Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ

Ապրիլ 09,2005 00:00

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ «ԱրմենՏելը» զրկել է վետերանների մի խմբի՝ հեռախոսավարձի 50 տոկոս զեղչից Մենք արդեն գրել ենք այն մասին, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ նրանց հավասարեցված անձանց համար տրվող գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի եւ ջերմամատակարարման 50 տոկոս զեղչերը կառավարության անցյալ տարվա թիվ 207 որոշմամբ փոխարինվեցին 3500 դրամ ամսական օգնությամբ՝ առանց ինդեկսացիայի: Այս տարվա սկզբից գումարին ավելացավ եւս 1000 դրամ՝ ջրի դիմաց, այն դեպքում, երբ վետերաններից նախորդ ողջ տարվա ընթացքում գանձել են առանց զեղչի վարձավճար: Իսկ այժմ էլ վետերանները, ավելի ճիշտ՝ վետերաններին հավասարեցված անձինք, ստիպված են նոր կռիվ սկսել, հիմա էլ՝ «ԱրմենՏելի» դեմ, որովհետեւ վերջինս որոշել է նրանց չներառել 50 տոկոս զեղչով վճարողների ցանկում: Հիշեցնենք, որ կառավարության հիշյալ որոշումից հետո պատերազմի մասնակիցներին ու նրանց հավասարեցված անձանց դեռ թողել են 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի վարձերը: Ընդամենը մեկ ամիս առաջ ընկերությունը հանկարծ «գլխի էր ընկել», որ անցյալ տարվա ապրիլից արցախյան ազատամարտի մասնակիցները պետք է առանց զեղչի վճարեին հեռախոսավարձը եւ որոշել էր միանգամից գանձել «կուտակված պարտքը»: Դեռ լավ է, որ ԱԺ պատգամավորներից մի քանիսի միջամտությամբ «ԱրմենՏելը» հապաղեց իր որոշումն ի կատար ածել եւ այժմ քննարկումների մեջ է: Սակայն զուգահեռաբար ընկերությունն իր մասնաճյուղերին է ուղարկել վճարման 50 տոկոս զեղչից օգտվողների ցանկը, որի մեջ չի ներառել Հայրենական պատերազմի մասնակիցներին եւ հաշմանդամներին հավասարեցված անձանց: Այնինչ, կոմունալ արտոնություններից օգտվելու մասին կառավարության բոլոր որոշումներում վետերանների կողքին պարտադիր նշվում է «եւ նրանց հավասարեցված անձինք», նույնն է, թե՝ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ: «Երբ ես փորձեցի «ԱրմենՏելի» Դավիթաշենի մասնաճյուղում պաշտպանել իմ իրավունքները, հաշվապահն ու մենեջերը միաբերան ասացին, որ իրենք ղեկավարվում են իրենց կենտրոնից ստացած ցանկով: Իսկ «ԱրմենՏելի» իրավաբանը պատասխանեց, թե իրենք ցանկը վերցրել են Հայրենական մեծ պատերազմի մասին օրենքից ու շրխկացրեց հեռախոսը»,- «Առավոտին» ներկայացրեց հաշմանդամ վետերաններին հավասարեցվածի կարգավիճակ ունեցող Հովհաննես Ռուշանյանը: Ի դեպ, նրա զրուցակցի հիշատակած օրենքում նշվում է, որ «վետերաններ են համարվում ՀՀ այն քաղաքացիներն ու երկրում մշտապես բնակվող այն անձինք, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին»: Սակայն օրենքի 3-րդ հոդվածում էլ ասվում է. «Եթե ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսվում են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: Հատուկ «իրավաբանի» համար հիշատակում ենք 1994թ. ապրիլի 15-ին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների միջեւ կնքված եւ առայսօր ուժի մեջ համարվող «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների եւ զոհվածների ընտանիքների արտոնությունների ու սոցիալական երաշխիքների ճանաչման մասին» միջպետական համաձայնագիրը, որտեղ հստակ սահմանվում է, որ բոլոր արտոնությունները միանշանակ վերաբերում են թե վետերաններին, թե նրանց հավասարեցված անձանց: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել