարցազրույցին հավելյալ նշել էի, թե գուցե նման լուրերի պատճառն այն է, որ ֆիլհարմոնիայի դիմաց գտնվող գրախանութն է վաճառվել եւ, ըստ որոշ տեղեկությունների՝ այն դառնալու է առեւտրի կենտրոն: Այս ամենի եթեր հեռարձակումից հետո Ազգային ռադիոյով մի քանի անգամ հնչեց Անահիտ Սահինյանի վիրավորանքներով լի պատասխանը: Նա, ասենք, վրդովվել էր, թե ինչպե՜ս ենք համարձակվում իր վրա մատ թափ տալ Մյունխենից: Պատասխանի հնարավորություն ընձեռելու համար դիմեցի Հովիկ Հովեյանին: Սակայն այն այդպես էլ չհնչեց Ազգային ռադիոյի եթերում: Անահիտ Սահինյանի այդ վիրավորանքները տպագրվեցին նաեւ «Գարունում» եւ ամսագիրն էլ դեռ իր կողմից նման մի բան էր հավելել, թե մեր նյութերը քչփորելու փոխարեն ավելի լավ կլիներ հետաքրքրվեիք ֆիլհարմոնիայի դիմաց գտնվող գրախանութի ճակատագրով: … Գրողների միության շենքը վաճառելու լուրի հեղինակը ես չեմ: Սակայն չեմ կարող շատ հարգելի Լեւոն Անանյանին չասել. եթե ինքներդ նույն կերպ եք աշխատել, այժմ, երբ նետած բումերանգը վերադառնում է՝ գոնե մի քիչ ավելի զուսպ եղեք մեկնաբանություններում: Ի վերջո, «Առավոտը» գոնե իր սխալն ուղղեց, մինչդեռ ժամանակին անգամ դա չցանկացաք անել: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031