Լրահոս
Օրվա լրահոսը

… ԲԱՅՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է

Մայիս 05,2006 00:00 Share

«Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հայտարարությունները քննադատեցին
ընդդիմադիր գործընկերները: Ի պատասխան՝ նա առավել սաստկացրեց քննադատությունը: «Ես
ընդհանրապես սովոր եմ արտահայտել դիրքորոշումներ, որոնք այդ պահին ընկալելի չեն շատերի
համար,- մեր զրույցի ընթացքում ասաց Սուրեն Սուրենյանցը:- Նման արձագանքներ եղան
նաեւ անցած տարի Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ
իմ տեսակետների առնչությամբ: Բայց փորձը ցույց է տալիս, որ կարճ ժամանակ հետո քաղաքական
ուժերը հանգում են հիմնականում նույն դիրքորոշումներին»: Այս անգամ ԱԺԴ նախագահ
Արշակ Սադոյանն, ասենք, շատ կոպիտ էր արձագանքել նրա այն պնդմանը, թե «17»-ի ձեւաչափը
կատարել է իր առաքելությունը: Սակայն պրն Սուրենյանցն այժմ էլ պնդեց. «Այն ընդամենը
տեխնոլոգիական միավորում էր: Եվ անկախ նրանից, թե ինչ արդյունավետությամբ գործեց
հանրաքվեի ժամանակ՝ միավորումը սպառել է իրեն, ու այդ հենքի վրա որեւէ բան ձեւավորելն
ուղղակի անարդյունավետ, անպտուղ զբաղմունք է»: Հիշեցրինք, թե ձեւաչափին մաս կազմող
կուսակցություններն այնուամենայնիվ այժմ էլ փորձեր են ձեռնարկում համաժողով կազմակերպել,
ուր ընդունելու են հայտարարագիր շարժման մասին, շարժման հիմնադրույթներ եւ կոչ հանրությանը:
Մեր հարցին, թե իր կարծիքով՝ այս փորձերը հաջողություն կունենա՞ն, «Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի անդամը պատասխանեց. «Իհարկե, չեն ունենա: Քանի որ ցանկացած
քաղաքական նախաձեռնություն հաջողություն է ունենում, եթե իր հիմքում ունի հասարակական
ռեսուրս: Տվյալ պարագայում՝ քաղաքացիականության գաղափարի մասին խոսելը, առանց հասարակության
մասնակցության, միայն կուսակցությունների (անկախ մասնակիցներից) մեխանիկական համաձայնությամբ՝
դատապարտված է ձախողման: Բացի այդ՝ Հայաստանի ընդդիմադիր դաշտի որեւէ մագիստրալ կուսակցություն
այս պահին մասնակցություն չունի այդ գործընթացներին: Խոսքս մասնավորապես վերաբերում
է 3 առանցքային ընդդիմադիր կուսակցություններին՝ ՀԺԿ-ին, «Հանրապետությանը» եւ «Ազգային
միաբանությանը»: Այս գործընթացն այժմ փորձում են առաջ տանել կուսակցություններ, որոնց
հասարակական վարկանիշը եւ ռեսուրսը շատ սահմանափակ են: Նաեւ այս առումով եմ վստահաբար
ասում, որ այս ծրագիրը ձախողվելու է: Բայց դա չի նշանակում, որ ընդդիմադիր դաշտում
չկա որակական փոփոխությունների անհրաժեշտություն: Ճիշտ հակառա՛կը: Հիմա նույնիսկ
ժամանակն է, որ ընդդիմադիր բոլոր բեւեռներում էլ տեղի ունենան որակական փոփոխություններ,
եւ ընդդիմադիր դաշտն, ի վերջո, թիմերի, նաեւ ինստիտուցիոնալ կառույցների ու արժեքային
համակարգի հստակ ուրվագծով ներկայանա հասարակությանը»: «Ազգային միաբանության»
նախագահ Արտաշես Գեղամյանն էլ ի պատասխան երկրում քաղաքական ճգնաժամի վերաբերյալ
Սուրեն Սուրենյանցի դատողությունների՝ նշել էր, թե «ամեն ինչ ընթանում է ճիշտ այն
ուղով», որն իրենց կուսակցությունը կանխատեսել էր դեռ 1 տարի առաջ, մինչդեռ «Հանրապետությունը»
վերջին շրջանում ձախողումներ է արձանագրել, այն է՝ «18+1» ձեւաչափի «սկանդալային»
ձախողումը եւ «անհաջող փորձերը» կազմակերպելու «Քաղաքացիական Հայաստան» նոր շարժում:
Իսկ ի պատասխան այն հայտի, թե «Հանրապետությունը» ձգտելու է դառնալ առանցք, որի շուրջ
կձեւավորվի «նոր որակի ընդդիմություն»՝ «Ազգային միաբանության» նախագահն ասել էր.
«Ինչ խոսք, կան նման հնարավորություններ, որ «Հանրապետություն» կուսակցությունը դառնա
«18+1+ 8» ձախողված ձեւաչափի նոր առանցքը»: Սուրեն Սուրենյանցն այս ամենին
ի պատասխան ասաց. «Երբ խոսել եմ 2005-ի նոյեմբերից հետո ընդդիմության ձախողումների,
որոշակի բացթողումների եւ հեռանկարների մասին՝ բնավ Արտաշես Գեղամյանին նկատի չեմ
ունեցել: Ես խոսել եմ մեր մասին եւ քաղաքական այն ուժերի, որոնք իրենց վրա որոշակի
պատասխանատվություն վերցրին հանրաքվեին առնչվող գործընթացների ժամանակ: Այնպես որ՝
կարծում եմ, մի քիչ անշնորհակալ գործ է, երբ որեւէ քաղաքական գործիչ իրեն է վերագրում
խոսքեր, որոնք իրեն չէ, որ հասցեագրված էին: Բացի այդ՝ ցավում եմ թյուրըմբռնման համար,
քանի որ ես չեմ ասել, թե «Հանրապետությունը» խնդիր ունի դառնալ ընդդիմադիր դաշտի
առանցք: Շատ հստակ շեշտել եմ՝ խնդիր ունենք առանցք դառնալու ազատական եւ երրորդ հանրապետության
արժեքներով ապրող քաղաքացիների համար: Սրանք շատ տարբեր հասկացություններ են: Այսինքն՝
«Հանրապետության» ծրագրային հիմնադրույթներից ելնելով, մեր քաղաքացիներին միավորելու
խնդիր ենք առաջադրել: Եվ բնականաբար, խնդիր չունենք միավորելու թեկուզ ընդդիմության
այն հատվածին, որն այժմ հպարտանում է ՌԴ համակրությունն ունենալու հանգամանքով կամ
նախագահական վերջին ընտրություններում իրեն համարում էր Ռուսաստանի թեկնածու»: Վերջին
ակնարկն ակնհայտորեն մեկ այլ հասցեատեր էլ ուներ, որի վերջին հայտարարություններին
Սուրեն Սուրենյանցն արձագանքեց ամենախիստը: Սակայն այս մասին՝ վաղվա համարում: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել