Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խոսքի

Ապրիլ 08,2006 00:00

Խոսքի ազատությունը բուհերում Բուհական պաշտոնաթերթերի կողքին ուսխորհուրդների ամսագրերն են Հայաստանյան ամենահին բուհերից մեկը՝ Երեւանի պետական համալսարանը, արդեն 86-րդ տարին է, որ հրատարակում է իր պաշտոնաթերթը՝ «Երեւանի համալսարանը»։ Հազվադեպ երեւույթ է, երբ համալսարանի բացումը նշանավորվում է թերթի լույսընծայումով։ Երեւանի պետական համալսարանի հանդիսավոր բացման ժամանակ՝ 1920-ի հունվարի 31-ին, լույս է տեսել «Հայաստանի համալսարան» թերթը։ Թերթի առաջին օրինակը՝ ԵՊՀ առաջին ռեկտոր Յու. Ղամբարյանի շնորհակալական խոսքով եւ Ամենայն Հայոց Հայրապետ Գեւորգ Ե-ի օրհնանքով մինչ օրս պահվում է ԵՊՀ պատմության թանգարանում։ Սկզբում «Հայաստանի համալսարան», հետո «Նոր ուսանող», «Նոր կադրեր», «Հարվածային ուսանող», «Սովետական ուսանողություն», իսկ 1955-ի մայիսի 9-ից մինչեւ օրս «Երեւանի համալսարան» անվամբ է լույս տեսնում ԵՊՀ պաշտոնաթերթը։ Այն ստեղծման օրվանից եղել է ոչ միայն համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, այլեւ մեծ համարում է ունեցել հանրապետությունում եւ արտերկրում գործող մտավորականության շրջանում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ «Մենք մշակն ու տերն ենք այս երկրի». Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) «Հասուն հասկ» պաշտոնաթերթն արդեն 42 տարի հավատարիմ է այս նշանաբանին։ 1958-ից լույս է տեսել «Գյուղատնտես» անվամբ, իսկ 2000-ին, երբ նշվում էր բուհի 70-ամյակը, բուհի ռեկտոր Թարվերդյանի առաջարկով սկսեց լույս տեսնել «Հասկը»՝ Անի Խուդավերդյանի խմբագրությամբ։ Եթե բուհական պաշտոնաթերթերը բուհական անցուդարձի եւ խնդիրների մասին են գրում, ապա ուսխորհուրդների ամսագրերը դուրս չեն գալիս ուսխորհրդի գործունեության շրջանակից։ Երեւանի տնտեսագիտական ինստիտուտի, «Էկոնոմ+», Երեւանի ճարտարագիտական համալսարանի «Իմպուլս», Երեւանի մանկավարժական համալսարանի «Ապագա մանկավարժ» ուսանողական ամսագրերը տպագրվում են Համահայկական երիտասարդական հիմնադրամի հովանավորությամբ։ Չնայած այս ամսագրերը ունեն միեւնույն նպատակը՝ ուսանողական խորհրդի իրականացրած եւ իրականացվելիք ծրագրերին տեղեկացնելը, այնուամենայնիվ, դրանք որոշ չափով տարբերվում են միմյանցից։ Օրինակ՝ «Էկոնոմ+» ամսագիրը «Կադրում» բաժնում պարբերաբար անդրադառնում է բուհի ուսանողների դժգոհություններին, փորձում համապատասխան մարմիններից պարզել նրանց հուզող հարցերի պատասխանը։ «Ապագա մանկավարժը» ուսանողների շրջանում «Անմահները հրամայում են» շարքով տարածում է նժդեհյան գաղափարախոսություն։ «Իմպուլսը» պարբերաբար տպագրում է հարցազրույցներ ճանաչված գործիչների հետ, ովքեր ԵՊՃՀ-ի շրջանավարտներ են։ Իհարկե, նշված ամսագրերը բովանդակային առումով մի փոքր զիջում են պաշտոնաթերթին, սակայն իրենց բնույթով ու ներկայացման ձեւով ավելի թեթեւ են ու երիտասարդական։ Ֆակուլտետային մամուլը եւս ակտիվ է։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Ժուռնալիստ» թերթը, ի տարբերություն մյուս ֆակուլտետային թերթերի, անդրադառնում է տարբեր խնդիրների։ Ապագա լրագրողները «Ժուռնալիստի վարպետություն» դասի շրջանակներում լուսաբանում են տարբեր հիմնախնդիրներ ու միջոցառումներ, տպագրվում «Ժուռնալիստում»։ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի «Միջազգայնագետ-քաղաքագետ» թերթը ավելի քաղաքական-վերլուծական է բնույթով, այնտեղ ամփոփվում են նաեւ համալսարանական դեբատների արդյունքները։ Բուհական թերթերը բազմազան են թե՛ բնույթով, թե՛ ուղղվածությամբ։ Ուսանողներից շատերը, սակայն, թերթ չեն կարդում՝ ոչ բուհական, ոչ էլ ընդհանրապես։ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել