Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ են ծառայում խորհուրդները

Մայիս 27,2006 00:00

Վերջին օրերին մայրաքաղաքի դպրոցներում տեղի ունեցած տնօրենի ընտրությունները մեկ անգամ էլ ցույց տվեցին, որ ինչպես մյուս հաստատությունների դեպքում, այնպես էլ այստեղ, խորհուրդները պարզապես ձեւական բնույթ են կրում:

Եվ ինչպես ռեկտորների ընտրությունների ժամանակ էինք լսում տարբեր մասնագետների կարծիքներ, որ ավելի լավ կլիներ տվյալ ղեկավարին նշանակեին, քան ընտրություններին այլեւայլ մեթոդներ կիրառեին՝ իրենց թեկնածուին անցկացնելու համար, դպրոցների պարագայում էլ, պարզվում է, նույնն է. խորհուրդը հիմնականում օգտագործվում է այս կամ այն շահերին ծառայելու համար: Իհարկե, կան եւ բացառություններ: Ընտրություններին նախորդող եւ հաջորդող օրերին ավելորդ լարվածություն է առաջանում, ընդհուպ՝ խաթարվում է դասապրոցեսը: Երեկ խմբագրություն էր զանգահարել թիվ 29 դպրոցի ռուսական դասարանի ծնողներից մեկը եւ պատմում էր, թե ինչ վախի մթնոլորտ էր դպրոցում, որ ծնողներին արգելել են ընտրությունների օրը դպրոցին մոտենալ՝ ավելորդ զգացմունքային պոռթկումներից ու բողոքներից խուսափելու համար: Որ բոլորը գիտեին՝ տնօրեն է դառնալու Ռուզաննա Սարուխանյանը, որ ավելի լավ է ոչ ոք ձայն չհանի, միեւնույն է, ամեն ինչ արդեն որոշված է: Անցյալ շաբաթ թիվ 20 դպրոցի տնօրենի ընտրություններից հետո մանկավարժներն ասում էին, որ իրենք մեկ գիշերվա մեջ 3 ձայն են կորցրել: Հիշեցնենք՝ դպրոցի նախկին ուսմասվար Անահիտ Խոսրովյանին ձայն էին տվել խորհրդի կազմում ընդգրկված մանկավարժներն ու ծնողները, իսկ դրսի թեկնածուին՝ թաղապետարանի եւ քաղաքապետարանի 3 ներկայացուցիչները: Ուրեմն պարզ է, թե ինչու են խորհրդի կազմում ընդգրկվել չինովնիկներ՝ դրսից: Թիվ 29 դպրոցի տնօրենի թեկնածու, ԿԳՆ կադրային գործի վարման բաժնի գլխավոր մասնագետ, 10 տարվա տնօրեն Ժաննա Հովհաննիսյանն ասում է. «Խորհուրդները, իմ կարծիքով, ձեւական բնույթ են կրում: Որովհետեւ խորհուրդներ կազմելու ինստիտուտն ի սկզբանե ճիշտ չի մտածված: Այսօր, ցավոք, ԺԷԿ-ի ինժեները, տեխնիկը, մեխանիկը, ով կրթական համակարգից շատ հեռու է, պատիվ ունի ընտրելու դպրոցի տնօրեն: Վերանայման կարիք ունի, թող լինեն մասնագետներ: Տարիների վաստակ ունեցող մարդու անվան դիմաց մինուս է դնում մեկը, ով չի կարող բացատրել իր ընտրությունը: Այստեղ բացթողում կա: Քաղաքապետարանի ներկայացուցչի մտնելը խորհրդի կազմ՝ պիտի տաներ ճշմարտության, թափանցիկության, վերահսկողության խնդիր պետք է հետապնդեր»: Սակայն այսօր տեսնում ենք, որ քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ, մյուսներն էլ, ընտրության են գալիս կողմնորոշված եւ իրենց չի հետաքրքրում, որ, ասենք, այսինչ թեկնածուն չունի ամենատարրական գիտելիքներ՝ դպրոցի կառավարման մասին: ԿԳՆ փորձագետն իհարկե մասնագետ է, եւ ամեն ինչ վերլուծում է, խորհրդի անդամներին ներկայացնում իրականությունը, սակայն աբսուրդն այն է, որ ի վերջո որոշումը կայացնում է խորհուրդը, եւ նույն տնօրենը կարող է խորհրդի քվեարկության արդյունքում դառնալ տնօրեն:

«Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության գործադիր տնօրենի ընտրության եւ նշանակման» կարգի մեջ, ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության տվյալների, առաջիկայում փոփոխություններ կմտցվի: Ըստ այդմ, նախապես տնօրենի հավակնորդի համար պարտադիր պայման կլինի հաղթահարել «քաղծառայողի հատվածը», այսինքն՝ լրացնել համապատասխան տեստը, որից հետո միայն նրան կթույլատրվի մասնակցել ընտրության: «Մասնագիտական մասը պետք է հստակ լինի, դա կարգավորված չէ, եւ դրա համար է այս ամբողջ խառնաշփոթը։ Եթե մարդը (խոսքը խորհրդի անդամների մասին է- Հ. Բ.) կողմնորոշված է եկել, հեշտ չէ նրա կարծիքը փոխել, եթե հստակեցում մտցված չէ»,- ասում է ԿԳՆ փորձագետ Կարո Նասիբյանը։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել