Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորից մեր տանն ենք»

Մայիս 18,2006 00:00

Համաշխարհային
երաժշտական կյանքում իր լուրջ հայտը ներկայացրած երգչուհի Իզաբել Բայրաքդարյանն ու
արտերկրի երաժշտական քննադատների կողմից «ստեղնաշարի ակրոբատ» որակվող դաշնակահար
Սերուժ Քրաջյան ամուսնական զույգը կրկին Հայաստանում է: Մայիսի 21-ին «Ա.
Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ճանաչված
արվեստագետները հանդես կգան Մոցարտի 250-ամյակին նվիրված համերգային ծրագրով: Ընդ
որում կհնչի նաեւ կոմպոզիտորի հազվադեպ կատարվող Ձայնի, դաշնամուրի եւ նվագախմբի
համար գրված ստեղծագործությունը: Հիշեցնենք, որ անվանի կանադահայ արվեստագետների
համագործակցությունը սկսվել է 2003-ից՝ 2004-ին հայրենիքում «վերաճելով» ամուսնության:
Նրանք սիրով զրուցեցին «Առավոտի» հետ: Խնդրեցինք, որ ամուսինը ներկայացնի իր հանրահայտ
սոպրանոյին՝ կնոջը, եւ հակառակը՝ ունենալու համար աստղային զույգի մինի-դիմանկարը:
Ս. Քրաջյանը ներկայացնելով Իզաբելին, նշեց, որ նրա կարիերայի սկիզբը նշանավորվեց
1997-ին, երբ երգչուհին արժանացավ «Մետրոպոլիտեն» օպերայի գլխավոր մրցանակին. «Դրանից
հետո սկսվեց տարբեր հեղինակային մրցույթներում Իզաբելի հաղթարշավը, այդ թվում՝ Պլաչիդո
Դոմինգոյի գլխավորած «Operalia», Ելիզավետ 2-րդ թագուհու եւ այլ: 2002-03-ին նա հանդես
եկավ Փարիզի Opera Bastille-ում, «Մետրոպոլիտեն» եւ մյուս հեղինակավոր թատրոններում»:
Ամուսինը դժվարացավ հիշել մինչ օրս կնոջ կատարած դերերգերն ու աշխարհով մեկ նրա մենահամերգները:
Սակայն հատկապես նշեց, որ 2003-2004-ին Իզաբելն առաջին անգամ բեմ դուրս եկավ Միլանի
La Scala թատրոնում՝ Բերնսթայնի «Վեստսայդյան պատմություն» օպերայում Մարիայի դերերգով:
Առանձնահատուկ նշեց նաեւ (ինչը մենք ժամանակին տեղեկացրել էինք- Ս. Դ.), որ կնոջ
ձայնը հնչում է «Արարատ», «Մատանիների տիրակալը», «Երկվորյակ աշտարակներ» հանրահայտ
ֆիլմերում: Իզաբել Բայրաքդարյանն էլ իր «ստեղնաշարի ակրոբատ» ամուսնուն ներկայացնելով,
տեղեկացրեց, որ Սերուժի համերգային գործունեությունը ձգվել է Եվրոպայից մինչեւ Ասիա,
Հյուսիսային Ամերիկայից մինչեւ Հարավային Ամերիկա, ճանաչված՝ «Կարնեգի հոլլ» (Նյու
Յորք), «Սփիվի հոլլ» (Ատլանտա) համերգասրահներում, «Օրփեոս» թատրոնում (Վանկուվեր)
եւ այլուր: «Անցյալ տարի անգլիական հայտնի Warmer Music-ի կողմից թողարկվել է Լիստի
«Տրանսցենդենտալ էտյուդներ» եւ Պագանինիին նվիրված ստեղծագործություններից խտասալիկները:
Ընթացքի մեջ է նաեւ մեկ այլ խտասալիկ, որտեղ ընդգրկված են հայ անվանի կոմպոզիտորներ
Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլոց ստեղծագործությունները:
Ի դեպ, ամուսինս կատարել է Կոմիտասի 30 երգերի մշակումներ, որոնք կթողարկվեն հաջորդ
տարի»,- հայտնեց Ի. Բայրաքդարյանը: Հետաքրքրությանը՝ չե՞ն պատրաստվում Հայաստանում
տուն գնել, ամուսինները հավաստիացրին. «Կարծում ենք, արդեն հաջորդ տարի հայրենիքում
կունենանք մեր օջախը: Չնայած, այսպես թե այնպես, Հայաստանում արդեն մեր տանն ենք»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել