Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ՄՏԱՆ

Հունիս 06,2006 00:00 Share

ՀԴԿ
նախագահ Արամ Սարգսյանը դրանից այնքան էլ դառնացած չէ Երեկ Ռումինիայի մայրաքաղաք
Բուխարեստում ավարտվեցին Քոչարյան-Ալիեւ բանակցությունները: Դրանց բովանդակությունը
չեն մանրամասնել ո՛չ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ո՛չ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:
Միակ բանը, ինչ հաջողվել է իմանալ այս բանակցությունների վերաբերյալ, եղել է այն,
ինչ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը. «Նախագահները երեկ հանդիպեցին,
երկար բանակցեցին: Ադրբեջանի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, եւ կարգավորման շուրջ
տարաձայնությունները մնում են»: Ասել է թե՝ վերջին հինգ ամիսների ընթացքում՝
փետրվարին Ռամբույեում, իսկ հունիսի 4-5-ը՝ Բուխարեստում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների
նախաձեռնությամբ կազմակերպված Քոչարյան-Ալիեւ հանդիպումները անհաջողության են մատնվում:
Ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ այս անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անգամ
խուսափել են գնահատական տալ բանակցություններին ու ասել՝ առաջընթա՞ց էր դա, թե՞…
Բուխարեստում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ երեկ ԱԺ-ում կարծիք է հայտնել
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ հայտարարելով, թե ինքը շատ բան չէր սպասում նախագահների
հանդիպումից՝ նշելով, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը բանակցություններում էական
առաջընթացի հույս չի ներշնչում: «Ամենայն հավանականությամբ, բանակցությունների արդյունքում
հետընթաց չի լինի, իսկ առաջընթաց կլինի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,- ասել է ՀՀ
վարչապետը՝ հավելելով, որ այդ բանակցությունները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի
սրացման չեն հանգեցնի: Հիշեցնենք, որ հայաստանյան ԶԼՄ-ների ունեցած նախնական
տեղեկությունների համաձայն, ակնկալվում էր, որ երկու երկրների նախագահները Բուխարեստում
ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ պետք է ստորագրեին, որի գոյության մասին՝ 1-2 էջի սահմաններում,
փաստել էր նաեւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ միաժամանակ հերքելով որեւէ փաստաթուղթ
ստորագրելու հնարավորությունը: Այն, որ Ռումինիայի մայրաքաղաքում որեւէ փաստաթուղթ
չի ստորագրվել, գոհացրել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.
Սարգսյանին: Բայց մինչ իր այս մոտեցումը մեկնաբանելը՝ պարոն Սարգսյանը հարկ համարեց
նախեւառաջ հստակեցնել, թե ինչ էր առաջարկվում կողմերին եւ ինչ սպասելիքներ կային
բուխարեստյան հանդիպումից: «Առաջարկվում էր ստորագրել գոնե ինչ-որ մի հայտարարություն,
սա պայմանականորեն եմ ասում, որով կողմերը գոնե իրենց դիրքորոշումը պետք է հայտնեին
խաղաղ ճանապարհով այս ծանր խնդիրը լուծելու պատրաստակամության մասին: Եթե, իրոք,
այդպիսի փաստաթուղթ ստորագրվեր, դա կնշանակեր, որ հայկական կողմը ընդունելի է համարում
Ադրբեջանից հնչող կոշտ ու ռազմատենչ, նաեւ այն հայտարարությունները, թե Ադրբեջանն
իր տարածքային ամբողջականության հարցում զիջումների չի գնա: Երկրորդ, դա առիթ էր
դառնալու միջնորդ պետությունների համար, որպեսզի նրանք փորձեին խաղաղարար ուժեր ներգրավել
այս տարածաշրջան՝ հայտարարելով, որ եթե նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվում
խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում, ապա որպես դրա երաշխիք իրենք մտադիր են
պատնեշի նման կանգնել հայերի ու ադրբեջանցիների միջեւ՝ բացառելու հնարավոր բախումները:
Իսկ սա, կարծում եմ, կվնասեր ինչպես Հայաստանին, այնպես էլ տարածաշրջանին ընդհանրապես՝
նկատի ունենալով նաեւ Իրանի հետ կապված տեղի ունեցող զարգացումները»,- փաստարկեց
պարոն Սարգսյանը: Ըստ նրա, «ելնելով այն իրավիճակից, երբ Ադրբեջանը որեւէ
փոխզիջման այսօր պատրաստ չէ, հայկական կողմը պարտադրված էր Բուխարեստում չստորագրելու
կամ համաձայնության չգալու որեւէ փաստաթղթի շուրջ»: Այնպես որ, Ա. Սարգսյանի համոզմամբ,
այսօրվա դրությամբ լավ եղավ, որ Բուխարեստում ոչինչ չեղավ: Ի՞նչ է սպասվում
առաջիկայում, եւ արդյոք կարելի՞ է ասել, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները
փակուղի են մտել: «Ինձ թվում է՝ զարգացումների մի քանի տարբերակ կա: Առաջին. Հայաստանն
այսպես համառորեն պնդելու է իր դիրքորոշումը, որը ես այնքան էլ հայանպաստ չեմ համարում՝
նկատի ունենալով այն, որ Քի Ուեսթում եւ Ռամբույեում արդեն որոշակի զիջումների մերոնք
գնացել են: Համարում եմ, որ դրանք շատ լուրջ նահանջ են եղել, եթե չասեմ՝ ավելին:
Այս դեպքում միջազգային հանրության կողմից հնարավոր են ճնշումներ, որոնք, ըստ իս,
կլինեն հենց Հայաստանի վրա, որովհետեւ Ադրբեջանն այսօր Արեւմուտքին շատ ավելի հետաքրքիր
է, քան Հայաստանը: Դժվարանում եմ ասել, թե ինչ ճնշումներ կլինեն, բայց միջազգային
կազմակերպությունները կարող են կիրառել ցանկացած մեթոդ՝ քաղաքական շանտաժ, տնտեսական
լծակներ եւ պատժամիջոցներ, ընդհուպ մինչեւ, ասենք՝ ՀՀ ներկայիս իշխանություններին
վերջիններիս անօրինականությունները փաստող ինչ-ինչ դոսյեների ներկայացում: Ես ոչինչ
չեմ բացառում»,- կանխատեսեց ՀԴԿ նախագահը՝ համաձայնելով այն դիտարկմանը, որ բանակցություններն,
ըստ էության, փակուղի են մտել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել