Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի համբավը՝ քանդման հիմքում

Մայիս 19,2006 00:00

ՀՀ
քաղաքացի Արարատ Ծովյանը 80-ականներից Պուշկինի 15ա հասցեում զբաղեցրել է 78 քմ կենցաղսպասարկման
արհեստանոցը: «Պետական կարիքների» անվան տակ զավթված հողատարածքների մեջ ընկավ
նաեւ Պուշկինի 15 ա հասցեն, եւ քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակը առաջարկեց
փոխհատուցում՝ 16.500 դոլար: Սակայն, քանի որ այդ տարածքը Ծովյանի հացուջրի միակ
աղբյուրն էր, ԾԻԳ-ի հետ բանակցությունների արդյունքում Ծովյանին 20 քմ տարածքի հատկացում
արվեց: Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության
վարչության պետ Գ. Խանգելդյանի, «Ծովյանին տրամադրված 20 քմ մակերեսով հողամասի վրա
կենցաղսպասարկման օբյեկտը իր կողմից կառուցվել է քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերի
առկայությամբ»: Ծովյանին Կենտրոն թաղապետարանի կողմից տրվել էր թույլտվություն, իսկ
ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության կողմից կատարված ստուգման համաձայն, Ծովյանը
շինությունը կառուցել էր «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:
Ի դեպ, վերջին պարբերությունը փաստաբանների պալատին էր ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ
համայնքների դատախազ Ա. Անդրեասյանը: Կառուցվեց շենք եւ, ըստ փորձագետի 2005թ. նոյեմբերի
18-ի եզրակացության, «փորձաքննության կատարման դրությամբ, շուկայում գործող միջին
գներով այն կազմեց 6.840.000 դրամ»: Սակայն երբ ավարտվեց շինության կառուցումը, Ծովյաններին
են մոտենում «Ֆլեշ» ՍՊԸ-ի անունից ներկայացուցիչներ, ասելով՝ «տարածքը «Ֆլեշին» խանգարում
է, պետք է թողնեք-հեռանաք»: Այս տարվա մարտի 10-ին, ժամը 18-ի սահմաններում
«Ֆլեշի» ամբարձիչներով (լուսանկարում պատկերված), ոստիկանների մասնակցությամբ սկսվում
է Ծովյանների արհեստանոցի քանդումը: Բնականաբար, աղմուկ է բարձրանում եւ աշխատանքը
տեղափոխվում է գիշերվա ժամը 3-ը: Ոչ միայն շենքն է անհետանում, այլ Ծովյանների ողջ
շինանյութը, քարերը, փայտը, բեռնատար ավտոմեքենայով դա էլ են թալանում: Ծովյանները
դիմում են ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցել Քրօրի 185 հոդվածի հատկանիշներով՝
գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, կողոպտելու: ՀՀ գլխավոր դատախազությունը
դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, այն է՝ պարտադիր որոշում կայացնել (որոշում
կամ քրգործ հարուցելու մասին, կամ քրգործ հարուցելը մերժելու), գրություն է ուղարկում
Ա. Ծովյանին հետեւյալ բովանդակությամբ. «Պուշկինի 15 ա շենքին հարող տարածքում գտնվող
ձեզ պատկանող շինությունը քանդվել է այդ տարածքի մաքրման անհրաժեշտությունից ելնելով»:
Հավանաբար, մաքրման անհրաժեշտությունից ելնելով հառնել է «Ֆլեշի» բանկը: Ըստ այդ
գրության, պատճառված վնասի հատուցման հարցի լուծումը դուրս է ՀՀ գլխավոր դատախազության
մարմինների իրավասության շրջանակներից, քանի որ այն կրում է քաղաքացիա-իրավական բնույթ:
Սակայն գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար
Լ. Ավետիսյանը դժվար չիմանար, որ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, վնասելը, կողոպտելը
«քաղաքացիա-իրավական հարաբերություն» չէ. Քրեական օրենսգրքի բաղկացուցիչ մաս է: Այս
գրության պատճառով քաղաքացին զրկվում է դատական պաշտպանության արդյունավետ միջոցից
եւ երկու օր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում բողոքարկվում
էր դատախազի գրությունը: Ծովյանները երկու անգամ հանդիպել են «Ֆլեշի» տնօրենի, փոխտնօրենի
հետ, նրանք խոստացել էին պայմանագիր կնքել, տուժածներին հավատացնելով, թե բարի համբավը
ամենաթանկ բանն է: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել