Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ

Ապրիլ 05,2006 00:00

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ» Այս կարծիքին է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Անցած տարի տեղի ունեցան ղարաբաղյան հարցի շուրջ խորհրդարանական լսումներ, դրանց արդյունքում ձեւավորվեց համապարփակ ուղեցույց, որի կազմմանը մասնակից դարձան խորհրդարանական բոլոր ուժերը: Ըստ ամենայնի, ինչ-որ բան, այնուամենայնիվ, դրանում պակաս էր կամ ավելի հստակեցումների կարիք կար, քանի որ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը դիմել է խորհրդարանական բոլոր ուժերին՝ խնդրելով իրենց առաջարկները եւ ուղենիշները ներկայացնել: Պատրաստվում է նոր փաստաթուղթ, որը կոչվելու է «ԼՂ հիմնախնդրի լուծման եւ հակամարտության կարգավորման հայեցակարգային հիմնադրույթներ»: Արմեն Ռուստամյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այդ քայլը: Ասաց. «Նպատակն է մեծացնել եզրակացության ազդեցությունը եւ նշանակությունը, իսկ դրա համար հարկավոր է քաղաքական բոլոր ուժերի աջակցությունը: Եվ սա մեծ ազդեցություն կունենա ԱԺ մոտեցումները հարցի շուրջ ներկայացնել ավելի ամբողջական, համատեղ եւ համադրված: Կարծում եմ, սա, իսկապես, կազդի բանակցային գործընթացի եւ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վրա՝ ընդհանրապես: Դիմել եմ բոլոր քաղաքական ուժերին, ոչ միայն խմբակցություններին, այլեւ խմբին եւ կուսակցություններին, իսկ դրանք 14-ն են, առաջարկել եմ, որ իրենք ուսումնասիրեն եզրակացությունը, եթե ունեն առաջարկություններ՝ բարեփոխելու, շտկելու, ներկայացնեն, որը մենք կամփոփենք եւ ավելի բարեփոխված տեսքով փաստաթուղթը կներկայացնենք ստորագրության»: Նկատեցինք, թե այս քայլը հիմք է տալիս ենթադրել, որ այդպիսով խորհրդարանը փորձում է վերանայել ժամանակին իր իսկ կողմից արված հայտարարությունը ղարաբաղյան հարցի կապակցությամբ, նաեւ՝ ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել հարցի հետ կապված, քանի որ չի թաքցվում՝ 2006-ը կարեւոր, շրջադարձային է լինելու հարցի կարգավորման առումով, իսկ այս քայլով պատասխանատվությունը կարծես փորձ է արվում հավասարաչափ բաժանել քաղաքական ուժերի միջեւ: «Մեր նպատակն է լսումների ժամանակ հաստատված մոտեցումները հասցնել տրամաբանական ավարտի»,- ասաց մեր զրուցակիցը: Արմեն Ռուստամյանը նկատեց նաեւ, որ խորհրդարանական ուժերի բազմաթիվ հանդիպումները՝ հարցով շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ կողմից համանախագահի եւ պարոն Ֆրիդի, հիմք են տվել դիմել այս քայլին. «Ճիշտ կլինի, որ միջնորդները այսուհետեւ ոչ թե առանձին հատվածներ կամ դետալներ ներկայացնեն հակամարտության կարգավորման ընդհանուր ենթատեքստից, այլ ձգտեն, որ ոչ միայն իրենք, այլեւ կողմերը հանդես գան ամբողջական պատկերացումներով, այսինքն՝ հայեցակարգերով: Այս դեպքում շատ ավելի ճիշտ կլինի գնահատել, թե կողմերից որի հիմնավորումներն են փաստարկված եւ հասկանալի»: Մեր զրուցակիցը չթաքցրեց, որ համանման վերաբերմունք եւ քայլեր ինքն ակնկալում է նաեւ ադրբեջանցի գործընկերներից. «Իրենց տեսակետը մինչեւ հիմա շատ պարզունակ է, իրենք միայն բողոք կարող են ներկայացնել, բայց դա հայեցակարգ չի կարող համարվել: Մենք առաջարկում ենք հիմնավորված հայեցակարգ ներկայացնել, մի բան, որից ադրբեջանական կողմը միշտ էլ խուսափել է: Նրանք ավելի շատ փորձում են միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել մանրուքների վրա, աղավաղելով խնդրի էությունը եւ իրենց զոհ ներկայացնելով: Մինչդեռ՝ իրականությունը բոլորովին այլ է»: Ի վերջո, հնարավո՞ր է, որ առաջարկվում է հարցի այդպիսի լուծում, որը չի բավարարելու մեզ եւ հենց այդ պատճառով էլ խորհրդարանը փորձում է ակտիվանալ. «Չեմ համարում, որ մոտեցել ենք հարցի լուծմանը այնքան, որ մենք մեր այս գործընթացով կարող ենք խանգարել կամ՝ նոր պրոցեսի սկիզբ դնել: Այդպես չէ: Կարծում եմ, գործընթացն ավարտին չի հասել: Այս հակամարտությունն այնպիսի յուրահատկություն ունի, որ հնարավոր է հարյուր հարց համաձայնեցնել, բայց, երբ ամենակարեւոր հարցը չի համաձայնեցվում, կարելի է համարել, որ հարցը չի լուծված: Կարծում եմ, որ հենց այդ կարեւոր հարցը դեռեւս համաձայնեցված չէ»,- երեկ ասաց Արմեն Ռուստամյանը: Հետաքրքրվեցինք՝ արդյոք խոսքը Ղարաբաղի կարգավիճակի՞ մասին է: Այո, հենց այդ մասին էր. «Այո, նկատի ունեմ այն հիմնական խնդիրը, որից ծագել է այս ամբողջ կռիվը մեծ: Եվ քանի որ այս հարցը չի լուծված, չեմ համարում, որ հիմնախնդիրը կարելի է համարել լուծված: Ես ավելի հակված եմ հարցին այլ տեսանկյունից նայել, որին, կարծես, ավելի ու ավելի շատ են տեղ տալիս նաեւ այլ կառույցներ, քանի որ հասկանում են, որ չի կարելի սահմանափակվել միայն պաշտոնական բանակցային գործընթացով: Չնայած, դա եւս լիարժեք չէ, որովհետեւ բանակցային գործընթաց տեղի է ունենում այն ժամանակ, երբ բանակցում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը, իսկ այսօր այդպես չէ: Մենք, ըստ էության, չունենք լիարժեք, պաշտոնական բանակցային գործընթաց: Սա՝ մեկ, եւ հետո, եթե անգամ դա էլ լիներ, ապա բավարար չէր կարող լինել հարցի լուծման համար, քանի որ դրա մեջ պետք է ընդգրկված լինի նաեւ խորհրդարանական մակարդակը: Գործընթացի մեջ պետք է մտնի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչը կնպաստի հարցի լուծմանը: Դրանից բացի, գործին պետք է միջամտի նաեւ ժողովրդական դիվանագիտությունը: Եվ պատահական չէ, որ վերջերս Հայաստանում գտնվող դորթմունտյան նախաձեռնության հեղինակները մեզ հետ հանդիպման ժամանակ շեշտեցին հենց այդ բաղադրիչները, ասելով, որ սա էական խթան կարող է դառնալ պատերազմից խուսափելու համար եւ հակամարտության լուծման հիմք կդնի: Խոսքը իսկապես լուծման մասին է, եւ ոչ թե այն պատրանքի, թե բանակցում են, երբ բոլորն էլ գիտեն, որ այդ բանակցությունները ըստ էության առաջ չեն գնում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել