Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կարինը անկախություն է պահանջում

Մայիս 19,2006 00:00

Կարինը անկախություն է պահանջում Պատգամավորը գյուղացիներից ձայն չստանալու համար նրանց «քթից բերում» է Արագածոտնի մարզի Սասունիկ եւ Կարին գյուղերը, թեեւ իրավաբանական տեսակետից հանդես են գալիս որպես 1 միասնական գյուղ, բայց, ըստ էության, դրանք իրար հետ բացարձակապես կապ չունեցող, իրար չմերվող տարբեր համայքներ են: Կարինի բնակիչներն իրենց աջը քաշել ու ստեղծել են առանձին դպրոց, ամբուլատորիա, տնկարան, նույնիսկ այնպես են դասավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը ստանան բոլորովին այլ ենթակայանից՝ փորձելով ամեն կերպ «անկախանալ»: Կարինցիների ներկայացմամբ՝ իրենց խնդիրներով ոչ ոք չի զբաղվում, չունեն իրենց առանձին գյուղապետը կամ կառավարությանն իրենց շահերը ներկայացնող մի սրտացավ մեկը. «Փոքր գյուղ ենք, ոչ մի պաշտոնյա չենք կարող ներկայացնել, անցյալ տարի մի կերպ մի ավագանի անցկացրինք, էն էլ բան չի անում»: Երկու միացյալ գյուղերի համար գյուղապետ է նշանակվել Հայկազ Տեր-Գուլանյանը: Նա էլ «Առավոտի» հետ զրույցում խոստովանեց, որ կարինցիներն ու սասունիկցիները «յոլա» չեն գնում: Ըստ նրա, կռիվը սկսվել է 1995-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Կարինը՝ երկու գյուղերի անունից հանդես եկած պատգամավորին ձայն չի տվել, վերջինս էլ որոշել է «դավաճան» գյուղացիներից վրեժ լուծել. «Ես այն ժամանակ Կարինի գյուղապետն էի, պատգամավորն ինձ անձամբ է ասել՝ Հայկա՛զ, ինձ ձայն չտվեցիք, տես՝ ձեր գլխին ինչ օյին կբերեմ: Մարդն ասեց ու արեց՝ 1996-ի վարչատարածքային բաժանման ժամանակ երկու գյուղերը կառավարությանը ներկայացրեց մեկ անվան տակ՝ Սասունիկ: Այսինքն՝ Կարինը իր ցանկությամբ կպցրեց ուրիշ գյուղի»: Բնակիչների միջեւ հիմնական տարաձայնությունն էլ այն է, որ Կարինի բնակիչները Բաքվից ու Կիրովաբադից գաղթած փախստականներ են եւ ոչ մի կերպ չեն կարողանում լեզու գտնել տեղացիների հետ: Գյուղապետը վստահեցրեց, որ իր համար ոչ մի տարբերություն չկա, երկու գյուղերի բնակիչներին էլ հավասար աչքով է նայում, երկուսի խնդիրներով էլ հավասարապես զբաղվում է, սակայն կարինցիների խոսքերով՝ «այստեղ փախստականներիս մարդ չեն համարում, թող առանձնացնեն, մենք մեր գլուխն առանձին կպահենք, գյուղապետը սկի չի էլ մտածում մեր պրոբլեմների մասին. ոռոգման ջուր չեն տալիս, խմելու ջրի մեջ էլ էնքան քլոր ու էլի չգիտես ինչեր կան, որ լցնում ենք ծառի տակ՝ չորանում ա»,- բողոքեց Կարինի բնակիչ Լաուրա Զաքարյանը: Մինչդեռ գյուղապետը հավաստիացնում էր, որ ոռոգման ջրի հարցը 95%-ով լուծված է: Մենք նաեւ սասունիկցիներից հետաքրքրվեցինք, թե ջրի հարցը իրենց գյուղում քանի՞ տոկոսով է լուծված: Նրանք էլ միաբերան ասացին, որ ոռոգման ջուր ընդհանրապես չունեն. «Մեր հողեր մացե բառադի, ջուր չկա, օր ըլներ՝ մենք հավելի ուրախ չէինք ըլնի, սկի մե տոկոսով էլ չէ տված»,- ասաց սասունիկցի Քնքուշ Զոհրաբյանը: Ինչ վերաբերում է խմելու ջրին, նույնիսկ գյուղապետը նշեց, որ այդ հարցը գյուղում օրակարգային է. «Էդ մեկը համարյա չլինող հարց է, եթե նասոսները չեն միացնում՝ ինքնահոս ջրից կարողանում է օգտվել միայն բնակչության 20%-ը: Ամեն օր պիտի զանգենք Աշտարակի ջրմուղին հիշեցնենք, որ Սասունիկի ջուրը գոնե մի երկու ժամով միացնի. օր է եղել՝ մոռացել, մեզ ջուր չեն տվել»: Թեեւ գյուղատնտեսության նախարարությունը վստահեցնում էր, որ ապրիլի եւ մայիսի սկզբի ցրտահարությունը գյուղատնտեսության վրա ըստ էության չի անդրադարձել, Սասունիկի գյուղապետարանի հաշվարկները բոլորովին այլ բան են վկայում. ոչնչացվել է 60 հա պտղատու այգի, 70 հա ցորենի արտ եւ ընդհանուր վնասի չափը հասնում է 5-7 մլն դրամի: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել