Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՍԿ ԼԵՀԱՍՏԱ՞ՆԸ…»

Հունվար 23,2004 00:00

Հիշու՞մ եք «Նապոլեոնը եւ Մարիսյան» ժամանակին հանրահայտ ֆիլմը, որից թեւավոր խոսք էր դարձել «Իսկ Լեհաստա՞նը» արտահայտությունը, երբ ֆրանսիացի կայսեր գիրկը նետված լեհուհուն իր երկրի իշխանները հորդորում էին կայսրից ինքնավարություն պոկել Լեհաստանի համար:

Հայերիս հարցը դարձել է՝ բա Ղարաբա՞ղը…

1988 թվականից մինչեւ օրս հարցը արդիականությունը չի կորցնում:

Այդ հարցին ի պատասխան՝ սպանություններ ու իշխանափոխություններ են լինում, այդ հարցին ի պատասխան՝ միջպետական քաղաքականություններ են մշակվում ու իրագործվում, շրջափակում ու տնտեսության քայքայում է լինում, արտագաղթ ու…

«Իսկ Ղարաբա՞ղը» հարցը հատկապես սրվեց ու հանուրի համաձայնությամբ լռության մատնվեց 2003-ի ընտրությունների ընթացքում: Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ այս հարցը դարձավ ռազմաշունչ ու պատերազմածին հայտարարությունների առիթ՝ նրանք պարտված կողմ են, եւ դա հասկանալի էր: Ընդ որում՝ թե իշխանությունը, թե ընդդիմությունը կողմ էին Ղարաբաղի հարցի ռազմական լուծմանը՝ գոնե հարայ-հրոցի մակարդակով: Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը պատերազմ չեն ուզում՝ ոչ հայտարարությունների, ոչ որեւէ այլ մակարդակով, բայց պատրաստ են պատերազմում հաղթանակը վերահաստատելու:

Ղարաբաղը դարձել է ամեն ինչի փորձաքարը բոլորի համար: Հանուն Ղարաբաղի ընդդիմությունը հանդուրժում է իշխանությանը: Գոնե իր հայտարարությունների համաձայն: Հանուն Ղարաբաղի՝ ժողովուրդը սպասում է հարցի լուծմանը՝ նախքան…

Բայց…

Իշխանությունը իբրեւ հարցի լուծման միակ նախընտրելի տարբերակ ընտրել է հարցը չլուծելու տարբերակը: Պատահական չէ, որ 98-ից հետո հինգ տարի անց պաշտոնական մակարդակով շրջադարձ է արվում՝ հայտարարելու, որ հակամարտության կողմերը Ադրբեջանն ու Ղարաբաղն են, իսկ Հայաստանը լավագույնս հարմարվում է «Միմինոյի» հանրահայտ «ԽՑՏ ֆՑՏՑ տՏՑպՐտպՉՔՌռ»-ի դերին: Ու՝ վերջ: Մենք ուրիշ գործ չունենք:

Խորհրդային Միությունը, որը հաղթել, ավելի շուտ ջախջախել էր Գերմանիային, ապրում էր նրանից հարյուրապատիկ վատ: Մենք էլ ենք հաղթել, բայց Ադրբեջանն ավելի լավ է ապրում, շատ ավելի լավ հեռանկարներ ունի, քան մենք: Մենք պետք է կանխենք իրադարձությունների այս վտանգավոր ընթացքը: Իսկ մենք առողջ, ամուր սաղարթախիտ ծառի բնին թթու կամ այլ չորացնող նյութեր ենք լցնում, որ ծառը չորանա, հետո պատճառաբանելով, թե էս չորացած ծառը խանգարում է առողջ ծառերի աճին՝ կտրում ենք: Կտրում ենք, որ տեղը ծախենք բուդկա-մուդկա դնողներին, որ փողի վրա նստած՝ փող չեն ուզում: Ճիշտ նույն քաղաքականությունը վարվում է մեր քաղաքական դաշտում:

Ամերիկյան ողջ պատմությունն ապացուցում է, որ անգամ ամենաազատ հասարակությունն ու հասարակարգը չի կարող գոյություն ունենալ առանց ուժեղ, բայց ազգային ու հայրենասեր ղեկավարության: Մեզ եւս ուժեղ, բայց ազգային ու հայրենասեր ղեկավար է անհրաժեշտ: Շատ սխալ է նաեւ, որ մենք անընդհատ մեր իրավիճակը համեմատում ենք այլ երկրների, մասնավորապես Ամերիկայի հետ: Առավելեւս սխալ է, որ իբր թե անցումային շրջանում շատ բնական ենք համարում մեր ողբերգական, բայց ոչ երբեք անելանելի վիճակը: Ալան-թալանը, ամենաթողությունը: Քաղաքական սպանություններն ու հաշվեհարդարները: Նախ՝ նրանք նոր-նոր կազմակերպվող հասարակություն են եղել, ոչ թե մեզ նման նվազագույնը մի 100 տարի իրար հետ ապրած ու գոնե երկու պետական կարգ փոխած: Նրանք նոր էին նվաճում երկիրը: Երկրորդ՝ մեր տարածքն ու նրանց տարածքը կառավարելիության ու այլնի տեսակետից անհամեմատելի են: Երրորդ՝ նրանց երկիրը երբեք մոնոէթնիկ չի եղել: Նրանցից առաջ ոչ մի փորձ չի եղել, մենք ունենք բազում երկրների ոչ միայն փորձը, այլեւ շահագրգիռ աջակցությունը: Այսինքն՝ մենք միայն մի թերություն ունենք՝ նրանք ունեին, մենք չունենք իշխանություն, որն ուզում է ունենալ հզոր պետություն ու ուժեղ ժողովուրդ:

Բա Ղարաբա՞ղը:
Նույն շրջագծում:
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել