Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում սույն թվականի ապրիլի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կայացավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը։ Նա նշեց, որ Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին առաջին անգամ միանում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ «Հայ ժողովրդի և այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրությունը տասնամյակներ շարունակ գտնվել է Արվեստի ինստիտուտի գիտական հետազոտությունների առանցքում։ Դա նաև հայագիտության կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում շատ կարևոր է հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների ուսումնասիրությունը», – ասաց Աննա Ասատրյանը։
Նա նշեց, որ գիտաժողովը լինելու է ամենամյա և գումարվելու է յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին։ Յուրաքանչյուր գիտաժողով ունենալու է իր պատվավոր հյուրը։ Այս գիտաժողովի պատվավոր հյուրը ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Հովհաննես Չեքիջյանն էր։
Կարդացեք նաև
«Մաեստրոն իր գործունեությամբ հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ է։ Մեզ համար միանգամից պարզ էր, թե ով պետք է լինի անդրանիկ գիտաժողովի պատվավոր հյուրը՝ մի մարդ, ով կրթվելով Ֆրանսիայում, ձևավորվելով ֆրանսիական երաժշտական միջավայրում, հետագայում իր ստեղծագործական ողջ կատարողական գործունեության ընթացքում պրոպագանդել է ֆրանսիական վոկալ սիմֆոնիկ երաժշտությունը», – ասաց Աննա Ասատրյանը։
Գիտաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը դարերի պատմություն ունեն, և այսօր էլ այդ կապերն ինտենսիվ զարգանում են։ Առաջին հայը Ֆրանսիայում հայտնվել է դեռևս 591 թվականին: 1855 թվականին լույս տեսավ Ֆրանսիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Արևելքը»: Ընդհանուր առմամբ, մինչ այսօր Ֆրանսիայում հրապարակված հայերեն պարբերականների թիվն անցնում է 215-ից:
Ի սկզբանե հայ-ֆրանսիական մշակութային կապերը կրել են անհատական բնույթ։ Ֆրանսիայում են սովորել և ստեղծագործել շատ հայ անվանի գործիչներ` Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Ստեփան Աղաջանյան, Հակոբ Գյուրջյան և այլոք: Իսկ երբ մենք ունեցանք պետականություն, այդ մշակութային կապերը սկսեցին կրել արդեն միջպետական բնույթ։ 1949 թվականին ստեղծվել է Ֆրանսահայ մշակութային միությունը, որը մինչ օրս ակտիվ գործում է։ Որպեսզի մշակութային կապերը տարբեր երկրների, տարբեր ժողովուրդների հետ ամուր լինեն, և մենք հաղորդակցվենք և մասնակից դառնանք համաշխարհային մշակույթի զարգացմանը, պետք է ձգտենք ամրապնդել մեր պետականությունը, իսկ մշակույթը պետականության կարևոր գործիքներից է», – ասաց Յուրի Սուվարյանը։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Լիբանանից, Հայաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից։ Նրանց գիտական զեկուցումները նվիրված էին հայ-ֆրանսիական առնչություններին երաժշտության, ճարտարապետության մեջ, կերպարվեստում և թատրոնում։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին




















































