Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԼՃԱՑՈՒՄ ԵՆ ԱՊՐՈՒՄ»

Մայիս 03,2006 00:00

«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԼՃԱՑՈՒՄ ԵՆ ԱՊՐՈՒՄ» Արձանագրված է «Freedom House»-ի «Անցումային շրջանի ազգեր-2006» հետազոտության՝ Հայաստանին վերաբերող հատվածում: «Հայաստան 2006. Գո՞րծ, թե՞ խոստումներ» խորագիրն էին ընտրել այս հետազոտության համար «Freedom House»-ի ներկայացուցիչները: Եվ այդ խորագրում առաջադրված հարցի պատասխանն էր. «Վերջին տարիների ընթացքում բարեփոխումները լճացում են ապրում, եւ մենք դառնում ենք աստիճանաբար արագացող հետընթաց գործընթացի ականատեսները: Ընդունվել են օրենքներ, որոնց գործնական կիրառման բացակայությունը, սակայն, վկայում է այն մասին, որ բարեփոխումներն ավելի շատ կախված են քաղաքական, այլ ոչ թե ինստիտուցիոնալ սահմանափակումներից»: «Անցումային շրջանի ազգեր» հետազոտություններում գնահատվում են Կենտրոնական Եվրոպայից մինչեւ նախկին ԽՍՀՄ 29 երկրների ու տարածքների ժողովրդավարացման առաջընթացն ու հետընթացը։ Երեկ հրավիրված ասուլիսում «Freedom House»-ի գործադիր փոխտնօրեն Թոմաս Մելյան բացահայտեց այն մեթոդիկան, որով Հայաստանը 2006-ին արժանացել է բավական վատ՝ 5,14 «ժողովրդավարության միավորի»: «Freedom House»172ի գիտական խորհրդատուների եւ զեկույցի հեղինակի (մեր դեպքում՝ դա Հայաստանի հարցերով վերլուծաբան Աննա Ուոքերն է) 7 ոլորտների շուրջ գնահատականները տրվում են 1-7 սանդղակով, որտեղ 1-ը ժողովրդավարության զարգացման առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը՝ նվազագույնը։ Ըստ զեկույցի ամփոփման՝ անկախության ձեռք բերումից հետո Հայաստանում ժողովրդավարությունը զարգացել է «անհամաչափ»: Պատճառների շարքում նշվում է «երկրի քաղաքական եւ բիզնես էլիտայի սերտ կապերի առկայությունը, որը եւ խոչընդոտ է հանդիսացել առավել թափանցիկ քաղաքական համակարգի զարգացման համար»։ Նշելով, թե ընտրությունները սովորաբար չեն համապատասխանում միջազգային չափանիշներին՝ հեղինակներն արձանագրում են, թե դա հանգեցնում է «բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ հասարակության ցուցաբերած ցինիզմի եւ քաղաքական ու քաղաքացիական գործընթացներում մասնակցություն ցուցաբերելու անվստահության»։ Գնահատված ոլորտներից առաջինը ազգային ժողովրդավարական կառավարումն է, որը 2006-ին, ինչպես եւ 2005-ին՝ արժանացել է 5.00 գնահատականի: Անփոփոխ ցածր է մնացել նաեւ մեկ այլ ոլորտի՝ Հայաստանի ընտրական գործընթացի գնահատականը՝ 5.75. «Չնայած վերանայված «Ընտրական օրենսգիրքը» բարելավում է ընտրությունների օրինական կառուցվածքը՝ ընտրությունների հաջողությունը պայմանավորված կլինի դրանց բուն իրականացումից եւ հատկապես իշխանությունների պատասխանատվությունից՝ բացահայտել եւ պատժել ընտրական խախտումների մեղավորներին»։ Հայաստանի քաղաքացիական հասարակության գնահատականը բավական բարձր է՝ 3.50: Սակայն այս կապակցությամբ զեկույցում նշվում է. «Համալսարանների ղեկավար մարմինների կառուցվածքի փոփոխությունը, որոնց կեսն այժմ առաջադրվում է կառավարության կողմից, ու նաեւ ուսուցիչների վրա կիրառված ճնշումը՝ սահմանադրական փոփոխությունները քարոզելու վերաբերյալ, մտավախություն է առաջացնում կրթական համակարգի վրա քաղաքական ազդեցության մեծացման վերաբերյալ»։ Անկախ լրատվության գնահատականը «բարեփոխումների արդյունավետության բացակայության պատճառով» անփոփոխ է մնացել նախորդ տարվա համեմատ. այն է՝ 5.50։ Նույնքան է նաեւ հաջորդ ոլորտի՝ տեղական ժողովրդավարական կառավարման գնահատականը: Այս ցածր ցուցանիշին զեկույցում հավելված է, որ չնայած 2005-ին ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների դրական գնահատականին եւ Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրության հնարավորությանը՝ «տեղական կառավարման պատասխանատվությունն ու արդյունավետությունը մնում են թույլ»: 2004-ի համեմատ Հայաստանն առաջընթաց է ապահովել միայն մի ոլորտում՝ դատական համակարգի անկախության: 2005-ին գնահատականը 5.25 էր, իսկ այժմ 5:00 է: Եվ այս աննշան փոփոխությունն էլ շնորհիվ սահմանադրական փոփոխությունների է, որոնք ըստ զեկույցի՝ «որոշ չափով ավելացնում են դատական համակարգի անկողմնակալությունը»։ Եվ վերջին ոլորտի՝ կոռուպցիայի մակարդակի գնահատականների մեջ նշվում է, թե «քաղաքական ու տնտեսական էլիտայի ամուր կապերը եւ օրենքի արդյունավետ կիրառման գործընթացի բացակայությունը առաջ են բերում պաշտոնական կոռուպցիա»։ Գնահատականը 2005-ին եւ 2006-ին մնացել է անփոփոխ՝ 5.75. «Կասկածներ կան, թե արդյոք պաշտոնյաները կոռուպցիայի նվազեցման համար բավարար քաղաքական կամք ունե՞ն, որ ձեռնարկեն իրական քայլեր»: «Անցումային շրջանի ազգեր» զեկույցում նաեւ կանխատեսված է, թե 2006-ին Հայաստանի իշխանության ու ընդդիմության միջեւ եղած լարվածությունը կշարունակի մեծ լինել. «Եվ այն հատկապես ավելին կլինի տարվա վերջում, երբ կմոտենան 2007-ի ընտրությունները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել