Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է լավագույնը

Մայիս 30,2006 00:00

Երեւանի
քաղաքապետարանը ուզում է առաջարկել 2-ական լավագույն մանկավարժ Ուսուցիչների,
տնօրենների եւ դաստիարակների աշխատանքը խրախուսելու, հասարակության մեջ նրանց հեղինակությունը
բարձրացնելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարի՝ թիվ 147-Ն, 15.03.06թ. հատուկ հրամանով հաստատվել
են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ»
մրցույթների անցկացման կարգերը: ԿԳՆ «Կրթություն» պաշտոնաթերթի 29.03. 06թ.
համարում տպագրվել է հայտարարություն, որտեղ ներկայացված են այն չափորոշիչները, որոնցով
պետք է առաջնորդվել՝ ընտրության հարցում: Մրցույթի առաջին փուլն անցկացնում են մարզպետարանների
(Երեւանի քաղաքապետարանի) կրթության վարչությունները՝ նախապես ստեղծված մարզային
գնահատող հանձնաժողովների միջոցով: Այնուհետեւ ընտրվում է յուրաքանչյուր մարզից մեկ
թեկնածու, որոնք էլ անցնում են հանրապետական փուլ: Այս վերջին փուլում մրցույթն անցկացնում
է ԿԳՆ-ն: Սակայն մինչ դրան հասնելը, մինչեւ մայիսի 25-ը մարզպետարանները (քաղաքապետարանը)
ԿԳՆ հանրակրթության վարչություն պետք է ներկայացնեին արդեն ընտրված մեկական թեկնածուի
անուն՝ յուրաքանչյուր անվանակարգից: Ընդ որում՝ մրցույթն անցկացվել է մարտի 25-ից
ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն երեկ երեկոյան ԿԳՆ-ում կար միայն 6
մարզի արդյունք: ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը
մեզ ասաց, որ թեեւ կարգով սահմանված է մայիսի 25-ը, բայց դեռ ժամանակ կա, եւ չեն
շտապում: Մյուս կողմից Ն. Հովհաննիսյանը չի հանդուրժում կարգի որեւէ խախտում՝ կապված
թեկնածուների թվի հետ: Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը, ի տարբերություն մյուս մարզերի,
ուզում է մայրաքաղաքից ներկայացնել 2-ական թեկնածու: Քաղաքապետարանի կրթության
վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը կարծում է, որ Երեւանից մեկ թեկնածուն քիչ
է, գոնե 2 թեկնածություն է պետք ներկայացնել, որովհետեւ մայրաքաղաքը մասշտաբներով
չես կարող համեմատել մյուս մարզերի հետ: Երեկ կեսօրին նրանք ունեին 4 տնօրենի, 6
ուսուցչի եւ 3 դաստիարակի թեկնածություն: Իսկ երեկոյան պարզվեց, որ ամեն անվանակարգից
2-ական թեկնածու է մնացել, եւ ոչ մի կերպ հնարավոր չէ ընտրել լավագույնին: Տիկին
Աչոյանը հավաստիացնում էր, որ բոլոր անվանակարգերի 2-ական թեկնածուներն էլ հավասար
միավորներ են հավաքել, եւ այսօր հավանաբար նախարարություն կդիմեն՝ համաձայնության
գալու այս հարցում: Հանրակրթության վարչության պետը, սակայն, մեզ հետ զրույցում
ասում էր, որ իրենք թույլ չեն տա կարգի նման խախտում, եւ ինչպես սահմանված է՝ 1-ական
հոգի, այնպես էլ կմնա, թույլ չեն տա, որ մայրաքաղաքը բացառություն լինի: Երեկ
մեզ հետ զրույցում տիկին Աչոյանը հավաստիացնում է, որ ընտրությունը բացարձակ օբյեկտիվ
է կատարվել՝ հատուկ մշակված չափորոշիչներով, ինչի հիմքում ընկած է նոր եւ ավանդական
մեթոդների ճիշտ համադրումը, դրանց միջինի առկայությունը դպրոցում: Օրինակ,
դպրոցներից մեկը (տիկին Աչոյանն իր խոսքում անուններ չնշեց) անհրաժեշտ փաստաթղթերը
ներկայացնելիս ցույց է տվել 100 տոկոս առաջադիմություն, սակայն հանձնաժողովը, որ
գրավոր աշխատանքներ է կազմակերպել հայոց լեզու, մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից,
պարզել է, որ այդ տվյալը չի համապատասխանում դպրոցի իրական մակարդակին: Ի դեպ, նախարարի
հաստատած կարգում մրցույթի հանրապետական փուլի աշխատանքներում պետք է ներգրավվեն
նաեւ հ/կ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի անվանի գործիչներ:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել