Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ

Մայիս 25,2006 00:00

ԵՐԿՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՆ ԷԼ ԴԻՐՔԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ Իտալիայի Թուրին քաղաքում, որտեղ կայանում է անցնող մրցաշրջանի բոլոր կարեւորագույն մրցաշարերը, շարունակվում է շախմատի տղամարդկանց եւ կանանց 37-րդ համաշխարհային օլիմպիադան: Նախօրեին կայացած երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հանդիպեց Դանիայի քառյակի հետ եւ 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: ՖԻԴԵ-ի գավաթակիր եւ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջեւ առավելության հասավ մրցակից թիմի առաջատար Պետեր Նիլսենի նկատմամբ: Հաղթանակ տոնեց նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որի մրցակիցը Բերգ Հանսենն էր: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանն ու Արտաշես Մինասյանը միավորը բաժանեցին համապատասխանաբար Լարս Հանսենի եւ Դավոր Պալոյի հետ: Օլիմպիադայում տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը՝ մեր տղաների ընտրանին 9,5 միավորով զգալիորեն բարելավեց դիրքերը մրցաշարային աղյուսակում եւ բարձրացավ 8-րդ հորիզոնական: Իսկ առաջատարների տասնյակը երրորդ տուրից հետո հավասար՝ 10,5-ական միավորով գլխավորում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Ուզբեկստանը: Նրանց 10,0-ական միավորով հաջորդում են Հունաստանը, Ուկրաինան, Հոլանդիան: Հայաստանը Բուլղարիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Բրազիլիայի, Իսլանդիայի հետ միասին բաժանում է 7-12-րդ տեղերը եւ առանձին շախմատիստների վաստակած միավորների քանակով է ընթանում 8-րդ տեղում: Երեկ կայացած չորրորդ տուրում հանդիպում էին Հայաստանն ու Նորվեգիան: Ըստ խաղատախտակների հաջորդականության, զույգեր էին կազմել Լեւոն Արոնյանն ու Երլենդ Յոհանսենը, Վլադիմիր Հակոբյանն ու Կժետիլ Լին, Սմբատ Լպուտյանն ու Էյնար Գուսելը, Գաբրիել Սարգսյանն ու Ռուն Ջուրհուսը: Ի տարբերություն տղաների, երրորդ տուրում մեր աղջիկները մեքսիկացիների հետ խաղում էին սեւ խաղաքարերով: Այդուհանդերձ, մրցամարտն ավարտվեց հայուհիների առավելությամբ՝ 2:1: Լիլիթ Մկրտչյանը «զինաթափեց» Յադիրա Հերնանդեսին, Էլինա Դանիելյանը՝ Ալեխանդրա Ռոդրիգես Գուրերոյին եւ միայն Նելլի Աղինյանը չկարողացավ դիմադրություն ցույց տալ Ադրիա Կարերասին: Այս հաղթանակից հետո մեր աղջիկները նույնպես վեր բարձրացան մրցաշարային աղյուսակում՝ 6,5 միավորով հայտնվելով 16-րդ տեղում: Իսկ միանձնյա առաջատարն առայժմ Լիտվայի եռյակն է՝ 9,0 միավորով: Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Էկվադորի թիմին: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Մարթա Ֆիերոն էր, Էլինա Դանիելյանինը՝ Էվելին Մունկայոն, իսկ Սիրանուշ Անդրիասյանինը՝ Ռոսիո Վասկեսը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել