Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ

Փետրվար 27,2004 00:00

2001-2002թթ. մարդասիրական ճանապարհով Հայաստան մուտք գործած դեղերից ժամկետանց են դարձել մոտ մեկ մլրդ դրամի դեղեր:

2001թ. մայիսին ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) դեղորայքային եւ տեխնոլոգիական ապահովման վարչության պետ է նշանակվել Արտաշես Բիշարյանը: Նա «Դեղաբազա Երեւան» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Ա. Բիշարյանն այդ ժամանակահատվածում եղել է նաեւ «Դեղագործների ասոցիացիայի» նախագահը: 2001թ. օգոստոսից մինչեւ 2002թ. նոյեմբեր մարդասիրական ճանապարհով Հայաստան առաքված դեղերի բաշխումը կատարել է Ա. Բիշարյանի ղեկավարած վարչությունը: Հենց այս ժամանակահատվածում առաջացել է մոտ մեկ մլրդ դրամի ժամկետանց դեղորայք:

Ժամկետանց դեղորայքի առաջացման պատճառը հիմնականում դեղի բիզնեսի տերերի գործունեության խթանումն է եղել, այսինքն՝ հումանիտար դեղորայքի բաշխումը միտումնավոր դանդաղեցվել է, որպեսզի բիզնեսը չտուժի:

2003թ. այդ դեղերի բաշխումը կատարել է ԱՆ մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը: Բաշխվել է մոտ 1,3 մլրդ դրամի դեղորայք: 2003թ. առաջացել է մոտ 40 մլն դրամի ժամկետանց դեղ:

2002թ. աշնանը Ազգային անվտանգության նախարարությունը ստուգումներ է կատարել մարդասիրական կենտրոնում, եւ դեկտեմբերին արդեն ստուգման արդյունքները հանձնվել են ՀՀ գլխավոր դատախազություն: 2003-ի հուլիսին հարուցվել է քրեական գործ: Դատախազության հարցաշարերով մարդասիրական կենտրոնում 2003թ. հոկտեմբերին ստուգումներ է սկսել ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության վարչությունը:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Արտաշես Բիշարյանը դեղերի վաճառքի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում, նա դեղերի իրացմամբ զբաղվող «Դեղաբազա Երեւան» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում համապատասխան դեղերի առկայության պարագայում հանրապետության բուժհաստատություններին բաշխվել է ավելի քիչ քանակով, որպեսզի համանման դեղերի բիզնեսով զբաղվողները չտուժեն:

Դրա հետեւանքով մարդասիրական օգնության կարգով ստացված եւ այդ կենտրոնում պահեստավորված դեղերը դարձել են ժամկետանց եւ օգտագործման համար ոչ պիտանի:

Հիմա տեսնենք, թե որ դեղերն են դարձել ժամկետանց, երբ Արտաշես Բիշարյանի ղեկավարած վարչությունը սկսել է բաշխել մարդասիրական դեղերը:

«Զիտրոմաքս» դեղը լայն սպեկտրի հակաբիոտիկ է եւ մեծ պահանջարկ ունի: 200 միլիոն դրամի «Զիտրոմաքս» 2001-2002 թվականներին դարձել է ժամկետանց: «Տրիկորը» նախատեսված է սրտային հիվանդությունների եւ խոլեստերինի իջեցման համար: 300 միլիոն դրամի «Տրիկոր» նույնպես դարձել է ժամկետանց: Այս դեղամիջոցը մեծ պահանջարկ ունի հատկապես մեծահասակների շրջանում, այսինքն՝ տասնյակ հազարավոր թոշակառուներ զրկվել են այն անվճար ստանալու հնարավորությունից: «Կեպրա» հոգեմետ դեղը, որը մեծ պահանջարկ ունի հոգեբուժարաններում, 54 մլն դրամի չափով դարձել է ժամկետանց: 55 մլն դրամ արժեքով ժամկետանց է դարձել «Զոֆրան» դեղը, որը համարվում է հակաուռուցքային դեղամիջոց եւ դարձյալ մեծ պահանջարկ ունի: Այսպիսով, պաշտոնյաներն իրենց եւ իրենց ընկերների բիզնեսը խթանելու համար աղբանոց են նետել մարդասիրական օգնությամբ ստացված դեղերը:

Մենք դեռեւս չենք կարողացել պարզել, թե հատկապես որ կազմակերպություններն են ներկրել վերոհիշյալ ու նմանատիպ մյուս դեղերը, եւ պետական գնումների գործակալությունն ումից է գնել դրանք:

Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության կենտրոնը տնօրինում է Միացյալ հայկական հիմնադրամից եւ այլ դոնոր կազմակերպություններից առողջապահության նախարարություն առաքված հումանիտար օգնությունը, պահեստավորում է այն, տեսակավորում եւ բաշխում: Բոլոր դեղերը եւ բժշկական պարագաները հաշվառված են եւ քարտավորված, ինչն էլ հնարավորություն է տվել ցանկացած պահի տեղեկություն ունենալ ցանկացած դեղատեսակի մնացորդի մասին:

2000թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ առողջապահության նախարարի թիվ 726 հրամանով հաստատվել է մարդասիրական օգնության բաշխման մասին կարգը: Նախարարությունն ինքն է կատարել բաշխումը: Դոնոր կազմակերպությունը նախապես ուղարկել է առկա դեղերի եւ պարագաների ցուցակները, որոնք քննարկվել են նախարարության համապատասխան վարչություններում, ճշտվել է դրանց պահանջարկը եւ ուղարկվել դոնոր կազմակերպությանը: Այսինքն՝ մարդասիրական օգնության դեղերը եւ բժշկական պարագաները ՀՀ ներմուծվել են ըստ Առողջապահության նախարարության կազմած ցուցակների: Ասել է թե՝ դրանք ավելցուկ չպետք է տային:

(շարունակելի)
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել