Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանին սխալ են հանում

Մայիս 26,2006 00:00

Գեղամյանին սխալ են հանում «Բոլորս գիտենք՝ ով ով է»,- ասում է ՀԴԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը: Նկատի ունենալով «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի կողմից վերջին օրերին թափահարվող թուղթը, որում ընդդիմադիր մի խումբ լիդերների ստորագրությունն է, եւ որով Արտաշես Գեղամյանը փորձում է մեղադրել Արթուր Բաղդասարյանին, ՀԴԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը, որը նույնպես այդ թուղթը ստորագրողների մեջ է (ստորագրել են Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Գառնիկ Մարգարյանը, Արամ Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը), երեկ մեզ փոխանցեց հետեւյալը. «Երեւի այդ թուղթը ուրիշ տեղ օգտագործման կարիք ուներ այս երեք տարիների ընթացքում, չեն կարողացել անել, հիմա այդպես են փորձում օգտագործել: Իսկ իրողությունը սա է եղել: 2003 թվականի փետրվարի 19-ին, նախագահական ընտրությունների առաջին փուլի օրը, ժամը 16-ին հավաքվել են ընդդիմադիր բոլոր թեկնածուները, քննարկել են հայտարարության տեքստը, որը ընդունվել է: Դրանից հետո մեզ առաջարկել են եւս մեկ հայտարարություն ստորագրել: Մենք հրաժարվեցինք՝ ասելով, որ դրա ժամանակը չէ: Ուղղակի տրամաբանական մի խնդիր որոշենք՝ երեւի ոչ ոք չի կասկածում, որ նախագահի թեկնածուները` բոլորն էլ նորմալ, խելամիտ մարդիկ էին եւ չէին կարող նույն ժամին, նույն րոպեին երկու հայտարարություն ստորագրել: Մեկը, որն արդեն պետք է ներկայացվեր, այն էր, որ բոլորս ընդունեցինք, երկրորդը, որն իրենք առաջարկեցին, պայմանավորվեցինք, որ ժամը 19-ին միայն կներկայացնենք՝ կախված իրավիճակից: Փաստորեն, բոլորս պահեցինք խոստումը, բացի Արտաշես Գեղամյանից: Մենք բաժանվել ենք ժամը 17-ին՝ պայմանավորվելով, որ ոչ ոք այն չի խախտում եւ այդ հայտարարությունը չի հրապարակում: Սակայն արդեն 17-ն անց 20-ին զանգահարում է ԿԸՀ-ում մեր ներկայացուցիչը եւ տեղեկացնում, որ երկու հայտարարություն կա՝ իրար հակասող, ինչպե՞ս դա հասկանալ: Տեղեկացնում է, որ երկրորդ հայտարարության տեքստը բերել է Աղասի Արշակյանը: Սա իմանալով, մենք էլ մեր հերթին հայտարարեցինք, որ քանի որ խախտվել է պայմանավորվածությունը, մենք բոլորս հանում ենք մեր ստորագրությունները: Հիմա եւս մեկ հարց՝ էդ ի՞նչ պատահեց 20 րոպեի ընթացքում, եթե պատկերացնենք, որ իբր համաձայնել ենք, որ հինգ հոգի միանգամից հրաժարվեցին իրենց ստորագրություններից, էդ ի՞նչ մտքափոխություն կատարվեց, երբ ամեն մեկս մեր շտաբներում էինք գտնվել: Երրորդ հարց՝ հիշում եք, փետրվարի 20-ի մեծ հանրահավաքը, մենք բոլորս այնտեղ էինք, ժողովուրդը հավաքվել էր, չկար միայն Արտաշես Գեղամյանը»: Մեր հարցին՝ ինչպե՞ս է բացատրում Արամ Սարգսյանը այն իրողությունը, որ «ԱՄ» նախագահն այսօր է շարունակ խոսում այդ թղթի մասին, պատասխանեց. «Երեւի որոշել է, որ կամ մենք պետք է այնքան պարկեշտ գտնվենք, որ չխոսենք այդ մասին, քանի որ համարյա երեք տարի առանձնապես չէինք խոսում, հիմա էլ երեւի դա փորձում է իր համար որպես փրկարար օղակ ներկայացնել: Բայց, կարծում եմ, ինքը կորցրել է վերահսկողությունը իր սեփական գործողությունների նկատմամբ եւ մեզ փորձում է պարտադրել, որ ներքաշվենք այն ճղճիմ դաշտը, որի մեջ ինքն է հայտնվել: Ես անձամբ նման ցանկություն չունեմ: Այսօր այս երկրում բոլորովին այլ խնդիրներ կան, լրջագույն խնդիրներ, եւ ընդդիմությունը դրանցով պետք է զբաղվի եւ ոչ թե մեկը մյուսին բացահայտելով: Ավելորդ բացահայտումների կարիք չկա, բոլորս էլ գիտենք՝ ով ով է»: ՀԺԿ-ից նույնի կապակցությամբ եւ ընդհանրապես՝ Արտաշես Գեղամյանի վերջին հեռուստաշոուի մասով նկատեցին, որ «միակ ճիշտ բանը նրա ասածներից այն էր, որ ինքը Դեմիրճյանների տանը կոնյակ է խմել, եւ ընդհանրապես սա առաջին սուտը չէ, որ ասում է պարոն Գեղամյանը, սակայն Կարեն Սերոբիչի անունը շահարկելն արդեն անցնում է պարկեշտության սահմանները»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել