Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀՆՉԻ

Մայիս 05,2006 00:00

ԿՀՆՉԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Երեկ Կամերային երաժշտության տանը մեկնարկեց Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության ավանդական դարձած գարնանային համերգաշարը՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան 85-ամյակին: Մինչեւ մայիսի 23-ը Կամերային երաժշտության տանը, Կոմպոզիտորների միությունում, «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Դիլիջանի ստեղծագործական տան դահլիճում կհնչեն միության տարբեր տարիքի ստեղծագործողների երկերը՝ հայաստանյան երաժիշտների կատարմամբ: Երկու համերգով հանդես կգա նաեւ Ֆրանսիայից հրավիրված «Բրետոն» փողային կվինտետը: Կկայանան երկու համերգ-երեկոներ՝ նվիրված Ստեփան Նաղդյանի ծննդյան 85 եւ Գրիգոր Հախինյանի 80-ամյակներին: «Առավոտին» հետաքրքրող հարցերն ուղղեցինք միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: – Մասնագետների շրջանում գարնանային այս փառատոնը անվանում են «առաջին կատարման» փառատոն: Այդպե՞ս է: – Կատարվելիք ստեղծագործությունների գերակշիռ մասը առաջին անգամ կհնչի: Կան այնպիսիք, որ հեղինակների կողմից վերախմբագրված են: Այսինքն, ստեղծագործողը այսօր լսելով տարիներ առաջ գրած իր այս կամ այն երկը, հեղինակի իրավունքով անդրադարձ է կատարել՝ վերափոխելով կամ վերաձեւելով իրեն չբավարարող հատվածները: Կարծում եմ, ողջունելի է, երբ կոմպոզիտորը պահանջկոտ է իբրեւ ստեղծագործող՝ ինքն իր հանդեպ: – Իսկ ինչո՞վ է պայմանավորված ֆրանսիացի երաժիշտների մասնակցությունը փառատոնին: – Աշնանային ու գարնանային համերգաշրջաններում մենք ունենում ենք հյուրեր արտերկրից, այնպիսիները, ովքեր փորձում են իրենց երկրում քարոզել մեր երաժշտությունը: Ներքին համոզմունքով եմ ասում, որ այսօր քարոզ կոչվածի անհրաժեշտությունը ավելի է, քան երբեւէ: Իսկ Ֆրանսիայից «Բրետոն» կվինտետը կատարում է նման առաքելություն ոչ միայն իր երկրում, այլեւ աշխարհի տարբեր կետերում: Մենք սիրով կհրավիրեինք Մոսկվայի ժամանակակից երաժշտության, Կիեւի կամերային նվագախմբերին, որոնց երկացանկում մշտապես տեղ ունեն հայ կոմպոզիտորների գործերը: Ցավոք, չկարողացանք իրականացնել դա ֆինանսական պատճառներով: Ասեմ նաեւ, որ համերգաշարը (նախկինները նույնպես) անցկացնում ենք միայն մեր՝ միության ուժերով: – Ծանոթանալով հրատարակված բուկլետին, նկատեցինք, որ համերգները հիմնականում կայանալու են Կամերային երաժշտության տանը, Միության դահլիճում եւ Դիլիջանի ստեղծագործական տանը, եւ ընդամենը մեկ համերգ՝ «Ա. Խաչատրյան» համերգասրահում: Վերջինում կատարվելու են «արտոնյա՞լ» կոմպոզիտորների գործեր: – Դահլիճները մեզ մոտ վճարովի են: Դրա համար էլ հիմնականում համերգները կկայանան մեր տանը (նկատի ունի Կոմպոզիտորների տան դահլիճը): Իսկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգը, որին կմասնակցի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների «Կամերատա» անսամբլը՝ պայմանավորված է այլ բանով: Անսամբլի երաժշտական գործիքները դեֆիցիտ են, եւ դրանք դահլիճից դուրս բերելը խնդիր է: – Համերգաշրջանի ավարտին կլինե՞ն մեզանում արդեն մոռացված երաժշտագետների քննարկումներ, քննադատություններ, ինչին չենք հանդիպել նախորդ համերգաշրջանների ավարտին: – Քննարկումները ոչ թե պետք են, այլ՝ անհրաժեշտ: Իսկ մեր երաժշտագետներն իսկապես պասիվ են: Զարմանալի է, բայց կոմպոզիտորներս էլ չգիտենք դրա պատճառը: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ Հ. Գ. Հասկանալի պատճառով մայիսի 5-ի համերգը տեղափոխված է մեկ շաբաթ հետո: Մինչդեռ Ֆրանսիայից ժամանած փողային կվինտետի կողմից կատարվելիք դասական երաժշտությունը (Տ. Մանսուրյան, Ա. Ոսկանյան, Ա. Զոհրաբյան եւ այլք) կարող էր ընկալվել ակցիա, հիշատակի տուրք զոհվածներին: Բնականաբար, առանց ծափահարությունների: Մեկ շաբաթով հետաձգված է նաեւ Դիլիջանի ստեղծագործական տան դահլիճում կայանալիք համերգը՝ անբարենպաստ եղանակի պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031