Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ին անտեսու՞մ են

Մարտ 18,2004 00:00

ԼՂ-ին անտեսու՞մ են

Այժմ արդեն կարելի է հիմնավորապես արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտության
կարգավորման գլխավոր միջնորդի դերը ստանձնած կազմակերպությունը՝ ԵԱՀԿ-ն,
այլեւս վերջնականապես եւ անշրջելիորեն հակամարտության կողմեր է ճանաչում
միայն Հայաստանին եւ Ադրբեջանին:
Երեկ ԵԱՀԿ գործող նախագահ, Բուլղարիայի արտգործնախարար Սոլոմոն Պասիի եւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի համատեղ ասուլիսին լրագրողներն ուղղակի նույն հարցը տարբեր ձեւակերպումներով տալու հրաշքներ գործեցին: Նպատակը մեկն էր՝ պարզել, թե ինչ կերպ է պատկերացնում պրն Պասին ԼՂ դերը՝ անմիջականորեն իր իսկ ճակատագրին առնչվող բանակցային գործընթացում: Իզուր: Հնչած բոլոր խորամանկ կամ ոչ այնքան խորամանկ հարցերին ի պատասխան ԵԱՀԿ նախագահի կողմից մատուցվում էր տառացիորեն միեւնույն ձեւակերպումը. «խնդիրը կարող է լուծվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերով»: Թերեւս միակ բացառությունն այս «ռազմավարությունից» այն էր, որ Սոլոմոն Պասին տեղեկացրեց իր եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպման մասին, նշելով, թե արդեն իսկ բավականաչափ տեղեկացված է ղարաբաղյան կողմի մտահոգություններին: Ինչ վերաբերում է ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Պասիի մնացյալ դիտարկումներին, ապա դրանք հին էին, ինչպես հակամարտությունն ինքը: Թվարկենք դրանցից մի քանիսը. «թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում ես տեսա խնդրի խաղաղ կարգավորման մեծ ցանկություն եւ պատրաստակամություն», «ԵԱՀԿ-ն չի կարող պատրաստի դեղատոմս առաջարկել հակամարտող կողմերին, այլ ընդամենը կարող է աջակցել նրանց», եւ այլն: Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարին, ապա վերջինս նույնպես օրիգինալ չէր իր պատասխաններում: Դարձյալ շոշափվեց բանակցությունները զրոյական կետից սկսելու՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կեցվածքը, եւ դարձյալ Օսկանյանը պնդեց, որ ժամանակին որոշակի համաձայնություններ եղել են, ու եթե Ադրբեջանը մտադիր է ամեն ինչ սկսել մաքուր էջից, ապա պետք է բանակցի հենց ղարաբաղյան կողմի հետ: Վարդան Օսկանյանը հաստատեց ադրբեջանական մամուլում հրապարակված այն լուրը, թե մարտի 29-ին ինքը եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցը Պրահայում հանդիպելու են Մինսկի խմբի համանախագահներին: «Այդժամ մենք մեկ անգամ եւս կփորձենք պարզել, թե Ադրբեջանն ի վերջո որ կետից է մտադիր շարունակել բանակցությունները»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:

Եվ մի բան էլ. Վարդան Օսկանյանը, կարծես փորձելով արդարացնել Սոլոմոն Պասիի՝ բանակցությունների ֆորմատի վերաբերյալ տրվող միատիպ եւ միալար պատասխանները, նշեց, թե մեծ հաշվով նրա ասածի մեջ ճշմարտություն կա, իսկ «յուրաքանչյուրդ արդեն կարող է իր սեփական եզրակացությունն անել»: Փորձենք անել մեր սեփական եզրակացությունը: Հաշվի առնելով Արկադի Ղուկասյանի՝ ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո արած հայտարարությունը, թե առանց Ղարաբաղի մասնակցության խնդիրը, միեւնույն է, երբեք չի լուծվի, ինչպես նաեւ նկատի առնելով այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի խոսակցության հիմնական թեման այժմ էլ դարձել է զրոյական, կամ զրոյից տարբեր կետերի որոնումը, ապա ԼՂ հարցի կարգավորման հնարավորության վրա այլեւս կարելի է երկար ժամանակով խաչ քաշել:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031