Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԹՌՉԵԼ

Մայիս 27,2006 00:00

Տաղանդավոր մարդկանց տաղանդավոր երեխաները

Այս տարվա հունվարին հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 28 աշակերտ վաղաժամկետ քննություններ է հանձնել: Նրանցից միայն մեկը առաջին դասարանցի է՝ Երեւանի թիվ 196 դպրոցի սան Աշոտ Հախինյանը, ով կարողացել է հունվարին քննություն հանձնել առաջին դասարանի երկրորդ կիսամյակի եւ երկրորդ դասարանի առաջին կիսամյակի պահանջվող ծրագրից եւ առաջին դասարանի կեսից փոխադրվել միանգամից երկրորդ դասարան: Մնացած 27 հոգին 9-րդ դասարանցիներ են, ովքեր ուսումնական տարվա կեսից թռել են միանգամից 10-րդ դասարան: Սա իրականացվում է «Էքստեռն փոխադրումներ եւ ավարտական քննություններ կազմակերպելու կարգի» համաձայն, որի՝ թռիչքներին վերաբերող կետերը 3 տարի առաջ կասեցրել էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Այս խնդրին մենք անդրադարձել ենք եւ մեջբերել պրն Մկրտչյանի հիմնավորումը, թե ինչու է կասեցրել այդ կետերը: Նա մեզ ասել էր, որ իր փորձը ցույց է տվել, որ հանկարծակի հայտնվում են հարյուրավոր հանճարեղ երեխաներ եւ, որպես կանոն, այդ երեխաների ծնողները հաճախ բարձրաստիճան պաշտոնյաներ են լինում կամ՝ ոչ այնքան բարձրաստիճան: Եվ դա թույլ է տալիս այդ քննությունների անցկացման ձեւը՝ առանց չափորոշիչների: «Իմ խորին համոզմամբ, դա հարվածում էր ավագ դպրոցի հեղինակությանը եւ կարծում եմ, որ ճիշտ քայլ եմ կատարել՝ կասեցնելով այդ կարգը»,- մեզ հետ զրույցում ասել էր Լ. Մկրտչյանը: Այս տարի ԿԳՆ պաշտոնյաները որոշել են նորից կյանքի կոչել կարգի այն հատվածը, որով թույլատրվում է անցկացնել վաղաժամկետ քննություններ: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ պարզապես այն ժամանակ չկային կոնկրետ չափորոշիչներ եւ այդ քննություններն անցկացվում էին թեթեւ հարցազրույցներով, առանց չափորոշիչների: Ն. Հովհաննիսյանի ասելով, կար նաեւ դպրոցների դժգոհությունը, եւ կրթության ազգային ինստիտուտին հանձնարարվեց մշակել չափորոշիչներ: Ըստ այդմ, մասնագետների խումբը որոշում է, թե ինչ թեմաներ պետք է ընդգրկել քննություններում, որ առարկան պետք է գրավոր հանձնել, որը՝ բանավոր: Այսպիսով, նախարարությունը կատարում է իր միսիան՝ չափորոշիչների մասով, եւ… ամեն ինչ թողնվում է դպրոցի հայեցողությանը: Քննությունները կազմակերպվում են դպրոցում, մանկավարժական խորհուրդը համապատասխան որոշում է կայացնում, տնօրենն էլ հաստատում է այն: Իսկ այս ձեւով, ամեն տարի 28 չէ՝ 128 տաղանդ էլ կարելի է ունենալ:

Սակայն այս շտապողականության համար կա մի կարեւոր պատճառ եւս: Բանն այն է, որ այս տարի վերջին անգամ ընդունելության քննությունները կանցկացվեն ավանդական ձեւով, իսկ մյուս տարվանից կփորձարկվի գիտելիքների գնահատման կենտրոնը: Եվ ով կարողացել է՝ խուսափել է մյուս տարվա փորձարկումից:

«Իմ կարծիքով, դրանք կարող են լինել տարվա մեջ 1-2, առավելագույնը 5-6 հոգի՝ ողջ հանրապետության մակարդակով,- ասում է Լ. Մկրտչյանը:- Այն, ինչ կատարվում է, դատելով թվերից, իսկապես խոր մտահոգություն է պատճառում: Երեխան պետք է այնքան հանճարեղ եւ զարգացած լինի, որ կարողանա լրացնել ողջ 2 տարիների կուրսը՝ մեկ տարվա ընթացքում, ունենա 2 կուրսին համարժեք պատրաստվածություն: Իսկ սրանք կարող են լինել միայն անհատներ: Չեմ կարծում, որ նրանք կարող են լինել 5-6 հոգուց ավելի»:

Դեռեւս մեկ ամիս առաջ մենք պաշտոնական նամակով դիմել էինք ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանին՝ խնդրելով տրամադրել 2005-2006 ուստարում վաղաժամկետ քննություններ հանձնած աշակերտների անվանացանկը: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն, նա մեզ պետք է այդ տեղեկատվությունը տրամադրեր 5-օրյա ժամկետում, ինչը չարվեց: Մենք նորից նամակով դիմեցինք նրան՝ խնդրելով տեղեկացնել գոնե մերժման հիմքի մասին: Նորից բոլոր ժամկետները լրացան: Եվ եկան նրա պաշտոնանկության օրերը: Մենք, իհարկե, այդ օրերին ձեռնպահ մնացինք արդեն «դատապարտված» նախարարին դատի տալուց, եւ հանկարծ, ԿԳ նախարարի պաշտոնը լքելուց առաջ պրն Երիցյանը, այնուամենայնիվ, տրամադրեց մեզ այդ տեղեկատվությունը: Եվ այսպես:

Վաղաժամկետ քննություններ հանձնած երեխաներից երկուսը Սեւանի թիվ 1 դպրոցից են, մեկը՝ Գյումրիի թիվ 10 դպրոցից: Մնացածը Երեւանի դպրոցներից են: Այս ցանկում տեսնում ենք հայտնի մարդկանց անուններ: Այսպես՝ վաղաժամկետ քննություն է հանձնել ՀՀ կառավարության կրթության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, մեր հարգարժան գործընկեր, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի որդին՝ Հայկ Ամիրյանը, Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանի դուստրը՝ Նաթելլա Բեգլարյանը, «Հայաստանի երկաթուղի» ՓԲԸ տնօրեն, Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Արարատ Խրիմյանի դուստրը՝ Անի Խրիմյանը: Մեր տեղեկություններով, ցանկում կան նաեւ դատական համակարգի պաշտոնյաների երեխաներ եւ այլն:

Բնավ կասկածի տակ չենք առնում այս աշակերտների մտավոր ունակությունները: Պարզապես, ինչպես վերեւում նշեցինք Լ. Մկրտչյանի խոսքերը, նման թռիչքներ կարող են կատարել միայն մտավոր առանձնահատուկ կարողությունների տեր անհատները: Իսկ եթե այդպիսիք մեր երկրում այսքան շատ են, ուրեմն մենք դրա համար միայն ուրախ ենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել