Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ

Ապրիլ 15,2005 00:00

ՆՈՐԻՑ ՏԱՎԻՂ ԿՀՆՉԻ «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կայանալիք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) բացառիկ է նրանով, որ երկարատեւ ընդմիջումից հետո երաժշտասերները կհանդիպեն տավիղ նվագարանին՝ որպես մենակատար գործիքի: Նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգա բելգիաբնակ հայազգի ճանաչված տավղահարուհի Սյուզաննա Միլդոնյանը: Ի դեպ, տավղահարուհու առաջին ելույթը Հայաստանում կայացել է 1968թ., դարձյալ ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ: Երաժիշտը աշխարհում միակ տավղահարուհին է, որ արժանացել է երեք հեղինակավոր միջազգային մրցույթների առաջին մրցանակներին՝ Իսրայելում, Ժնեւում եւ Փարիզում: Նրա մենահամերգները կայացել են Եվրոպայում, Ամերիկայում, Ճապոնիայում, Ռուսաստանում եւ այլուր՝ հայտնի դիրիժորներ Ռ. Կուբելիկի, Է. Յոխումի, Հ. Շտայնի, Է. Մատայի, Ե. Կուրցի եւ այլոց ղեկավարությամբ: Ներկայումս Ս. Միլդոնյանը, համերգային գործունեությանը զուգահեռ, դասավանդում է Բրյուսելի Conservatoire Royal եւ Սիենայի Accademia Chigiana-ում: Տավղահարուհու հետ կարճատեւ զրույցից պարզեցինք, որ հնագույն ծագումով կսմիթային նվագարանի այսօրվա տեսքի համար պարտական ենք ֆրանսիացի երաժիշտ, վարպետ Մ. Էրարին: Մեր զրուցակիցը համակարծիք էր մեզ հետ, որ դարերից եկած այս նվագարանը, չգիտես ինչու, ոչ պատշաճ ուշադրության է արժանացել՝ թեկուզ այդ գործիքով նվագող երաժիշտների քանակով: Սա այն դեպքում, երբ Իռլանդիայում, Ավստրիայում տավիղը համարվել է ֆոլք նվագարան: 14-15-րդ դարերում տավիղ նվագել են բացառապես տղամարդիկ: Միայն 1700-ականներից սկսած այն դարձել է «կանացի» նվագարան: «Անցյալ դարի կեսերից Եվրոպայում եւ ընդհանրապես աշխարհում աճել է հետաքրքրությունը տավիղի նկատմամբ: Իսկ աշխարհում առաջինը 1959-ից երեք տարին մեկ Իսրայելում անցկացվում է տավղահարների միջազգային մրցույթ, որի հիմքը դրել է այն տարիներին Իսրայելի տուրիզմի նախագահ Արոն Պրոպեսը՝ ի հիշատակ Իսրայելի Դավիթ թագավորի, որը ժամանակին տավիղ է նվագել: Ես այդ մրցույթի առաջին մասնակիցներից էի»,- նշեց երաժիշտը: Նա տեղեկացրեց նաեւ, որ չնայած պալատական նվագարան համարվելուն, տավիղի երկացանկը այնքան էլ հարուստ չէ, թեպետ Ս. Միլդոնյանի խոսքով. «Մշտապես Անգլիայի թագուհու պալատում գործել է տավղահարների անսամբլ»: «Առավոտի» հետաքրքրությանը, թե Եվրոպայում ճանաչված հայազգի այլ տավղահարուհու ճանաչո՞ւմ եք, Ս. Միլդոնյանը նշեց փարիզաբնակ Իրիս Թորոսյանի անունը: Տավղահարուհուց հետաքրքրվեցինք նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ 60-ականների եւ այսօրվա մակարդակով: Ըստ նրա, ե՛ւ 1968-ին, ե՛ւ այսօր հիացնում են հատկապես լարային գործիքներով նվագող երաժիշտները: Զրույցի ավարտին Ս. Միլդոնյանը հայտնեց, որ ցանկանում է երկարացնել Հայաստանում գտնվելու ժամկետը երկու նպատակով. «Պարտքս եմ համարում Երեւանի կոնսերվատորիայում անցկացնել վարպետության դասեր եւ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցել եղեռնի նահատակների հիշատակին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, Երեւանի պետական կոնսերվատորիան եւ հանրապետության երաժշտական դպրոցներից միայն Սայաթ-Նովայի անվան դպրոցն ունեն տավիղի դասարան: Տավղահարուհի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար Մանե Աթանեսյանի կարծիքով, Հայաստանի նման փոքր երկրի համար, որն ունի ընդամենը 2 պետական՝ ֆիլհարմոնիկ եւ օպերային թատրոնի մեծ նվագախմբեր, որոնցում աշխատում են 2-ական տավղահարուհիներ, դա նորմալ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930