Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատեք մեզ ձեր ներկայությունից»

Ապրիլ 05,2006 00:00

«Ազատեք մեզ ձեր ներկայությունից» Եվրամիության անդամ երկրները պատրաստ են վճարել՝ անօրինական էմիգրանտներից փրկվելու համար Անկախ Հայաստանից արտագաղթածների թիվը, ըստ անկախ փորձագետների՝ կազմում է շուրջ 1մլն 200 հազար կամ բնակչության 30 տոկոսը: Դրանց 90 տոկոսը ժամանակավոր համարվող ՌԴ ներգաղթածներն են: Երեկ, սակայն, Փախստականների դանիական խորհրդի կազմակերպած երկօրյա խորհրդաժողովն անդրադարձավ մշտական՝ վերադառնալ չցանկացող ու Եվրամիության երկրներում ապաստան փնտրելու հույսով գնացած 10 տոկոսի ետդարձի խնդիրներին: Ինչպես հայտնի է, վերջին երկու տարիներից ի վեր մեր երկիրը անկանոն էմիգրանտ հայերին վերադարձնելու պայմանագրեր է կնքել Դանիայի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ: Վերջիններս հաճույքով պատրաստ են վճարել որոշակի գումար այն ընտանիքներին կամ անձանց, որոնք կհամաձայնեն գալ եւ վերաբնակվել հայրենիքում: Այսպիսի ծրագրեր միայն Հայաստանի համար չէ, որ անում են: Ներգաղթողների համար ստեղծվում են նոր կյանքին ինտեգրվելուն անհրաժեշտ պայմաններ՝ աջակցություն բիզնես ստեղծելուն, վերամասնագիտացում, կրթություն, կացարան եւ այլն: Չնայած գերակշիռ մասը գնացած երկրում ապրելու համար մերժում ստացել է, բայց նրանց բռնի վտարման դեպքեր դեռ չեն արձանագրվել՝ վերադարձողի համաձայնությունը պարտադիր է, անհրաժեշտ է միայն խրախուսել, որ ցանկացողների թիվը մեծ լինի: Ըստ Միգրացիայի գրասենյակի ղեկավար Գագիկ Եգանյանի՝ մեր պետությունն էլ պատրաստ չէ տեղավորել մեծաքանակ «դեպորտ» արվածների խմբի: Ուստի անլեգալները վերադառնում են 2-3 ամիսը մեկ՝ 1-2 ընտանիքով, այն էլ՝ միայն Աջակցության կամավոր վերադարձի ծրագրով: Միայն Շվեյցարիայից առայսօր ներգաղթել է 24 մարդ՝ կամ 9 ընտանիք: Վերադարձողներին տրամադրվող գումարները տարբեր են: Ըստ Դանիական խորհրդի ներկայացրած տվյալների՝ բացի ճանապարհածախսից, Հոլանդիան մեկ մեծահասակին հատկացնում է 135-570 եվրո, Դանիան՝ 3500, գումարած՝ մեկ տարվա բժշկական ապահովագրություն, Բելգիան՝ 250, պայմանով՝ որ առնվազն 5 տարի այդ մարդու ոտքը չի մտնելու իր երկիր, Գերմանիան՝ 200 եվրո եւ այլն: Մի շարք երկրներ, օրինակ՝ Ավստրիան ու Անգլիան, օգնություն տրամադրում են ՄԱԿ-ի կամ հ/կ-ների միջոցով: Եվրամիության անդամ երկրներից ամենաժլատը Շվեդիան է, որը գումար տրամադրում է միայն մեծ խմբերի, ոչ թե՝ անհատների համար, այն էլ՝ տվյալ երկրի կառավարությանը, իսկ կամավոր վերադարձող անհատների աղքատ մասին կարող է հատկացնել ընդամենը ճանապարհածախս: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը խիստ շահագրգռված է անլեգալ էմիգրանտներից ազատվելու հարցում, եւ աջակցության ծրագրերը գնալով դառնում են բազմատեսակ ու հարուստ: Հայաստանի համար նկատվում է նաեւ միտում՝ կանխել ապաստան խնդրողներին հենց այստեղ, դրա համար օգտագործելով բոլոր միջոցները՝ իրենց սպասվող «ոչ փառունակ» ճակատագրի մասին իրազեկումից մինչեւ հիմնական պատճառ համարվող աշխատանքի խնդրի լուծումը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել