Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՆՔ 88-Ը ՍԵՎԱՑՈՒՄԻՑ»

Հունվար 28,2004 00:00

«ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵՆՔ 88-Ը ՍԵՎԱՑՈՒՄԻՑ» Դեկտեմբերի 26-ին լրացավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի ծննդյան 80 ամյակը: Դեռեւս 64-65թթ. նա եղել է ազգային շարժման ակունքներում՝ իր պայքարը շարունակելով առ այսօր: Նա շարունակում է նաեւ գիտական գործունեությունը՝ ղեկավարում է ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնը: – Պարոն Ղազարյան, դուք շատ հարուստ կենսագրություն ունեք, մեծ վաստակներ՝ ինչպես գիտական, այնպես էլ քաղաքական գործունեության մեջ: Ո՞րն եք համարում ձեր ամենամեծ ձեռքբերումը: – Գիտակրթական ոլորտում մեծ հաջողություն եմ համարում, որ հիմնեցի երկու հայալեզու ամբիոններ, որոնք հիմք հանդիսացան ռադիոինժեներների եւ ռադիոֆիզիկոսների կադրերի պատրաստմանը: Մեկը ԵՊՀ-ում՝ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ամբիոնը, մյուսը Ճարտարագիտական համալսարանում՝ ռադիոհիմունքների եւ կապի ամբիոնը: Ազգային-հասարակական ոլորտում ձեռքբերում եմ համարում մասնակցությունս 88-ի վերելքին: Ողջ կյանքիս երազանքն էր՝ մասնակցել մեր կորցրած որեւէ հողակտորի վերադարձին, եւ երջանիկ եմ, որ կյանքիս մայրամուտին ունեցա այդ հնարավորությունը՝ մասնակցել Արցախի ազտագրմանը: Դա համարում եմ կյանքիս ամենակարեւոր գործը: – 88-ին «Ղարաբաղ» կոմիտեն մի բարձունք էր, նվիրյալների խումբ: Այսօր շատերը փորձում են ցեխ շպրտել նրանց վրա: Կոմիտեի անդամներն էլ ցրվել են, հեռացել, թշնամացել… Նրանցից ո՞ւմ հետ եք կապ պաշտպանում: – «Ղարաբաղ» կոմիտեն մաքուր եւ անձնվեր էր աշխատում առաջին երեք տարին: Որոշ անդամների կերպարանափոխությունը սկսվեց ավելի ուշ, երբ ազգայինը զիջեց անձնականին: Ես փորձեցի այդ շեղման դեմ ընդվզել, սկզբում մեղմ, հետո ավելի սուր քննադատությամբ, ի վերջո մենք հեռացանք եւ դարձանք հակառակորդներ: Երբեք՝ թշնամիներ, քանի որ ոչ մեկի հանդեպ թշնամանք չկա, այլ միայն՝ ցավ նրանց կերպարանափոխության համար, ցավ, որ ստիպված եղա դառնալ նրանց հակառակորդը եւ սուր քննադատը, լինի դա Լեւոնը, Վանոն: Մի քանիսն էլ մնացին անաղարտ ու մաքուր, ինչպես Աշոտ Մանուչարյանը: Գոհ եմ նաեւ Ալեքսան Հակոբյանի ծավալած գործունեությունից, քանի որ Քաշաթաղի վերաբնակեցումը շատ կարեւոր է: Կապ եմ պահպանում նաեւ Վազգեն Մանուկյանի, Դավիթ Վարդանյանի հետ: Որքան էլ Վ. Մանուկյանի որոշ քայլեր չընդունեմ, բայց վստահ եմ, որ նա չի կարող դառնալ ժողովրդին վնասող, դավաճան: Կգա ժամանակ, որ նա նորից կվերականգնի իր քաղաքական պոտենցիալը: -1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ դուք պաշտպանեցիք Ռոբերտ Քոչարյանին, հուսալով, թե նա կլուծի Ղարաբաղի հարցը: Այսօր ինչպիսի՞ն եք տեսնում հիմնահարցի վիճակը: -Այսօր նախագահն ու ԱԺ-ն իրավունք չունեն շարունակելու իրենց գործունեությունը, քանի որ նրանք չհաստատեցին եւ չհիմնավորեցին իրենց լեգիտիմությունը, ավելին՝ նրանք համոզմունք մտցրեցին ժողովրդի մեջ, որ իրենք լեգիտիմ չեն: Բայց ես հիշում եմ, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացահայտ հայտնեց Ղարաբաղը վերադարձնելու իր մտադրությունը՝ ինչ-որ անհայտ բարձր կարգավիճակով, ես դա համարում էի պարտություն, դավաճանություն, դրանից ավելի վատ չէի պատկերացնում: Սյսօր իշխանությունները նախապատրաստում են ժողովրդին՝ ազատագրված տարածքները հանձնելու մտքին, բայց դա մեծ պարտություն է: Չի կարելի հանձնել այդ տարածքները, իսկ Մեղրիի մասին խոսել ընդհանրապես անթույլատրելի է: Ես շատ տագնապած եմ իշխանավորների պահվածքից: Ոչ մեկին հայտնի չի, թե ի՞նչ գաղտնի պայմանագրեր են նրանք ստորագրում: Քոչարյանի սխալներից մեկն էլ այն էր, որ նա Ղարաբաղն ընդհանրապես դուրս մղեց բանակցային գործընթացից: Այս մտահոգություններն են պատճառը, որ ես՝ 80-ամյաս, մասնակցում եմ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնությանը, որ կարողանանք այդ արհավիրքի առաջն առնել: – Դուք հրապարակել եք ձեր հուշերը՝ «Հաշվետու եմ» վերնագրով: – Սարսափելի է, որ ժողովուրդը ծանր սոցիալական վիճակը կապում է անկախության հետ: Փորձում եմ բացատրել, որ գուցե դա ղեկավարների անփորձության կամ ապաշնորհության հետեւանքն է, օբյեկտիվ գործոններն են՝ պատերազմ, երկրաշարժ, եւ այլն: Բայց ոչ երբեք՝ անկախություն: Պետք է պաշտպանել 88-ի մաքուր, ժողովրդական ընդվզումը այսօրվա հետին թվով վերաորակումներից, սեւացումներից: Նաեւ փորձել եմ տալ ժամանակագրությունը՝ 88-ից՝ 89-ի կեսերը: Չգիտեմ, կկարողանա՞մ գրել շարունակությունը, քանի որ տեսողությունս շատ է վատացել, բայց գոնե այդքանը հասցրեցի անել: – Ձեր հոբելյանի առիթով իշխանություններից շնորհավորանք ստացա՞ք: – ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված հոբելյանական արարողության ժամանակ ԿԳՆ-ն պարգեւատրեց նախարարության հուշամեդալով, իսկ միջոցառման ավարտից հետո ինձ առանձին, առանց վկաների հանձնեցին անձնական նամակ Ռոբերտ Քոչարյանից: – Իսկ կառավարական պարգե՞ւ: – Չէ, ես ոչ մի կառավարական պարգեւ չունեմ մեր հանրապետությունից, բայց ստացել եմ Արցախի կառավարական պարգեւ «Մխիթար Գոշ» մեդալ՝ 40 տարի Արցախի հարցին հետամուտ լինելու համար: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել