Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գրոտեսկը՝

Մայիս 19,2006 00:00

«Գրոտեսկը՝ կլոունադա» Այս կարծիքին է թատերագետ Լեւոն Մութաֆյանը օրերս երաժշտական կամերային թատրոնում կայացած Տ. Չուխաջյանի «Կարինե» կոմիկական օպերայի պրեմիերայի մասին: Տեղեկացնենք, որ հիշյալ ներկայացումը առաջին անգամ բեմադրվել է Երեւանի օպերետի թատրոնում՝ 40-ականներին, մեծանուն խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյանի ռեժիսուրայով: 60-ականներին Ազգային օպերային թատրոնում Չուխաջյանի օպերետին անդրադարձան Վարդան Աճեմյանն ու Սուրեն Չարեքյանը, իսկ 70-ականներին՝ Տիգրան Լեւոնյանն ու Յուրի Դավթյանը: Թատերական բեմադրաձեւերի թարմացման եւ մեկնաբանությունների մերօրյա ամեն մի դրսեւորում ստիպում է մտածել, որ թատերական գործընթացում քարացածությունն ու պահպանողականությունը պետք է հաղթահարվեն, որ մեզանում էլ ցանկություն կա վերանայելու մաշված, հոգնեցնելու աստիճան չարչրկված մեկնաբանությունների արտահայտչաձեւերը: Չուխաջյանի հանրահայտ այս երկի պրեմիերայի առիթով մեր զրուցակից, թատերագետ Լեւոն Մութաֆյանը նախ նշեց, որ հայաստանյան թատրոններում նորի գնահատման որոնումն ու փորձարարությունը խրախուսելու գաղափարն է իր համար առաջնայինը. «Ուստի չեմ զարմանում ու զայրանում՝ տեսնելով հատկապես մեր թատրոններում դասականների ստեղծագործությունների հանդեպ գեղարվեստական նոր դիրքավորումներ»: Մյուս կողմից, թատերագետը հիասթափվում է, որ նորարարությունն ու փորձարարությունը դառնում են ինքնանպատակ, որ անկարողությունը կամ քմահաճությունը մատուցվում են որպես նոր ձեւերի հաստատում: «Երաժշտական կամերային թատրոնի «Կարինեի» բեմադրությունն այն աշխատանքներից է, որում ինքնատիպ ստեղծագործական հղացումն ու չարդարացված նորարարությունը խառնվել են իրար՝ աղավաղելով նշանավոր օպերետի երաժշտադրամատիկական կտավը: Բեմադրիչ Արմեն Մելիքսեթյանը ընտրել է «թատրոն-բալագանի» սկզբունքը՝ մղվելով դեպի «կոմեդի դել արտեն», դեպի դիմակների թատրոնի գեղագիտությունը: Ընտրությունը թելադրում է իր ոճը, սկզբունքը, ռեժիսորական եւ դերասանական առանձնահատկությունները: Ներկայացման նախադրությունը միջնադարյան ժողովրդական թատրոնում կիրառվող մնջախաղի ինքնատիպ օրինակ է, որի ուշագրավ հղացումն այդպես էլ չի տարրալուծվում բեմադրական կտավի մեջ, քանզի հենց նախադրությունը պիտի դառնար ելակետ եւ սկզբունք»,- պարզաբանեց պարոն Մութաֆյանը: Նրա համոզմամբ, բեմադրության մեջ առկա գրոտեսկը փոխարինվում է կլոունադայի, ինչն էլ աղավաղում է ստեղծագործությունը: «Բեմադրիչն ու երաժշտական ղեկավար Կարեն Դավթյանը մտահոգված չեն եղել կառուցիկ պարտիտուրի եւ հստակ արտահայտված դիտաչափի ստեղծմամբ, ուստի երաժշտական կտավը կառուցվել է ընդամենը մի քանի արիաների, զուգերգերի եւ հազվադեպ խմբերգերի վրա՝ աղճատելով «օպերա-բուֆի» լավագույն նմուշներից մեկը հանդիսացող «Կարինեի» ներդաշնությամբ աչքի ընկնող պարտիտուրը: Պարտիտուրի եւ լիբրետոյի հանդեպ քմահաճ վերաբերմունքն էլ ծնել է ներկայացում մի հիմարացած գյուղացու եւ նրան անվերջորեն ծաղրող երիտասարդների մասին: Հորհոր աղայի կերպարն էլ չափից ավելի ծիծաղելի է դարձել, ինչը թուլացրել է կոնֆլիկտը, պարզունակ դարձնելով օպերետի դիպաշարը»,- հայտնեց թատերագետը: Նա նշեց նաեւ, որ բեմադրիչը չափազանց սուղ բեմական պայմանների մեջ թեեւ ջանացել է օգտագործել բեմանկարչական միջավայրը, առաջ մղելով էքսպրեսիվ ու թատերական որոշակի ելակետեր ունեցող լուծումներ, սակայն ակնհայտ է մի բան, որ այս թատերախումբն ի զորու չէ ընկալելու եւ ներկայացնելու Չուխաջյանի հանճարեղ օպերետը. «Ի՞նչ են խաղում, ի՞նչ ոճ է առաջադրում բեմադրիչը՝ այս ամենն անհասանելի է դերասանախմբին, որը հիմնական ուշադրությունը սեւեռելով վոկալին, մոռացել է դերասանական խաղի մասին»: Զրույցի ավարտին պարոն Մութաֆյանը, այնուամենայնիվ, առանձնացրեց Կարինեի, Հորհոր աղայի դերակատարումները, նվագախմբի պատշաճ հնչողությունը, նկատելով, որ եթե թատրոնը դիմում է երաժշտադրամատիկական նյութի, պիտի սինթեզի դերասանական խաղը, վոկալը եւ պլաստիկան: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել