Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին

Մայիս 27,2006 00:00

«Վերջին զանգը» վերանո՞ւմ է Շրջանավարտները տուրք են տալիս ճոխություններին «Այսօր մի շոր հավանեցի, վարձույթի գինը 50 դոլար էր…»։ «Այդ գումարով ես անցյալ տարի իմ շորը կարել տվեցի…»։ Ուստարվա ավարտին այսպիսի երկխոսություններ կարելի է լսել 10-րդ դասարանցիների շրջանում։ Զարմանալի է, որ նրանց մեծամասնությունը քննություններից չի խոսում, այլ ռեստորանային գներից եւ ավարտական խնջույքի հագուկապից։ Երեւանի մի քանի դպրոցների տնօրեններից փորձեցինք պարզել, թե ինչպես են անցկացնելու ավարտական «Վերջին զանգի» արարողությունը՝ հաշվի առնելով այն, որ արդեն երկրորդ տարին է՝ ԿԳՆ-ն հրահանգում է զերծ մնալ ճոխություններից եւ շեշտը դնել բովանդակության վրա: Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի նորընտիր տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասաց, որ ինքը խստորեն արգելել է հունիսի 10-ին, ավարտական ցերեկույթից բացի, այլ միջոցառում կազմակերպել. «Երկու 10-րդ դասարանների դասղեկներից ստորագրությունով գրություն եմ պահանջել: Ես ինձ կարծես ապահովել եմ, իմ ասածն ասել, ունեինք նաեւ կրթության նախարարության ու քաղաքապետարանի զգուշացումը»: Ա. Խոսրովյանը պատվիրել է աշակերտներին, ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, միջոցառումից հետո տուն գնալ: «Դե գիտեք ծնողներին: Երբեմն դժգոհում են, ասում՝ մի արգելեք, որ այդ խնջույքները կազմակերպում են իրենց երեխաների համար»,- նկատեց Անահիտ Խոսրովյանը: Պուշկինի դպրոցում վերջին զանգի արարողություն, որպես այդպիսին, չի լինելու: «Կլինեն վերջին դասեր՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար, քանի որ երկու օր հետո երեխաները քննություն են հանձնելու»,- ասաց Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը: Ի տարբերություն այս դպրոցի, Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը վերջին զանգի ցերեկույթի անցկացման համար վարձել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճը: Դրամահավաքների մասին դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դեռ սեպտեմբերի 1-ից է զգուշացրել դասղեկներին. «Տեղյակ եմ, որ դասարաններում հավաքում են 4000-5000 դրամ: Դա վերջին զանգի արարողության համար պատվիրված հատուկ շքանշանների համար է»: Իսկ դահլիճի վարձակալության հետ կապված ծախսերը դպրոցն իր վրա է վերցրել: Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցն այս տարի էլ ավանդաբար կնշի վերջին զանգի արարողությունը: Հնարավոր է՝ երեկոյան մասնակցեն նաեւ համաքաղաքային միջոցառմանը՝ Հանրապետության հրապարակում: Չորս 10-րդ դասարանի 88 աշակերտներ այս տարի էլ դպրոցի շքեղ դահլիճում կստանան շնորհավորանքներ, իսկ խնջույք կլինի միայն ատեստատները ստանալուց հետո, ինչի համար պատասխանատվություն արդեն չեն կրի դասղեկները: «Դպրոցի նախաձեռնությամբ դրամահավաքները բացառում եմ: Աշակերտների ցանկությանը միջամտել՝ անհարմար ենք համարում: Այդ օրը ուսուցչին մեկ մեխակ նվիրելը կարծում եմ աշակերտների կողմից ինքնաբուխ մի երեւույթ է»,- ասաց Շիրվանզադեի անվան դպրոցի տնօրեն Վաչագան Սարգսյանը: Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը չի տարբերվում այլ դպրոցներից՝ միջոցառման ծրագրի բազմազանությամբ: Միակ տարբերությունը երեւի թե այն է, որ այստեղ ուսուցիչներին անձամբ նվերներ չեն տալիս օրվա կապակցությամբ: Համենայնդեպս, դպրոցի տնօրեն Լիլի Վարդգեսյանը չհիշեց մի դեպք իր աշխատանքային փորձի ընթացքում, որ նվեր ստացած լինի: «Սա այն դպրոցը չէ, որ ծնողները հնարավորություն ունենան ուսուցիչներին նվերներ գնել: Երբեմն դպրոցին անհրաժեշտ պարագաներ են նվիրում՝ վարագույր կամ փոքրիկ մի հուշանվեր: Ծնողները նույնիսկ դասագրքերի գումարները չեն կարողանում մուծել»,- հավաստիացրեց Լ. Վարդգեսյանը: Տնօրենի կարծիքով՝ վերջին զանգի հետ կապված միակ նորությունն այն է, որ Գ. Ծառուկյանը նվերներ է պատրաստել դպրոցի աշակերտների համար: Շատ ռեստորանային համալիրներում արդեն վաղուց վարձված են սրահները: Սովորաբար գները շատ քիչ են տարբերվում: Օրինակ՝ «Օջախ» ռեստորանում տեղեկացրին, որ երեկոյի ընթացքում մեկ անձը, եթե ուտելու է քյուֆթա, խորոված, տապակած ճուտ, խավարտեղեն եւ խմորեղեն, ապա նա պետք է վճարի նվազագույնը 11.000 դրամ։ Այս գինը կարող է տատանվել՝ կախված ճաշացուցակի ընտրությունից։ «Հին Երեւանում» աշակերտները երեկոյան 20։30-ից հետո ստիպված են սեղան առ սեղան վճարել լրացուցիչ 1500 դրամ, քանի որ պարային ծրագիր են վայելելու։ Որոշ ռեստորաններ հրաժարվում են ավարտական խնջույք կազմակերպել՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, երբ աշակերտները խմել են ու «համը հանել»։ Այս մասին ասաց «Կեսարի պալատի» սրահի վարիչներից մեկը՝ Վարդանը։ «Բելաջիոն» եւս այս տարի չի սպասարկի տասներորդցիներին՝ թերեւս նույն պատճառով։ Փաստորեն, նախարարության զգուշացումից տուժեց «Վերջին զանգի» խորհուրդը, բուն արարողությունը, որին նոր սերունդը կարծես թե լուրջ չի վերաբերվում: Իսկ ճոխությունները նորից մնացին: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել