Լրահոս
Օրվա լրահոսը

Նո՞ւյն

Մայիս 05,2006 00:00

Նո՞ւյն օդանավն էր Արդյոք սա մասնագետների մտավախությո՞ւնն էր, որ իրականացավ 2005 թ. դեկտեմբերի վերջին, երբ «Արմավիա» ընկերությանը պատկանող օդանավերից մեկը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում դուրսեկավ վազքուղուց եւ ինքնաթիռի պոչը բախվեց գետնին. բարեբախտաբար, այդ ժամանակ մարդկային զոհեր չեղան: Մեզ հասած տեղեկություններով, մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող A320 վթարված օդանավը հենց այդ ինքնաթիռն էր: Երեկ այս տեղեկության վերաբերյալ որեւէ հիմնավոր ճշտում ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում անտեղյակ էին: «Արմավիայից» երկար ժամանակ պահանջվեց՝ մինչեւ ինչ-որ բան ասեին, այն էլ հիմնավոր ոչինչ չասացին. «Չէ, չէ, սա այն ինքնաթիռը չէր»: Այն ժամանակ, երբ Մոսկվայի օդանավակայանում ինքնաթիռը դուրս էր եկել վազքուղուց եւ վնասել պոչի հատվածը, «Արմավիան» հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ վթարի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել: Սակայն այդ հետաքննության արդյունքներն այդպես էլ չհրապարակեցին: Այդ ժամանակ, ոչ պաշտոնական տեղեկություններով, շրջանառվում էր ինքնաթիռի տեխնիկական անսարքության մասին տարբերակը եւս: Մեր աղբյուրի համաձայն, այս օդանավի հետ կապված տեխնիկական խնդիրներ ժամանակ առ ժամանակ առաջացել են: Ըստ որոշ լուրերի, անցյալ տարի, երբ Մոսկվայում այդ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել, օդաչուին աշխատանքից ազատելու փորձ է արվել՝ միաժամանակ պատասխանատվությունը նրա վրա բարդելով, սակայն վերջինիս գործընկերները «Արմավիայի» ղեկավարությանը սպառնացել են գործադուլով, քանի որ համարել են, որ իրականում մեղավորը օդաչուն չէ, այլ տեխնիկական խնդիրների պատճառով է օդանավը վթարվել: Օդաչուին աշխատանքից չազատեցին: Այնուամենայնիվ, երեկ էլ թե՛ Քաղավիացիայի վարչությունը եւ թե՛ «Արմավիան» կրկին պնդում էին, որ Սոչիում աղետի ենթարկված A320 ինքնաթիռը նախապես տեխնիկական պատշաճ վիճակում է եղել, իսկ անձնակազմը բաղկացած է եղել պրոֆեսիոնալներից: Իհարկե, գործնականում հնարավոր է, որ ժամանակին տեխնիկական թերություններ ունեցող ինքնաթիռը կարգի բերվի: Ըստ պաշտոնական վարկածի, աղետի ենթարկված ինքնաթիռը երբեւէ տեխնիկական անսարքություն չի ունեցել, մինչդեռ մեր աղբյուրը հավաստում է, որ ինքնաթիռի օդաչուն իր գործում վարպետ է եղել, միաժամանակ հայտնում, որ մի քանի, ավելի թեթեւ պատահարներ տեղի են ունեցել: Մասնագիտական շրջանակներում ավելի շատ այն վարկածն է քննարկվում, համաձայն որի՝ սա օդաչուական անձնակազմի սխալի հետեւանք չէր, այլ, ամենայն հավանականությամբ, օդանավի տեխնիկական վիճակի, գումարած եղանակային անբարենպաստ պայմանները: Վթարի պատճառը պարզելու ամենահիմնավոր աղբյուրը սեւ արկղն է, սակայն երեկ, օրվա ընթացքում, այն դեռեւս չէր գտնվել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել