Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտից՝

Ապրիլ 22,2006 00:00

Բանտից՝ ապրիլի 24-ի նախօրեին «Առավոտի» տրամադրության տակ են քաղաքական բանտարկյալ, ԱՄԿ անդամ Ռազմիկ Մարկոսյանի՝ Մորդովիայի ճամբարից գրված նամակները: Դրանք տպագրվում են առաջին անգամ: «Սիրելի մայրիկ, չորրորդ նամակդ եմ ստանում: Ինձ մոտ ամեն ինչ լավ է՝ տրամադրություն, առողջություն: Պարույրին տեղափոխել են 17-րդ ճամբար, ինձ հայտնի չէ, ամենայն հավանականությամբ՝ Պերմ կտանեն: Ապրիլի 23-ին ինձ մոտեցավ ՊԱԿ-ի աշխատակիցն ու հարցրեց, թե ի՞նչ եմ պատրաստվում անել ապրիլի 24-ին: Ասացի, որ ապրիլի 24-ը ես անցկացնելու եմ այնպես, ինչպես իմ հայրենիքում, սգի մեջ՝ չաշխատելով: Ասաց՝ միգուցե ճիշտ կլինի, որ գնամ աշխատանքի, որպեսզի աշխատանքային կարգուկանոնի խախտում չլինի, իսկ երեկոյան իմ ընկերներով նշեմ այդ օրը: Ասացի, որ սուգն էլ իր կանոններն ունի եւ ես պատրաստ եմ աշխատանքի չգնալու համար կրել իմ պատիժը: Հետո հարցրեց, թե արդյոք մյուսներն է՞լ են այդպես մտածում: Ես ասացի, որ ինքս իմ անունից եմ խոսում: Տարօրինակ է, որ համաձայնեց, միաժամանակ հարցնելով, թե է՞լ ինչ կուզեի: Ասացի՝ ցանկալի կլինի, որ առավոտյան երաժշտություն չլինի, որին նույնպես համաձայնեց: Մեր ճամբարը մի յուրահատկություն ունի. առավոտյան բարձր երաժշտության՝ քայլերգի ներքո կալանավորները մի պտույտ են տալիս ճամբարով մեկ՝ մոտ 10-15 րոպե տեւողությամբ, ու խոսքն այդ երաժշտության մասին էր: Մի խոսքով, արեւածագից մինչ արեւամուտ, ես ու Արարատը հրաժարվեցինք սննդից, իսկ երեկոյան ուկրաինացիների, ռուսների, հրեաների, լիտվացիների, լատիշների, էստոնացիների հետ, որոնց մեջ կային ուղղափառ եւ կաթոլիկ հավատացյալներ, աղոթքով եւ մեկ րոպե լռությամբ հարգեցինք անմեղ զոհերի հիշատակը: Շատ խորհրդավոր ու հուզական էր բազմազգ ներկայացուցիչների՝ ապրիլի 24-ի հիշատակումը: Ուղարկեք լուսանկարներ»: Համբուրում եմ՝ Ռազմիկ: 29.04.75թ., Մորդովիա, Լեսնոյ Ճամբարի պետ Օսինին Ռազմիկ Գրիգորի Մարկոսյանից Դիմում Ապրիլի 24-ը ողբերգական օր է հայ ժողովրդի պատմության մեջ: Այն եղեռնի զոհերի հիշատակի օրն է (1915թ.): Իմ հայրենիքում այդ օրը նշվում է որպես սգո ու աղոթքի օր՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Որպես հայ, վաղվա այդ օրը ես կանցկացնեմ այնպես, ինչպես իմ հայրենակիցները՝ սգի մեջ (չաշխատելով): 23.04.78թ. Հ. Գ. Այս դիմումի համար ապրիլի 24-ին աշխատանքի դուրս չգալու պատճառով նույն ամսի 27-ին, այլ պատրվակով, Ռ. Մարկոսյանը զրկվեց տեսակցությունից: ՀԽՍՀ ԳԽ նախագահությանը Դիմում Մայիսի 28-ին լրանում է 60 տարին մի ճակատամարտի, որի շնորհիվ իմ ժողովուրդը հաստատեց ապրելու իր իրավունքը: Ինչու հայ ժողովրդի այդ տոնը չի տոնվում ՀԽՍՀ կառավարության կողմից: Դեռ աշակերտական նստարանից ինձ սովորեցրել են, որ կառավարությունը ժողովրդի շահերից զատ այլ շահեր չունի: Ինչո՞ւ, ուրեմն, կառավարությանը հետաքրքիր չէ ժողովրդի պատմության մեծագույն էջը՝ Անկախության օրը: 16.05.78թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել