Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններն

Ապրիլ 05,2005 00:00

Ընտրություններն անցել են ժողովրդավարական չափանիշներով Մարզպետը դժգոհ է «Առավոտի» ռեպորտաժից Հարգելի պարոն Աբրահամյան. Ձեզ դիմելու առիթը «Առավոտ» թերթի 29.03.2005 թ. համարում տպագրված Լուսինե Բուդաղյանի «Կլանային կապերը կուսակցությունից կարեւոր են» նյութն է։ Շատ անհասկանալի է, թե ինչու է լրագրողը հենվում ոչնչով չհիմնավորված երկու կողմերի տված տվյալների վրա, ըստ որոնց՝ ես իբր աշխատել եմ այն թեկնածուի դեմ, որին սատարել է Հանրապետական կուսակցությունը, երբ նման փաստեր իրականում գոյություն ունենալ չեն կարող, սակայն չի նշում նույն հարցի վերաբերյալ իմ տված հստակ պատասխանը։ Լրագրողը ենթադրություններով փորձում է իբր թե իր կողմից բացահայտված իմ դիրքորոշումը բացատրել խնամիական հեռանկարներով։ Կարծում եմ, չէր կարելի հարցն այդքան մանրացնել՝ մատնանշելով այդ ամենի հետ որեւէ առնչություն չունեցող ընտանիքի անդամներին։ Կամ ի՞նչ է նշանակում կլանային կապեր. շատ չի՞ ասված մի փոքր եւ մարդկային հարաբերություններում իր խաղաղ վարքուբարքով ամբողջ հանրապետությունում հայտնի քաղաքի համար, ինչպիսին Իջեւանն է։ Որպես Տավուշի մարզպետ՝ ես մարտի 27-ին կայացած ընտրություններում (տեղեկացնեմ, որ այդ օրը համայնքի ղեկավարի ընտրություն էր ոչ միայն Իջեւան քաղաքում, այլեւ Խաշթառակ գյուղում, ինչին չի արձագանքել լրագրողը) մեկ գերխնդիր ունեի. ապահովել արդար, օրենքի պահանջներին համապատասխան ընտրություններ։ Այսօր արդեն հստակ կարող ենք ասել, որ Իջեւանում համայնքի ղեկավարի ընտրությունները հենց այդպիսին էին։ Այս մասին վկայում են եւ երկու թեկնածուների վստահված անձինք, որոնց կողմից ոչ մի ընտրակեղծիք չի արձանագրվել, եւ տեղամասային, ընտրատարածքային, Կենտրոնական ընտրական հանձնաժողովները, եւ վերջապես՝ ժողովուրդը։ Փաստը, որ մյուս թեկնածուի կողմից արդյունքները չեն բողոքարկվել եւ մարտի 27-ի ընտրությունները անցել են առանց այդ գործընթացը ստվերող միջադեպերի, լավագույն վկայությունն են Իջեւանում ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրությունների, որոնք կարող են հանրապետությունում հետագա տարբեր ընտրությունների համար լավագույն օրինակ դառնալ։ Գուցե լրագրողը՝ անդրադառնալով Իջեւանի քաղաքապետի ընտրություններին, շեշտը դներ հենց ա՞յս փաստի վրա, այլ ոչ թե առաջնորդվեր ոչնչով չհիմնավորված ենթադրություններով։ Հարգելի պարոն Աբրահամյան, հուսով եմ այս հրապարակման արդյունքում կվերանա այն թյուրըմբռնումը, որ ծագել է Ձեր թերթի մարտի 29-ի վերոհիշյալ հրապարակմամբ։ Տավուշի մարզպետ՝ Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԼ. Բուդաղյանի ռեպորտաժում հրապարակված բոլոր տեղեկությունները հաղորդվել են կոնկրետ անձանց կողմից։ Ձայնագրությունները պահպանվել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930