Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պետության հիմնաքարը

Հունվար 28,2004 00:00

Մեր պետության հիմնաքարը Այսօր ՀՀ Զինված ուժերի տարեդարձի օրն է Այս առիթով երեկ նախագահ Քոչարյանը ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք զինծառայողների պարգեւատրեց 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշաններով, Արիության ու Մարտական ծառայության մեդալներով: Մասնավորապես, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը պարգեւատրվեց «Վարդան Մամիկոնյան» շքանշանով: Հունվարի 26-ին նախագահը հրամանագիր է ստորագրել նաեւ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Ստեփան Միրզոյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին, իսկ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Գրիգորյանին եւ ՊՆ թիվ 60925 զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Գաբրիելյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: «Բանակը դարձավ մեր պետության ստեղծման հիմնաքարը, սակայն եթե պետությունը չկայանա, բանակը չի կարող գոյատեւել, չի կարող արդյունավետ լինել: Կարծում եմ՝ հիմա այն ժամանակահատվածն է, երբ այս երկու գործոնը ներդաշնակ, իրար հետ բավական հետաքրքիր արդյունքներ արդեն տալիս են: Ժողովուրդը իրավունք ունի հպարտանալ իր պատմության այս ժամանակաշրջանով: Սակայն հպարտանալու այդ հնարավորությունը նաեւ պարտավորեցնում է բոլորիս՝ հիշել եւ գնահատել այն մարդկանց, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր Զինված ուժերի կայացման գործում»,- իր շնորհավորական խոսքում նշեց Ռ. Քոչարյանը: Նախագահը խոստացավ, որ Զինված ուժերի նկատմամբ տարեցտարի ուշադրությունն ավելի լուրջ կլինի եւ բանակում ծառայելը կդառնա պատվաբեր յուրաքանչյուր զինվորի համար: «Երբ 92-ին եկա (Ռուսաստանից-Հ. Բ.) բանակ չունեինք, բայց հիմա տեսնում եմ, որ բանակ ունենք: Բանակ, որը կարող է հաղթել եւ իր խնդիրները կատարել»,- նշեց պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց, որ պետությունը արտաբյուջետային միջոցներ է գտնում Զինված ուժերի համար, ինչի շնորհիվ էլ բանակը նախեւառաջ չունի աշխատավարձերի հետ կապված խնդիրներ: Հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը նկատեց, որ սյունազարդ դահլիճն առավել գեղեցկացել է զինվորականների ֆոնի վրա եւ ափսոսանք հայտնեց, որ պաշտպանության նախարարն իր շքանշանները չի կրում: Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ինքն էլ զինվորական համազգեստով չի եկել հանդիպման. «Ես զինվորական չեմ, ես քաղաքացիական անձնավորություն եմ»: Նախագահի ցանկությանն ի պատասխան էլ նշեց. «Նախագահն ասաց՝ լավ կլիներ, որ շքանշանները հագնեի: Կհագնեմ»,- խոստացավ Սերժ Սարգսյանը: «Մենք հունվարի 15-ին ամփոփեցինք տարվա արդյունքները եւ եզրակացությունը միանշանակ է. մեր բանակը մարտունակ է, պատրաստ է կատարելու իր առջեւ դրված խնդիրները»,- նշեց պաշտպանության նախարարը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել