Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգություն երաժշտականների շուրջ

Մայիս 24,2006 00:00

Մտահոգություն երաժշտականների շուրջ Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացան Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների 7-րդ հանրապետական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունն ու գալա համերգը: Մրցույթի օրերին «Առավոտը» ակամա ունկնդիրը եղավ մարզային ու Երեւանի երաժշտական դպրոցների տնօրենների խոսակցությանը: Տնօրեններին առաջինը հուզում էր երաժշտական դպրոցների կարգավիճակի հարցը: Ըստ կրթության մասին օրենքի, երաժշտական դպրոցներն ունեն արտադպրոցական խմբակների կարգավիճակ: Երբ հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը վերանայվեց (եւ դեռ էլի պետք է բարձրացվի), այսօր երաժշտական դպրոցները, քանի որ պետբյուջեից չեն ֆինանսավորվում, երկու ճանապարհ ունեն դասատուների խղճուկ աշխատավարձի չափը վերանայելու: Կամ պետք է բարձրացնել ուսման վարձը (այսօր այն կազմում է 6000 դրամ), որը տնօրենները համարեցին պայթունավտանգ, կամ, որ միակ խելացի ճանապարհն է, պետպատվերի շրջանակներում պետք է ֆինանսավորվեն երաժշտական դպրոցները: Խոսքուզրույցի բռնված տնօրենների կարծիքով, այն իրողությունը, թե յուրաքանչյուր ազգ, պետություն, աշխարհին առաջինը պետք է ներկայանա իր մշակույթով՝ էնտուզիազմով երկար չի կարող գոյատեւել: Դպրոցները հանձնվել են համայնքներին, դուրս եկել մեկ ընդհանուր կրթական համակարգից, մինչդեռ խիստ կարեւոր է երաժշտականները կոորդինացնող մեկ օղակի առկայությունը: Տնօրենները հիշեցին, որ ժամանակին մշակույթի նախարարությունում գործում էր ուսումնական հաստատությունների վարչություն, որը անգիր գիտեր գյուղական ու այլ շրջանների դպրոցների հոգսերը, օժանդակում էր նրանց: Անգամ երաժշտական ուսումնարանների ավարտական քննությունների նախօրեին կատարվում էին ուսուցիչների նշանակումներ՝ շրջաններից ստացված հայտերի հիման վրա: Թող որ շրջաններ նշանակված ուսուցիչներից ոմանք զարտուղի ճանապարհով խուսափեին, բայց նրանց ստվար մասը մեկնում էր ու իրենց ներկայությամբ նոր լիցք ու թարմություն բերում դպրոց: Նշվեց նաեւ, որ հիմա էլ մշակույթի նախարարությունում կա պետական ծրագրերի, մշակութային համագործակցության, գիտության եւ կրթության բաժին, որի դերը անհասկանալի է: Տնօրենները կենտրոնացան խորհրդային գործող հանրապետական մեթոդկենտրոն կոչվածի վրա, հիշելով, որ այնտեղ ընդգրկված էին Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմից ու անգամ նրանցից յուրաքանչյուրը կցված էր տարբեր շրջանի դպրոցներին: Խոսքուզրույցը բերելով վերջնակետի, նրանք կարծիք հայտնեցին, որ, այնուամենայնիվ, չարժե, որ մշակույթի նախարարությունը նորից դպրոցները վերցնի իր հովանու ներքո եւ տնօրենից սկսած նշանակումներ անի: Բայց քանի որ ուսումնական պրոցեսը պետք է ընթանա մեկ ընդհանուր ծրագրով, ուստի ավելի անհրաժեշտ է դառնում մեթոդկենտրոնի վերակազմավորումը: Երեւանի երաժշտական դպրոցի տնօրեններից մեկն էլ համակարծիք լինելով վերն ասվածին, նշեց, որ թեեւ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչությանը կից գործում է տնօրենների խորհուրդը, որը, բնականաբար, մտահոգված է երաժշտականներին հուզող հարցերով, բայց, միեւնույն է, վերը հիշատակված որոշ խնդիրներից Երեւանի դպրոցներն անմասն չեն: Անդրադարձ եղավ նաեւ Ա. Բաբաջանյանի անվան մրցույթին: Երաժշտականների ղեկավարների կարծիքով, ճիշտ չէ, երբ մարզի աշակերտը մրցում է կոնսերվատորիային կից Չայկովսկու, Սպենդիարյանի կամ մյուս համբավավոր դպրոցների իր հասակակիցների հետ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031