Լրահոս
Օրվա լրահոսը

«Լենինի գլուխը քանդակագործի հացն էր»

Հունիս 17,2006 00:00

Հիշում
է մոսկվաբնակ արվեստագետ Գեորգի Հարությունյանը, որն այժմ թագավորական զենք ու զրահ
է պատրաստում: Շուրջ 40 տարի Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցը ԽՍՀՄ հանրապետությունների
հրապարակներում տեղադրված Լենինի 30-ից ավելի քանդակների հեղինակ է: Նա հետաքրքիր
միջադեպեր է հիշում ԽՍՀՄ տարիներին արվեստագետներին թելադրված «կարգուկանոնից» ու
դժվարություններից: – Լենինի գլուխներ քանդակելը շահութաբե՞ր գործ էր: –
Որտեղ կա պլան, այնտեղ արվեստ չկա: 17 տարի շարունակ, մի խումբ մասնագետներով ստիպված
էինք գիշեր-ցերեկ աշխատել, որպեսզի հասցնենք պետական պատվերները: Մեզ կարճ ժամանակ
էին տալիս՝ բազմաթիվ լենիններ ձուլելու ու քանդակելու համար: Եթե քանդակագործը այլ
պատվեր չունենար, Լենինի կիսանդրիները բավական էին նորմալ ապրելու համար: Մանավանդ՝
ամեն մի արձանի համար 5 հազար ռուբլի էին տալիս: – Չէի՞ք ձանձրանում անընդհատ
նույն ֆիգուրը կերտելուց: – Ձանձրույթը մեղմ է ասված: Սոսկալի էր… օրական
10 ժամ կողք կողքի բոլորը խփում են, ականջակալներ էլ չէին թույլատրում կրել: Ժամանակին
շատ եմ չարչարվել Լենին ձուլելիս: – Իսկ ձեր հայ լինելը չէ՞ր խանգարում կարիերային:
– Իմ կյանքում միշտ էլ ճնշումներ եղել են: Մոսկվայում դժվարությամբ եմ հաստատվել,
չունեի մշտական գրանցում, ազգային անվտանգությունը 4 տարի ինձ հետապնդում էր: Իսկ
Գյումրիից հեռացա այն պատճառով, որ իմ հայրենիքում էլ ազատ չէի, աշխատանքի չէին վերցնում:
Մանկությունս էլ է դաժան եղել,10 տարեկան էի, երբ մեր ընտանիքին Սիբիր աքսորեցին:
Աչքիս առաջ քույրս ու եղբայրս մահացան: Դպրոցը Սիբիրում ավարտելուց հետո վերադարձանք
Գյումրի, ուր չհասկացվեցի ու հեռացա Մոսկվա: Այնտեղ սկզբում էլեկտրիկ էի աշխատում:
Դիպվածով ծանոթացա հայտնի մտավորականների հետ, ու կյանքս միանգամից փոխվեց: Հատկապես
ճակատագրական էր հանդիպումը Նիկոլայ 2-րդի քանդակի հեղինակ Վյաչեսլավ Կիլիկովի հետ:
Իմ մասնագիտական առաջին փուլը անցկացրել եմ նրա արվեստանոցում: Ափսոսում եմ, որ,
որպես Սիբիր աքսորվածի, ինձ Սեչենովի անվան բժշկական ինստիտուտ չընդունեցին, բայց
չեմ փոշմանել քանդակագործ դառնալու համար: Վա՞տ է, որ Նատալյա Սատի հետ եմ շփվել
ու նրա անվան մանկական երաժշտական թատրոնի դիմաց տեղադրված «Կապույտ թռչունն» եմ
քանդակել: – Ներկայումս ինչո՞վ եք զբաղվում: – Այժմ Ռուսաստանում հայ
թագավորների հագուստն ու զրահը վերարտադրելով եմ զբաղված: Լարերից գործած մի օղազրահը
15 կգ քաշ ունի եւ բաղկացած է 18 հազար օղակից: Այս աշխատանքի նկատմամբ արդեն մեծ
հետաքրքրություն կա Մոսկվայում: Պատրաստվում եմ նմանատիպ մի քանի աշխատանքներ եւս
պատրաստել ու մեծ ցուցահանդես կազմակերպել Մոսկվայում: ՆՈՒՆԵ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել