Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Մայիս 05,2006 00:00

ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ «Արմավիա» ընկերության «Էյրբաս 320» ինքնաթիռի վթարից հետո սկսված մեղավորների փնտրտուքը հետաքրքիր զարգացումներ է ստանում: Ինչպես եւ սպասվում էր, ռուսական կողմն ամեն ինչ անում է Սոչիի օդանավակայանի դիսպետչերներին պաշտպանելու եւ այլ տեղ մեղավորներ գտնելու համար: Բնականաբար, շատ ավելի դժվար է ֆրանսիացիներին մեղադրելը, քան՝ հայերին: Հետեւաբար, «Էյրբասի» տեխնիկական պարամետրերի մասին խոսակցությունները անմիջապես տեղը զիջում են հայ օդաչուների մեղավորության կամ՝ օդանավում վառելիքի պակասության մասին խոսակցություններին: Վերջին տարբերակը վրաց դիսպետչերների շնորհիվ ժխտվեց: Հիշեցնենք, որ նրանց տրամադրած ձայնագրությունների մեջ օդանավի հրամանատար Գեորգի Գրիգորյանը ասում էր, թե որոշել է վերադառնալ Երեւան, եւ ինքնաթիռն ունի եւս երկու ժամվա վառելիք: Սակայն հասնելով Քութայիսի՝ ինքնաթիռը կրկին 180 աստիճանի շրջադարձ է կատարում դեպի Սոչի: Թե ի՞նչ է ընկած եղել օդանավի հրամանատարի որոշման հիմքում՝ չվերադառնալ Երեւան, այլ, այնուամենայնիվ, թռնել Սոչի, դեռ պարզ չէ: Վթարի հենց սկզբից ասվում էր, թե Սոչիի օդանավակայանից է եկել տեղեկություն այն մասին, որ եղանակն արդեն բարենպաստ է վայրէջքի համար: Սակայն երեկ ռուսական «Կոմերսանտ» թերթը հրապարակել էր հետեւյալ վարկածը. «Ինչպես ասում են «Հարավի աերոնավիգացիայի» ռուսական կենտրոնում, այդ պահին օդաչուն կարող էր լսել ԱՏԻՍ համակարգի հաղորդագրությունը, որում մոտակա օդանավակայանների օպերատորները տառացիորեն կարդում են եղանակի տեսությունը: Եվ հնարավոր է, որ Սոչիի եղանակի կանխատեսումն այս անգամ օդաչուին բարենպաստ է թվացել: Չնայած փորձառու օդաչուները չեն բացառում դեպքերի զարգացման մի այլ տարբերակ. օդաչուին կարող էր Սոչի ուղեւորվելու համառ խնդրանքով դիմել VIP ուղեւորներից որեւէ մեկը»: Ռուսական «Կոմերսանտը» ավելի է զարգացնում այս տարբերակը՝ ասելով, թե հետաքննության մասնակիցներից մեկն ասել է. «Վթարի պատճառ կարող էին դառնալ լինել օդաչուի սխալ գործողությունները: Թռիչքի արագությունն ու բարձրությունը նորմայի մեջ էին, սակայն ինքնաթիռի անձնակազմի բարոյական վիճակը այդքան կատարված մանեւրներից հետո դժվար թե բավարար լիներ: Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ օդաչուները ինչ-որ պահի ուղղակի շեղվեցին ինքնաթիռը վարելուց եւ «կորցրեցին» ինքնաթիռը: Դա կարող էր պատահել, օրինակ, ինքնաթիռի կառավարման կենտրոնական համակարգիչում վայրէջքի ռեժիմների փոփոխության պահին: FMS համակարգում դրված էր ծրագիր թիվ 1 վայրէջքուղու համար, այնինչ համակարգիչը հարկավոր էր հարմարեցնել թիվ 2 ուղու համար»: Այս ֆոնի վրա ամենեւին զարմանալի չէ ռուսական կողմի հանկարծակի մտքափոխությունը. սկզբում հայտարարեցին, թե պատրաստ չեն սեփական ուժերով դուրս բերել 680մ խորության վրա հայտնաբերված ինքնաթիռի մնացորդները, որում, ֆրանսիացի մասնագետների ենթադրությամբ, գտնվում էր «սեւ արկղը», եւ նույնիսկ դիմեցին այլ երկրների օգնությանը, ապա մի քանի ժամ անց որոշեցին, որ յոլա կգնան սեփական ուժերով: Ու «սեւ արկղի» բովանդակությանն էլ կծանոթանան սեփական ուժերով: Հետեւություններ էլ կանեն ու մեղավորներին էլ «կհայտնաբերեն» սեփական ուժերով: Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031