Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատը Արցախում է, դժվար կլինի»

Ապրիլ 26,2005 00:00

«Դատը Արցախում է, դժվար կլինի» Նրանցից ո՞վ է զինվորի արժանապատվությունը տրորել Երեկ «Առավոտի» խմբագրություն էին եկել զինծառայողներ Ավետիք Թումանյանի, Կարեն Մկրտչյանի, Սուրիկ Չոբանյանի, Սարգիս Աթոյանի եւ Արթուր Քոչարյանի ծնողներն ու հարազատները: Զինծառայողները ԼՂՀ ոստիկանության քննչական մեկուսարանից բերվել էին Ռազմական ոստիկանության մեկուսարան, իսկ այսօր գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նրանցից մեկը՝ Արտաշատի շրջանի Նորաշեն գյուղից բանակ զորակոչված Սուրիկ Չոբանյանը չորրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Զինծառայողների ծնողները երեկ եղել էին նաեւ զինդատախազությունում, պահանջել իրենց որդիներին առաջադրված մեղադրական եզրակացություն-փաստաթուղթը, ինչը, սակայն, նրանց չէին տրամադրել: Եվս 5-ը ձերբակալված են ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանին սպանելու կապակցությամբ: Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը: Ըստ ԶԴ ՀԿԳ քննիչ Սերժ Փիլոյանի 2004թ. նոյեմբերի 6-ի որոշման (կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին), զինծառայողները «Ա. Մեսրոպյանի հետ մասնակցելով վերջինիս կողմից 2004թ. սեպտեմբերի 14-ին զորամասի շարային հրապարակում «տակը կեղտոտելու» հետ կապված «հարցի պարզաբանմանը», ստորացրել էին Ա. Մեսրոպյանին (իրականում հրամանատարը լուծով հիվանդ զինվորին թույլ չէր տվել լքել շարքը եւ նա հարկադրված կեղտոտել էր տակը): Վերջինս նախ ջարդված ապակու կտորով վնասել էր իր երակները, ապա կտրել պարանոցը: Ա. Մեսրոպյանին գտել էին կախված վիճակում»: «Առավոտին» զինծառայողների ծնողները տեղեկացրին, որ տեսակցել են իրենց որդիների հետ: Նրանցից միայն երկուսն ունեն պաշտպաններ՝ Արթուրն ու Ավետիքը: Որեւէ փաստաբան հանձն չի առել պաշտպանել մյուս երեքին, պատճառաբանելով. «Դատը Արցախում է, դժվար կլինի»: Ի դեպ, զինծառայողներից Ա. Թումանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելու որոշման նկարագրական մասում քննիչը արձանագրել էր, թե «օժանդակելով դիրքի ավագ Ն. Օհանյանի գործողություններին, այն է՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով Արթուր Մեսրոպյանին իբրեւ ջուրը անխնա օգտագործելու պատճառով ծեծի ենթարկելուն», շարքային Հարոյանի հետ հարվածներ էր հասցրել Մեսրոպյանին: Ինչ պաշտոնեական դիրքի չարաշահման մասին է խոսքը, երբ բոլորն էլ շարքայիններ էին՝ այնքան էլ պարզ չէ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել