Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԸ՝

Մայիս 24,2006 00:00

ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՆՈՐԻՑ ԿՆՈՋ «ՁԵՌՔՈՒՄ» Երեկ՝ պաշտոնավարման 100-րդ օրը, Գեւորգ Գեւորգյանը հրաժեշտ տվեց մշակույթի նախարարի պաշտոնին: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին՝ Հասմիկ Պողոսյանին: Հիշեցնենք, որ Գեւորգյանին եւ նախորդ 2 նախարարներին՝ Թամար Պողոսյանին ու Հովիկ Հովեյանին, ներկայացրել էր Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, եւ նույնիսկ անեկդոտ էր հյուսվել նրա «ոչ խերով» ձեռքի մասին: Ա. Մարգարյանը հույս հայտնեց, որ գոնե մինչեւ 2007թ. մայիսը Հասմիկ Պողոսյանը կմնա նախարարի պաշտոնում: Իսկ մինչ այդ, նա շնորհակալություն հայտնեց եւ իր համախոհը համարեց Գեւորգ Գեւորգյանին. «3 ամսում Գեւորգյանը տարիների աշխատանք է կատարել… Շատ եմ ափսոսում, որ քաղաքական իրավիճակի հետեւանքով առաջացավ նախարարի փոփոխության խնդիր»: Նոր նախարարին վարչապետը վաղուց է ճանաչում. «Հասմիկ Պողոսյանը, ինչպես եւ պարոն Գեւորգյանը, անկուսակցական է: ՄԱԿ կուսակցությունը առաջարկել է տիկին Պողոսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա պրոֆեսիոնալիզմը, ոչ թե քաղաքական կողմնորոշումները: Մենք փորձելու ենք այսուհետեւ նախարարություն բերել ոչ կուսակցական մարդկանց, որովհետեւ սկզբունք ունենք՝ չկուսակցականացնել նախարարությունը»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ իմաստ ուներ մի անկուսակցականին փոխարինել մյուսով, մանավանդ որ գոհ էին Գեւորգյանի աշխատանքից: Ի պատասխան՝ վարչապետը հիշեցրեց կոալիցիայի հուշագրի ու պորտֆելները կուսակցությունների միջեւ բաժանված լինելու մասին: Նաեւ մի քիչ նեղացավ, թե մշակույթի նախարարությամբ լրագրողներն ավելի են հետաքրքրված, քան մյուս գերատեսչություններով. «Որքան մշակույթն է ազգային, այնքան էլ կրթությունն ու բնապահպանությունը»: Վարչապետը խոստացավ, որ գուցե առաջիկայում լուծվի Գեւորգյանի նոր աշխատանքի խնդիրը, մանավանդ «այն կարողություններն ու հնարավորությունները, որ ունի պարոն Գեւորգյանը, չի կարելի թողնել փողոցում»: Բացի այդ. «ոչ պարոն Գեւորգյանը, ոչ տիկին Պողոսյանը մեղավոր չէին, որ այսպես ստացվեց, դա քաղաքական պայմանավորվածություն էր»: Արդեն նախկին նախարար Գ. Գեւորգյանը գտնում է, որ դեռ առիթներ կլինեն իրեն հանդիպելու, ափսոսում է, որ հաշվետու ասուլիսը հետաձգվեց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Հատկապես ափսոսում է, որ հեռացավ «Հայֆիլմից»: Հարցին՝ այսուհետեւ կհամաձայնի՞ ՕԵԿ-ի «շրջանակներում» լինել նախարար, Գեւորգյանը պատասխանեց. «Ինձ համար ոչ թե շրջանակներն են կարեւոր, այլ այն, թե ինչ եմ ուզում անել: Այնպես որ, նշանակություն չուներ եւ չի ունենա ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի, թե այլ կուսակցության կողմից կառաջադրվեմ»: Ի դեպ, Գ. Գեւորգյանին սատարող մշակույթի գործիչները որոշել էին ասուլիս հրավիրել՝ ի պաշտպանություն արդեն նախկին նախարարի, սակայն վերջինս ասել էր, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Հասմիկ Պողոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ խիղճը չի՞ տանջում, որ իր պաշտոնավարման առաջին օրը համընկնում է նախկին նախարարի պաշտոնավարման 100-րդ օրվա հետ: «Ես իմ անձնական զգացումների մասին չեմ ուզում խոսել, մանավանդ բոլորդ գիտեք, որ մարդը լավ է աշխատել: Նաեւ գիտեք, որ սա քաղաքական զարգացումների արդյունք է»,- ասաց նա: «Առավոտի» հաջորդ հարցին՝ եկաք նախարարություն, որովհետեւ ԱՕԿՍ-ը սպառե՞լ էր իրեն, չէ՞ որ այդ կազմակերպությունն էլ ստեղծագործական միությունների նման հնացած եւ վաղուց առաքելությունն ավարտած կառույց է, տիկին Պողոսյանը պատասխանեց. «Համաձայնել եմ ոչ այդ պատճառով: Հասարակական սեկտորի խնդիրը մշակութային կապերի հարցում մեծ է: ԱՕԿՍ-ը ահագին ծրագրեր է իրականացնում»: Մեր մյուս հարցին՝ կլինի՞ կադրային ջարդ, մի բան, որից զերծ էր մնացել Գեւորգյանը, Պողոսյանը պատասխանեց. «Հուսով եմ՝ ոչ: Պարոն Գեւորգյանի այն հայտարարությունը, որ շատ համերաշխ եւ պրոֆեսիոնալ ապարատ է աշխատում, ինձ պարտավորեցնում է»: Նորանշանակ նախարարն ասաց նաեւ, որ ամենապարտավորեցնողը, սակայն, իր Պողոսյան ազգանունն է (այն հիշեցնելու է Թամար Պողոսյանին- Գ. Հ): Նոր Պողոսյանը չասաց, թե որն է լինելու իր առաջին քայլը իբրեւ նախարար՝ «անլուրջի տպավորություն թողնել չեմ ուզում, թողեք մի քիչ խորանամ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031