Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրմուղից դարձյալ բողոքում են

Հուլիս 02,2004 00:00

Ջրմուղից դարձյալ բողոքում են «Առավոտն» արդեն անդրադարձել է Գյումրիի որոշ թաղամասերի տարին տասներկու ամիս ջրազուրկ լինելու խնդրին: Վերջերս խմբագրություն էին դիմել նաեւ Հղկող-հաստոցներ գործարանի տնակային թաղամասի բնակիչները՝ դարձյալ դժգոհելով Ջրմուղկոյուղու «քար» անտարբերությունից: Բնակիչների ասելով, իրենց տարածքում ավստրիացիների ոտք դնելուց ու մանկական հիվանդանոց կառուցելուց հետո ջուրը «անհետ կորել է»: Վերջերս կտրվել է նաեւ հորի մեջ տեղադրված միակ աղբյուրը, որի պատճառով իրենք «հալից ընկել են, թեւերն էլ 5 սանտիմետրով երկարել»: Այս թաղամասի մոտ 20 ընտանիքի առօրյան սկսվում է 200-300 մետր հեռավորությունից ջուր կրելով: Իսկ Ջրմուղկոյուղին ահազանգերին ընդհանրապես չի պատասխանում: Բնակիչները ենթադրում են, թե չի բացառվում, որ ջրաչափ չլինելու պայմաններում մի գեղեցիկ օր Հայջրմուղն իրենց էլ դատի կտա ու չօգտագործվածի դիմաց գումարներ կպահանջի: Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը շահագործող Շիրակ մասնաճյուղի տնօրեն Վարդան Մարտիրոսյանին: Վերջինս էլ իր հերթին մեղադրեց բնակիչներին «սուտ խոսելու», իրեն ոչ մի անգամ չահազանգելու մեջ: Պաշտոնյայի խոսքերով, եթե նույնիսկ ահազանգը իրական լիներ, իրենք հորի մեջ գտնվող աղբյուրի վթարը վերացնելուց բացի ոչինչ չէին կարող անել, քանի որ նախկին գործարանների ներքին ցանցը երբեւէ չեն սպասարկել, իրենց հաշվեկշռում չի գտնվել: «Ո՞վ էր խնդրում առանց մեզ տեղյակ պահելու, Ջրմուղի հետ տեխնիկական պայմանագիր կնքելու՝ ուրիշի ցանց մտնել, մի բան էլ դժգոհել, թե ջուր չկա: Նրանք նույն հաջողությամբ կարող էին իրենց ջուրը ուրիշի ջեռուցման կամ էլցանցից միացնել»,- ջուրը «կորելու» փաստին այսպիսի մեկնաբանություն տվեց փոխտնօրեն Ստեփան Պետրոսյանը: Ջրմուղի պաշտոնյաների կարծիքով, Գյումրիում ով որտեղից պատահի՝ ջրագիծ է քաշել, ինչի արդյունքում ջրագծերը մաշվել են: Տնօրենի կարծիքով՝ անհրաժեշտ է առնվազն միլարդատեր լինել հիշյալ ժամանակավոր թաղը ջրով ապահովելու համար. այստեղ հարկավոր է 150-250 մետր ջրագիծ, որի հնարավորությունը իրենք չունեն: Իսկ առհասարակ, ըստ հիշյալ ձեռնարկության աշխատակիցների, Ջրմուղից բողոքելը Գյումրիում պարզապես մոդա է դարձել. ում նկուղում ջրի «կտոր» է հայտնվում, Ջրմուղ է վազում: Իսկ թե ինչու Ջրմուղկոյուղին էլ իր հերթին փորձում է մեռածների ջրի վարձն անգամ գանձել՝ մեր հարցից տնօրենը շատ զարմացավ. «Ես միայն մի բան գիտեմ, որ այս քաղաքում բոլորը մեռնող են, ծնվող չկա. հենց մարդ է մեռնում՝ մահվան վկայականը ձեռքերին առաջինը ջրմուղ են շտապում (վարձը պակասեցնելու նպատակով-Ն. Ա.), բայց ծննդական ներկայացնող ընդհանրապես չկա»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել