Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՀԵՐԻՆ

Մայիս 05,2006 00:00

ԶՈՀԵՐԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ Ադլերի օդանավակայանում վալիդոլի եւ հանգստացնող դեղամիջոցների հոտը խեղդում էր Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում Երեւան-Սոչի չվերթի զոհված ուղեւորների հարազատները եկել էին դիակները դիմավորելու, սակայն չվերթն անընդհատ հետաձգվում էր՝ առավոտից լարվածության մեջ պահելով դիմավորողներին: Ժամը 18-ի դրությամբ հայտնաբերվել էր ուղեւորների դեռեւս 47 դիակ, որոնցից ճանաչվել էր 28-ը: Սա՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի տվյալներով: Սակայն արդեն ժամը 20-ի սահմաններում տեղեկացանք, որ եւս 5 մարմին է հայտնաբերվել: Թե Սոչիի օդանավակայանում, թե երեք հյուրանոցներում, որտեղ տեղավորել էին զոհերի հարազատներին, մեծ աժիոտաժ էր: Սարսափելի վիճակում էին հատկապես այն զոհերի հարազատները, որոնց դին դեռեւս չէր հայտնաբերվել. կես ժամը մեկ նրանց հայտնում էին՝ «ձեր հարազատների դիակներն արդեն գտել ենք, կարող եք գալ՝ ճանաչելու»: Սակայն պարզվում էր, որ դիակն իրենցը չէ: Դեռ ինքնաթիռում, երբ հարազատներին տանում էին Սոչի, Սեւ ծովի վրայով անցնելիս իրենց ուժ տալու համար տղամարդիկ մի-մի բաժակ օղի էին խմում, իսկ կանայք սրտի կաթիլներ ընդունում: Կանանցից մեկին, որի որդին էր զոհվել, ինքնաթիռում թթվածին միացրին, քանի որ ուշագնաց էր լինում: Դեռ չիջած՝ Ռուսաստանի փրկարարական ծառայության աշխատակիցները հարազատներին խնդրում էին կենտրոնանալ ու հիշել՝ մարմնի որ մասում իրենց զոհը խալ կամ այլ նշաններ ունի: Նույն վիճակն էր նաեւ «Մոսկվա» հյուրանոցում, որտեղ մայիսի 3-ին մինչեւ ուշ գիշեր բարձրախոսներով կարդում էին հարազատների անուն-ազգանունները եւ նրանց հրավիրում ստենդի մոտ, որի վրա փակցված էին մերկ դիակների լուսանկարները: Այդ նկարներն ահավոր ճնշող էին, քանի որ դիակների դեմքն անճանաչելիորեն վնասված էր: Ցուցադրված էր հատկապես զոհերի զարդեղենը՝ մատանիներ, ապարանջաններ, որոնց միջոցով ավելի հեշտ կլիներ ճանաչել: Սոչիի քաղաքապետարանում գործում էր օպերատիվ շտաբի կառավարական հանձնաժողով՝ Ի. Լեւիտինի եւ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Նրանք երեկ հանդիպել են զոհվածների հարազատներին: Երեկ, առավոտյան ժամը 7-ից դեպքի վայրում սեւ արկղի որոնման աշխատանքների համար գործի էին դրվել ֆրանսիական գերհզոր սարքավորումներ, որոնք արդեն ստացել են ազդանշան եւ ֆիքսել սեւ արկղերից մեկի վայրը: Սակայն նրանց այդ պահի դրությամբ չէր հաջողվել այն դուրս բերել 680 մետր խորությունից, քանի որ եղած սարքավորումները հնարավորություն ունեն աշխատելու ընդամենը 500 մետր խորության սահմաններում: «Առավոտի» հետ զրույցում արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ չհայտնաբերված ուղեւորները հավանաբար եղել են ամրագոտիներով ու մնացել են ինքնաթիռի առաջամասում, իսկ առայժմ հայտնաբերվել են օդանավի պոչի մի հատվածն ու անիվները: Երեկ առավոտյան փրկարարները հանել էին միայն հագուստներ, բլոկնոտներ եւ անձնական այլ իրեր: Այն դիակները, որոնք չեն ճանաչվել, ամենայն հավանականությամբ կթաղվեն Սոչիի հայկական գերեզմանոցում: Ի դեպ, դիակների ճանաչման ժամանակ երբեմն մի դիակի համար 10-15 հարազատ էր հայտնվում. դիակն այն աստիճան անճանաչելի էր, որ յուրաքանչյուրին թվում էր, թե իր հարազատն է: Սա էր պատճառներից մեկը, որ Երեւան վերադառնալու փաստաթղթերի ձեւակերպումը ձգձգվում էր: Զոհված 29-ամյա Աբրահամ Գերանյանը, մոր պատմելով, Սոչի էր մեկնել՝ իրեն այցելելու նպատակով. «Ամեն ամառ գալիս էր: Ամուսնացած չէր. վերջին անգամ, երբ խոսեցի, ասաց՝ հարսնացու եմ գտել, պիտի ամուսնանամ»: Բորտ ուղեկցորդուհի Լուսինե Գեւորգյանի եղբոր՝ Սարգիսի պատմելով էլ՝ Լուսինեի ամուսինը մեկ օր առաջ վատ երազ էր տեսել եւ կնոջը խնդրել էր՝ չգնալ, սակայն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լուսինեն պատասխանել է, որ դա իր աշխատանքն է, եւ մեկնել է: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ Երեւան-Սոչի Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031