Լրահոս
Օրվա լրահոսը

Ա.

Մայիս 05,2006 00:00

Ա. Բոժկո. «Սորոսի փողերով 2 մլն մարդ փողոց չես հանի» «Հայ-ուկրաինական հարաբերությունները շարունակում են հաջողությամբ զարգանալ, եւ անցած տարին դրա վառ ապացույցն է»: Այս մասին Մամուլի ազգային ակումբում երեկ կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Ըստ դեսպանի, Հայաստանը եւ Ուկրաինան ունեն ընդհանուր նպատակներ, որոնցից առավել էականը երկու երկրների՝ Եվրոպային ինտեգրվելու ձգտումն է: Բոժկոյի տվյալներով, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ այսօր կազմում է 100 մլն դոլար, ինչը լավ ցուցանիշ է: Ընթացիկ տարվա անցած ամիսներին առեւտրի ծավալը, 2005 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 2-3 անգամ աճել է: Դեսպանը նշեց նաեւ, որ երկու երկրները պետք է մեծ ուշադրություն դարձնեն էլեկտրաէներգիայի ստացման աղբյուրների եւ էներգակիրների փոխադրման ուղիների դիվերսիֆիկացմանը: Ներկայումս Ուկրաինան այդ ուղղությամբ աշխատում է Իրանի հետ: Այդուհանդերձ, Բոժկոյի կարծիքով, նման էներգետիկ ծրագրերը կարող են իրականացվել միայն Եվրոպայի աջակցությամբ: Խոսելով Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը Ռուսաստանին վաճառելու գործարքի մասին՝ Բոժկոն հայտարարեց. «Կարծում եմ, որ դա Հայաստանի կառավարության համար հարկադրական որոշում էր, եւ ես դժվարանում եմ ասել, թե ինչից ելնելով այն ընդունվեց: Որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության կողմից, որը եւ պատասխանատվություն է կրում դրա համար»: Ինչ վերաբերում է «Իրան-Հայաստան» գազատարին, ապա «Ուկրաինան շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել դրա նկատմամբ»,- ասաց ՄԱԱ-ի հյուրը: Ավելին, «Ուկրաինան աշխատում է այդ ուղղությամբ եւ բանակցություններ է վարում իրանական կողմի հետ»: Այդուհանդերձ, ըստ ուկրաինացի դիվանագետի, Հայաստանի տարածքով մինչեւ Ուկրաինա եւ Եվրոպա տարանցիկ գազատարի շինարարության համար անհրաժեշտ են մեծածավալ ներդրումներ, եւ նման նախագիծը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե դրա նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերի ԵՄ-ն: Անդրադառնալով Ուկրաինայում ընթացող ժողովրդավարական տեղաշարժերին, որոնք սկսվել են «նարնջագույն հեղափոխությունից» հետո, Բոժկոն նկատեց, որ հեղափոխության արդյունքները միանգամից չեն կարող արտահայտվել: Մի էական հանգամանք՝ ըստ դեսպանի, «վերջին ընտրությունները Ուկրաինայում ցույց տվեցին, որ բնակչության մեծամասնությունը, որ ժամանակին պաշտպանել էր Յուշչենկոյին, չի փոխել իր սկզբնական որոշումը: Ուկրաինայի ընտրությունների արդյունքները եվրոպական ուղու ցուցադրում էին, որ ընտրել է մեր երկիրը»: Հարցին՝ հետխորհրդային տարածքի «գունավոր հեղափոխությունները» պատահականությո՞ւն էին, թե՞ օրինաչափություն, դեսպանը պատասխանեց, որ ուկրաինական «նարնջագույն հեղափոխությունը» պայմանավորված էր փոփոխություններին հասարակության պատրաստությամբ: Ըստ նրա, Կիեւի փողոցներ դուրս եկած 1,5 կամ 2 միլիոն մարդկանց անհնար էր հավաքել Սորոսի փողերով: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031