Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցու բակում շարունակվում է ստորագրահավաքը՝ Շիրակի թեմի առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու ու նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։ Ստորագրահավաքին արդեն 4000 հոգի են միացել, ընդ որում՝ Շիրակի տարբեր բնակավայրերից ևս մարդիկ հատուկ գալիս են Գյումրի՝ ի պաշտպանություն Սրբազանի։
Այսօր ստորագրահավաքին միացան Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները՝ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի գլխավորությամբ․ նրանք խաչակնքվելով մոտեցան եկեղեցուն։
Կարդացեք նաև
Ստորագրահավաքին միացավ նաև Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Շիրակի պետական համալսարանի նախկին երկարամյա ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը առաջիկա ԱԺ ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանին։
Հիշեցնենք, որ ստորագրահավաքով հավատավոր ժողովուրդը պահանջում է հարգել իր սահմանադրական իրավունքը, կես դարից ավելին Աստծուն և Հայ Եկեղեցու շենացմանը նվիրված Միքայել Սրբազանին թույլ տալ շարունակել կատարելու իր հովվական պարտականությունները ու բավարարել հավատացյալների հոգևոր պահանջմունքը։
«Պահանջում ենք՝ անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը»,- գրված է հայտարարության տեքստում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































