Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն

Մայիս 27,2006 00:00

ԼՂՀ-Ն ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻՆ ՉԻ ԶԻՋՈՒՄ Կարծում է ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը Մայիսի 21-ին Չեռնոգորիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների ձայների 55,5 տոկոսը կողմ էր քվեարկել անկախության օգտին, եւ որը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, դրական ազդակներ է փոխանցել ԼՂ իշխանություններին: ԼՂՀ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ նախօրեին նույնիսկ հայտարարություն էր տարածել, իսկ ԼՂՀ ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը կարծիք էր հայտնել, թե նկատի ունենալով «համաշխարհային հանրության պատրաստակամությունը՝ ընդունել Չեռնոգորիայի եւ Կոսովոյի անկախությունը՝ ԼՂ-ն ունի իր անկախության միջազգային ճանաչման բոլոր իրավական հիմքերը»: Որքանո՞վ են համեմատելի Չեռնոգորիայի եւ ԼՂՀ-ի հիմնախնդիրները՝ նախեւառաջ իրավական տեսանկյունից: Պատասխանելով այս հարցին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում «Արդարություն» դաշինքի նախկին ներկայացուցիչ եւ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ակնհայտ է, որ ԼՂՀ-ն եւ նրա ժողովուրդը շատ ավելի հստակ իրավական հիմքեր ունեն ԼՂՀ անկախության ճանաչման համար: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂՀ-ն ստեղծվեց դեռեւս ԽՍՀՄ օրոք, եւ Խորհրդային Միության փլուզումից առաջ ԼՂ-ում տեղի ունեցավ հանրաքվե, որը համաձայն ե՛ւ միջազգային իրավունքի, ե՛ւ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության, ապահովեց ԼՂՀ-ի, նրա ժողովրդի, տարածքի՝ Ադրբեջանի իշխանությունների ենթակայությունից օրինական հիմքով դուրս գալու իրավունքը: Մյուս կողմից, բացի իրավական հիմքերից, կա փաստացի գործընթաց, որը ցույց է տալիս, որ ԼՂ-ն առանց արտաքին ուժերի թելադրանքի կամ միջամտության, ինքնուրույն կարողացել է լուծել այն խնդիրները, որոնք մասնավորապես՝ Սերբիայում եւ վաղը՝ Չեռնոգորիայում լուծվում են հիմնականում արտաքին ուժերի թելադրանքով: Բանն այն է, որ ԼՂՀ-ն ինքնուրույն ապահովել է իր իշխանության ձեւավորումը, ընդ որում՝ ԼՂ-ում բանակը գտնվում է քաղաքացիական իշխանության վերահսկողության տակ, պարբերաբար տեղի են ունենում ընտրություններ, որոնց բնորոշ չեն այն զանգվածային կեղծիքները, որոնք բնորոշ են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ընտրություններին: Այս տեսանկյունից ԼՂ ինքնորոշման կայացումը համապատասխանում է ցանկացած միջազգային չափանիշի, որոնք այսօր օգտագործվում են այս կամ այն երկրների ինքնորոշումը ճանաչելու համար»: Բայց Եվրոպայում էլ երկակի ստանդարտներ են գործում: «Երբ խոսում ենք երկակի ստանդարտների մասին, միշտ պետք է հաշվի առնենք, որ իրականում Եվրոպայում դրանք վերաբերում են այն երկրներին, որոնք բացահայտորեն ժողովրդավարական չեն: Ժողովրդավարական երկրների պարագայում, որպես կանոն, երկակի ստանդարտը չի գործում: Մենք սա պետք է լրջորեն հաշվի առնենք՝ ապագայում էլ սխալներ թույլ չտալու համար»,- ասաց ԱԺ պատգամավորը: Ի պատասխան մեր այն հարցի, թե՝ տվյալ դեպքում նկատի ենք ունենալու Ադրբեջանի՞ ոչ ժողովրդավարական լինելու, թե՞ ԼՂՀ-ի ավելի ժողովրդավարական լինելու հանգամանքը, պարոն Քոչարյանն ակնհայտ համարեց այն, որ ԼՂ-ն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը, եւ հավելեց, թե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նրան, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ԼՂ-նը պետք է համապատասխանեն եվրոպական ժողովրդավարության չափանիշներին: «Այդ պարագայում խոսակցություններ երկակի ստանդարտների մասին չեն լինի»,- վստահեցրեց նա: Օրերս ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, թե՝ «Նախկին ԽՍՀՄ տարածքում կազմավորված չճանաչված հանրապետությունները՝ Աբխազիան, Մերձդնեստրն ու ԼՂ-ն, կընթանան Չեռնոգորիայի ճանապարհով», քանի որ դա նախադեպ է միջազգային իրավունքում: Հայտնի է, սակայն, որ միջազգային հանրությունը մտադիր չէ այդ նախադեպը տարածել մատնանշված երկրների վրա՝ նախեւառաջ ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից, որոնք շատ դեպքերում հակասում են ռուսական շահերին: Չի բացառվում, որ երկակի ստանդարտների պատճառը լինեն հենց այդ շահագրգռությունները: «Միշտ չէ, որ բոլոր հարցերը իրար հետ կապվում են: Մենք շատ հաճախ հակված ենք կարծելու, որ բոլոր խնդիրները միեւնույն լուծումներն ունեն: Դա այդպես չէ, եւ դա ճիշտ է: Դրա բազմաթիվ օրինակներ կան: Այնպես որ, իհարկե, ձեր ասածը մասամբ ճիշտ է, բայց մյուս կողմից՝ մենք պետք է գիտակցենք, որ կան հնարավորություններ այդ ընդհանուր ստանդարտներից դուրս գալու համար, որ աշխարհը շատ ավելի ճկուն է, որպեսզի ամեն ինչին մոտենա միանման: Խնդիրը ոչ թե աշխարհի՝ երկակի ստանդարտով մոտեցումն է, այլ այն, որ այդ ստանդարտները ԼՂ դեպքում փշրելու խնդիրը մեր ձեռքում է, մեզնից է կախված»,- ասաց Շ. Քոչարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել